Հա

Քաղաքական

22/12/2019 - 09:00

«Իրանը եւ Ճապոնիան պատժամիջոցները շրջանցելու նոր առաջարկներ ունեն». Ռոհանին՝ Թեհրան վերադարձից յետոյ

Մալայզիաի եւ Ճապոնիա կատարած այցերից յետոյ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան Թեհրան է վերադարձել: «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում, նախագահն ամփոփել է Արեւելեան Ասիա ուղեւորութեան արդիւնքները:

«alikonline.ir» - Մալայզիաի եւ Ճապոնիա կատարած այցերից յետոյ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ երեկոյեան Թեհրան է վերադարձել: «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանում, նախագահն ամփոփել է Արեւելեան Ասիա ուղեւորութեան արդիւնքները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ Կուալա Լումպուրի գագաթաժողովն իսլամական աշխարհի ղեկավարների եւ մտաւորականների հանդիպման նոր ձեւաչափ էր, որի ընթացքում քննարկւել են իսլամական աշխարհի զարգացման հնարաւորութիւնները եւ ուղիները:

«Դրանից բացի, կարեւոր հանդիպում անցկացւեց Իրանի, Կատարի, Թուրքիայի եւ Մալայզիայի ղեկավարների մասնակցութեամբ, որի ընթացքում դրական պայմանաւորւածութիւններ ձեռք բերւեցին չորս երկրների համագործակցութեան վերաբերեալ: Իհարկէ, որոշում ընդունւեց այլ երկրների եւս հրաւիրել համագործակցելու յատկապէս նոր տեխնոլոգիաների եւ արդիւնաբերութեան ոլորտներում»,- ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մուհամմեդը ցանկութիւն է յայտնել այցելել Իրան:

Անդրադառնալով Ճապոնիա կատարած այցին, դոկտ. Ռոհանին նշել է, որ վարչապետ Աբէի հետ տարբեր ձեւաչափերով հանդիպումների ընթացքում, որոնք աւելի քան 4 ժամ են տեւել, երկկողմ յարաբերութիւններից բացի, քննարկւել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր հարցեր: Յատուկ ուշադրութիւն է դարձւել յատկապս ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների թեմային. «Ճապոնացիները պատժամիջոցները շրջանցելու վերաբերեալ նոր առաջարկ ունէին, մենք եւս նոր առաջարկ ունէինք: Քննարկեցինք դրանք, եւ որոշւեց շարունակել խորհրդակցութիւններն այդ կապակցութեամբ»,- ասել է նա:

Նախագահը տեղեկացրել է, որ ճապոնական կողմի հետ քննարկել է նաեւ էներգետիկ անվտանգութեան հարցը, որը չափազանց կարեւոր է այդ երկրի համար:

Ըստ նրա՝ պաշտօնական Տոկիոն աջակցում է Իրանի առաջարկած Հորմոզի խաղաղութեան նախագծին, եւ այդ մասին պաշտօնապէս յայտարարել է նաեւ այցի ընթացքում: Բացի դա, ճապոնացիները յայտարարել են, որ չեն պատրաստւում մասնակցել Պարսից ծոցի անվտանգութեան ապահովման վերաբերեալ ԱՄՆ-ի ծրագրին, ինչն էլ ողջունել է Թեհրանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։