Հա

Քաղաքական

04/12/2019 - 13:10

Նախագահը ներկայացրել է ԱՄՆ նախկին նախագահի հետ հեռախօսազրոյցի մանրամասները

Ապահովագրութեան ազգային 26-րդ խորհրդաժողովի ժամանակ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադարձել է 1392 թւականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ իր հեռախօսազրոյցին՝ ներկայացնելով դրա մանրամասները:

«alikonline.ir» - Ապահովագրութեան ազգային 26-րդ խորհրդաժողովի ժամանակ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին անդրադարձել է 1392 թւականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ իր հեռախօսազրոյցին՝ ներկայացնելով դրա մանրամասները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«1392 թւականին, երբ ես Նիւ Եօրքում էի, հեռախօսազրոյց ունեցայ ԱՄՆ նախկին նախագահի հետ, բանակցութիւնների վերաբերեալ»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Իմ խորհրդականները եւ ուղեկիցները համոզեցին ինձ պատասխանել ԱՄՆ նախագահի հեռախօսազանգին՝ բանակցութիւնների առաջընթացի համար: Ես տարակուսում էի, բայց բոլոր խորհրդականներս այդ կարծիքին էին, եւ ես ընդունեցի: Արդիւնքում, վերջին պահին, երբ ես մեկնում էի Նիւ Եօրքից, ԱՄՆ նախագահը զանգահարեց ինձ, եւ ես պատասխանեցի»:

Հանրապետութեան նախագահը նշել է, որ ընդամենը 15-20 րոպէ տեւած այդ հեռախօսազրոյցը դարձել է բանակցութիւնների գնացքի շոգեքարշը, որի ընթացքում յստակեցւել է ապագայ բանակցութիւնների շրջանակը. «Այս հեռախօսազրոյցում նա բարձրացրեց երեք հարց, ասացի նրան, որ մենք պատրաստ չենք բանակցել երեք հարցի շուրջ, բայց եթէ առաջին հարցի շուրջ, որը միջուկային է, բանակցութիւնները կայացան եւ դուք դա ճիշտ գործեցիք, նախ երկրորդ հարցը, ապա երրորդը կը ներառւեն բանակցութիւնների օրակարգում»,- ասել է դոկտ. Ռոհանին: 

Նա յիշեցրել է, որ հէնց այդ հեռախօսազրոյցի արդիւնքում հնարաւոր դարձաւ ընդամենը 100 օրւայ ընթացքում հասնել Ժնեւի ժամանակւոր համաձայնութեանը, որի արդիւնքում ժամանակաւորապէս սառեցւեցին ամենատարբեր ոլորտներում սահմանւած բազմաթիւ պատժամիջոցներ, եւ բանկերում սառեցւած ակտիւներից ամսական 700 մլն. դոլար փոխանցւեց Իրանին: 

«Ամենամեծ ձեռքբերումն ուրանի հարստացման Իրանի իրաւունքի ճանաչումն էր: Ոչ ոք չէր հաւատում, որ այդ բանակցութիւններում մենք կարող ենք աշխարհի 6 գերտէրութիւններից ստանալ այն, որ Իրանն իրաւունք ունի իր տարածքում հարստացնել ուրանը՝ հակառակ այն ինչի, որ ասւում էր ՄԱԿ-ի բանաձեւերում»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Բանակցութիւնների յաջորդ փուլում մեր նպատակը, որին, ի դէպ թերահաւատօրէն էին մօտենում շատ մասնագէտներ՝ դա համարելով անհնար, այն էր, որ բանակցութիւնների աւարտին չեղարկւեն ՄԱԿ-ի կանոնանդրութեան 7-րդ յօդւածի շրջանակում ընդունւած բոլոր բանաձեւերը: Միջազգային իրաւունքի փորձագէտներն ասում էին, որ անհնար է ՄԱԿ-ի ընդունած 6 բանաձեւը, որոնք մենք մէկ օր անգամ չէինք իրագործել, միանգամից չեղարկւի ՄԱԿ-ի կողմից: Բայց դա տեղի ունեցաւ, եւ չեղարկւեցին մեր դէմ պատժամիջոցներ սահմանած բանաձեւերը»: 

Նախագահը նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի արդիւնքում հսկայական վերափոխում տեղի ունեցաւ, եւ Իրանում ներդրումների ծաւալը կտրուկ աւելացաւ: 

Ըստ նրա՝ ստեղծւած իրավիճակը ենթադրում էր, որ անհրաժեշտ է ցանկացած գնով պահպանել գործարքը, եւ թոյլ չտալ, որ Իրանը խախտի այն. «Մենք յստակեցրինք, որ եթէ այն պէտք է խախտւի, ապա դա չպէտք է տեղի ունենայ Իրանի միջոցով: Համաձայնագիրը պահպանելու համար, կառավարութիւնը բազմաթիւ դժւարութիւններ դիմագրաւեց, մինչ այն պահը, երբ փոխւեց ԱՄՆ կառավարութիւնը եւ նոր անձնաւորութիւն գործի գլուխ անցաւ»,- ասել է նա: 

Դոկտ. Ռոհանին նշել է, թէ գիտակցում էր, որ եթէ պատասխանի ԱՄՆ նախագահի հեռախօսազանգին, ապա ինչպիսի քննադատութեան է ենթարկւելու որոշ ծայրայեղականների կողմից, սակայն գիտակցելով, ժողովրդի դէմ ստանձնած պարտաւորութիւնների իրագործման անհրաժեշտութիւնը, գնացել է այդ քայլին: 

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Միջուկային գործարքից դուրս գալու որոշմանը, նախագահը նշել է, որ դա ԱՄՆ իշխանութիւնների ծայրայեղական թեւի, սիոնիստների եւ Սաուդական Արաբիայի սադրանքի արդիւնքն էր, որոնց յաջողւեց խաբել նախագահ Թրամփին՝ նրան համոզելով, որ եթէ ԱՄՆ-ը դուրս գայ համաձայնագրից, եւ վերականգնի պատժամիջոցները, ապա Իրանը չի դիմանայ ճնշումներին, եւ համակարգը կը փլուզւի, իսկ դա մեծ յաղթանակ կը լինի նրա համար:  

Դոկտ. Ռոհանին նշել է, որ Նիւ Եօրք կատարած իր վերջին այցի ընթացքում, միւս երկրների ղեկավարները փորձել են համոզել իրեն, հանդիպելու Թրամփի հետ՝ նշելով, որ դրա արդիւնքում կարող են չեղարկւել բոլոր պատժամիջոցները: Նա, սակայն, չի ընդունել առաջարկը:  

«Մենք, սակայն, ցանկանում էինք չէզոքացնել այս դաւադրութիւնը, աշխարհին փաստելով, որ մենք խնդիր չունենք հանդիպելու, եւ եթէ ԱՄՆ նախագահը չեղարկի պատժամիջոցները, ես նրան կը հանդիպեմ մէկ ժամ անց, ոչ թէ երկու օր անց: 5+1-ի բոլոր երկրների ղեկավարները Նիւ Եօրքում են, եւ մենք կարող ենք հանդիպել: Այսպիսով, մենք չէզոքացրեցինք դաւադրութիւնը, եւ բոլորն ասացին, որ դա տրամաբանական է»,- ասել է նախագահը: 

Նա յստակեցրել է, որ այն պահին, երբ չեղարկւեն բոլոր պատժամիջոցներն ինքը պատրաստ է հանդիպել 5+1-ի ղեկավարների հետ, եւ այդ առումով Իրանը որեւէ խնդիր չունի. «Բոլորի համար պէտք է պարզ դառնայ, որ պատժամիջոցների խնդրում, մենք նախաձեռնողը չենք եղել, մեղաւորը մենք չենք, մենք կամակորութիւն չենք անում»,- եզրափակել է նախագահը:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։