Հա

Քաղաքական

12/11/2019 - 13:50

«Իւարքանչիւր գործարան, որը շահագործման յանձնւեց, Միջուկային գործարքի շնորհիւ էր». Հանրապետութեան նախագահը՝ շահագործման յանձնւած նոր ձեռնարկութիւնների մասին

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 12-ին մասնակցել է Քերման նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 12-ին մասնակցել է Քերման նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով երկրի կացութեանը, նախագահը նշել է, որ երկիրը նորմալ իրավիճակում չէ, եւ գտնւում է բարդ պայմաններում. «Իսլ. յեղափոխութեան յաղթանակից ի վեր, ամենաբարդ տարիները վերջին օրերն ու ամիսներն են եղել: Քանի որ յեղափոխութեան սկզբից ի վեր մենք երբեւէ նաւթի վաճառքի եւ լցանաւերի տեղաշարժի համար նման բարդութիւններ չենք ունեցել»,- ասել է նախագահը:

«1390-91 թթ. նաւթարդիւնաբերութեան ոլորտի վրայ պատժամիջոցների ճնշման արդիւնքում, նաւթի արտահանումը կրճատւեց: Միջուկային գործարքից յետոյ նաւթի արտահանումը 1 մլն բարելից հասաւ 2 մլն 800 հազար բարելի, եւ 1394 թ. 800 մլն դոլար յատկացրեցինք նաւթահորերի վերագործարկման համար: Արդիւնքում, 1395 թ. արտահանման ամենաբարձր ցուցանիշը գարնցեցինք, եւ Իրանն այդ տարի ամենաբարձր տնտեսական աճը գրանցեց աշխարհում»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Ըստ նրա՝ երկիրը ղեկավարելու համար տարեկան անհրաժեշտ է 450 հազար մլրդ թուման բիւջէ, որի գոյացումը նաւթի վաճառքի հետ կապւած խնդիրների պայմաններում խիստ բարդանում է. «Երբ երկիրը նաւթի վաճառքի հետ կապւած խնդիրներ ունի, ապա ինչպէ՞ս պէտք է ղեկավարել երկիրը»,- հռետորական հարց է բարձրացրել նախագահը՝ նշելով, որ առանց ֆինանսների առկայութեան անհնար է որեւէ քայլ ձեռնարկել:

«Եթէ այսօր մենք նորմալ պայմաններում լինէինք, միջին հաշւով տարեկան պէտք է 60 մլրդ դոլար նաւթ վաճառէինք, իսկ եթէ 1 դոլարը 10 հազար թուման հաշւարկենք, ապա վաստակելու էինք 600 հազար մլրդ թուման»,- ասել է նա:

Երկրի բիւջէի համալրման գործում, Հանրապետութեան նախագահը կարեւորել է հարկային մուտքերը, նշելով, որ առաջիկայ տարւայ համար հարկային մուտքերի ծաւալը նախատեսւում է 150 հազար մլրդ թուման, իսկ մաքսային վճարներինը՝ 220 հազար մլրդ թուման:

«Այժմ, չնայած բոլոր ջանքերին, կառավարութեան եկամուտների միայն 30 տոկոսն է գոյանում հարկերից եւ մաքսային վճարներից, մինչդեռ այլ երկրներում հարկային եւ մաքսային եկամուտները կազմում են պետական գանձարկղի 80-100 տոկոսը»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ ռիալային եկամուտներից բացի, երկիրը արտարժոյթի խիստ կարիք ունի, քանի որ որոշ ապրանքների, այդ թւում նաեւ՝ առաջին անհրաժեշտութեան մի շարք կարեւոր ապրանքների, ներառեալ՝ դեղորայքի եւ որոշ ծառայութիւնների համար պէտք է վճարել դոլարով, որոնց համար տարեկան անհրաժեշտ է 50-60 մլրդ դոլար:

Նման պայմաններում նախագահը կարեւորել է ժողովրդին չյուսահատեցնելը՝ նշելով, որ ժողովրդի յուսախաբութիւնը հէնց այն է, ինչ թշնամին է ցանկանում:

«Սա թշնամու ուղին է, որ մի խումբ կամ մի անձ, մի ողջ ժողովրդի ասեն, թէ դուք սխալ էք, իսկ փոքր խումբը ճիշտ է»,- ընդգծել է նա:

Նախագահը նշել է, որ կառավարութիւնն անում է հնարաւոր ամէն ինչ ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար, եւ վստահեցրել է, որ գործադիրը կանի ամէն ինչ, որպէսզի հնարաւորինս նւազեցնի տնտեսական ճնշումների ազդեցութիւնը ժողովրդի կենսամակարդակի վրայ:

Իր խօսքն ուղղելով ժողովրդին, դոկտ. Ռոհանին ասել է. «Կառավարութեան եւ համակարգի ընտրած ուղին ճիշտ է: Դուք բազմաթիւ դժւարութիւններ ունէք, դուք իրաւացի էք, բայց այս պայմաններն ստեղծւել են թշնամիների կողմից եւ մենք նախաձեռնողը չենք եղել: Մենք գիշեր ու ցերեկ փորձում ենք պահպանել Միջուկային գործարքը, ոմանք ասում են, թէ եթէ այն չեղարկւի ինչ կը պատահի, սա այն դէպքում, երբ 14 տարի աշխատել ենք դրա կայացման համար, դա մենք գիտենք»:

Ակնարկելով Եազդ եւ Քերման նահանգներ կատարած իր այցերի ընթացքում շահագործման յանձնւած ձեռնարկութիւններին, նախագահն նշել է, որ այդ բոլորը Միջուկային գործարքի շնորհիւ է հնարաւոր դարձել, որի մասին վկայել են նաեւ յիշեալ ձեռնարկութիւնների տնօրէնները:

Նախագահը շեշտել է, որ կառավարութիւնը չի շեղւելու իր ընտրած ուղուց, եւ շարունակելու է բաց պահել բանակցութիւնների պատուհանը, միեւնոյն ժամանակ ջանք չխնայելով, առկայ խնդիրների կարգաւորման համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։