Հա

Քաղաքական

11/12/2019 - 14:10

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը կտրուկ արձագանքել է Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի 40-րդ նստաշրջանի հրապարակած յայտարարութեանը

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի 40-րդ նստաշրջանի հրապարակած յայտարարութիւնը, այն որակելով որպէս սխալ եւ չմտածւած քաղաքականութիւն, որի համար պէտք է պատասխան տան հանրային կարծիքի առջեւ:

«alikonline.ir» - Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի 40-րդ նստաշրջանի հրապարակած յայտարարութիւնը, այն որակելով որպէս սխալ եւ չմտածւած քաղաքականութիւն, որի համար պէտք է պատասխան տան հանրային կարծիքի առջեւ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Մուսաւին նշել է, որ շարունակւող քաղաքական կեղծ օրակարգ թելադրող եւ տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերն աւելացնող երկրների գործողութիւնները, միայն նպաստել են տարածաշրջանում, այդ թւում՝ Եմէնում, Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական խմբաւորումների զարգացմանը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցչի համոզմամբ՝ այդ յայտարարութիւնը, նոյն խորհրդին անդամակցող մի քանի երկրների մանիպուլացիայի հետեւանք է, ինչը նրա խօսքով՝ արդէն շարունակւում է տասնամեակներ եւ խոչնդոտում Պարսից ծոցի երկրների բազմակողմ համագործակցութեան կայացմանը:

Մուսաւին հաւաստիացրել է, որ նման անհեռատես քաղաքականութեան կիրառման հետեւանքով տարածաշրջանում աւելացել է, ե՛ւ օտար ուժերի միջամտութիւնները, ե՛ւ հարստութեան թալանը:

ԱԳՆ մամլոյ խօսնակը կարծում է, որ խորհրդին անդամակցող մի քանի երկրներ ցանկանում են Իրանին զրկել տարածաշրջանի երկրների հետ անվտանգութեան եւ կայունութեան ապահովման շուրջ իրականացւող հնարաւոր համագործակցութիւնից, ինչն էլ ըստ նրա՝ անհրաժեշտ է անյապաղ կասեցնել:

«Իրանը տարիներ շարունակ տարածաշրջանում պատասխանատու քաղաքականութիւն է վարել»,- շեշտադրել է Մուսաւին՝ յիշեցնելով Պարսից ծոցի տարածքում անվտանգութեան եւ կայունութեան ապահովման նպատակով Իրանի ներկայացրած խաղաղութեան նախագծի առկայութեան փաստը:

Մուսաւին յստակեցրել է, որ  Պարսից ծոցի եռեակ կզիների՝ Մեծ ու Փոքր Թոմբերի եւ Աբումուսայի պատկանելիութեան հարցը քննարկման ենթակայ չէ: Նա մերժել է դրա շուրջ ծաւալւող խօսակցութիւնները եւ դրանք որակել Իրանի տարածքային եւ ներքին ինքնիշխանութեան միջամտութեան շուրջ ծաւալւող գործողութիւններ:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի 40-րդ նստաշրջանի շրջանակում Միջուկային համապարփակ համաձայնագրի առնչութեամբ արւած յայտարարութիւնները որակել է իրբեւ պատմական կատակերգութիւն, եւ գործարքի ձախողման մոտիւացիան հետապնդող երկրների քաղաքականութեան շարունակութիւն:

Նա, միեւնոյն ժամանակ, յաւելել է. «Իսկ հիմա նոյն այդ երկրները բողոքում են Իրանի օրինական գործողութիւնների դէմ»:

Մուսաւին նաեւ այդ ամէնը դիտարկել է ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ կիրառած տնտեսական ահաբեկչութեան քաղաքականութեան համատեքստում, ինչը նրա համոզմամբ՝ խաթարում է տարածաշրջանային երկրների հարեւանութեան քաղաքականութեան կայացմանը:

Մուսաւին վերջում Պարսից ծոցի համագործակցութեան խորհրդի երկրներին ստափեցման կոչ է արել եւ զգուշացրել, որ նման քաղաքական կեղծ օրակարգը աւելացնում է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։