Հա

Քաղաքական

11/11/2019 - 14:30

«Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի». Նախագահը՝ Ռաֆսանջանում

Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութեան դէպքում, Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին Ռաֆսանջանում, ժողովրդական հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի շարունակութեան դէպքում, Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին Ռաֆսանջանում, ժողովրդական հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Չափաւորութիւնը, արդարամտութիւնը, հեռատեսութիւնը եւ իրատեսութիւնը պէտք է կարեւորւեն նոյնքան, ինչքան՝ իդէալները: Սա շատ կարեւոր հանգամանք է:

Երկրի եւ հասարակութեան շահերից ելնելով, մենք 6 երկրի հետ ստորագրեցինք մի համաձայնագիր (Միջուկային համապարփակ համաձայնագիր-ԽՄԲ.), այս ընթացքում, սակայն, երկրներից մէկը խախտեց պայմանաւորւածութիւնը եւ դուրս եկաւ համաձայնագրից: Մենք ընտրութեան մի քանի հնարաւորութիւն ունէինք, մի խումբ կոչ էին անում միանգամից դուրս գալ համաձայնագրից, մի խումբ համոզւած էին, որ ցանկացած գնով պէտք է մնալ համաձայնագրում, իսկ մի խումբ էլ առաջարկում էին ընտրել միջանկեալ տարբերակը: Մեր փորձից ելնելով, մենք ընտրեցինք միջանկեալ տարբերակը:

Իրանի եւ Ռաֆսանջանի սիրելի ժողովուրդը թող իմանան, որ Միջուկային գործարքի շարունակութեան դէպքում, յաջորդ տարի մենք կը հասնենք քաղաքական, անվտանգային եւ պաշտպանական մեծ նպատակի»,- ասել է նախագահը՝ յիշեցնելով, որ ՄԱԿ-ի բանաձեւի արդիւնքում, տարիներ շարունակ Իրանի համար սահմանւած էր սպառազինութեան էմբարգօ, եւ Իրանը զրկւած էր զէնքի առք ու վաճառքի հնարաւորութիւնից:

«Սակայն ՄԱԿ-ի 2231 բանաձեւի համաձայն, Միջուկային համաձայնագրի շարունակութեան դէպքում, Իրանի սպառազինութեան էմբարգոն կը հանւի յաջորդ տարի, եւ մենք կը կարողանանք հեշտութեամբ զէնք գնել եւ վաճառել, եւ սա համաձայնագրի կարեւոր ձեռքբերումներից մէկն է»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Կարող ենք հէնց այս պահին դուրս գալ գործարքից, բայց չենք կարողանայ հասնել այն նպատակին, որը մեր առջեւում է, եւ բացի դա, կը վերականգնւեն Անվտանգութեան խորհրդի հակաիրանական բանաձեւերը: Այսպիսով, մենք պէտք է մտածենք այն մասին, թէ որն է երկրի շահը:

Հիմա, երբ մեր շահերից ելնելով պէտք է մնանք գործարքում, արդեօք երբ միւսները որեւէ քայլ չեն ձեռնարկում, եւ չեն իրագործում համաձայնագիրը, մենք պէ՞տք է միակողմանիօրէն եւ 100 տոկոսվ կատարենք մեր պարտաւորութիւնները, սա եւս անընդունելի է մեզ համար»,- ասել է նախագահը՝ եզրակացնելով. «Ուրեմն մենք ընտրեցինք միջանկեալ ուղին, պահպանել Միջուկային համաձայնագիրը, միեւնոյն ժամանակ աստիճանաբար կրճատելով մեր ստանձնած պարտաւորութիւնների իրագործումը: Սա ճիշտ ուղին է, եւ այսօր մեր միջուկային կարողութիւնն աւելի հզօր է, քան երբեւէ, քանի որ այս ընթցքում մենք աշխատել ու զարգացել ենք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։