Հա

Քաղաքական

11/01/2020 - 14:30

«Մենք ստանձնում ենք ողջ պատասխանատւութիւնը». Գեներալ Հաջիզադէն՝ ուկրայինական ինքնաթիռի աղէտի մասին

Աղէտի մասին լուրը լսելուց յետոյ, երբ վստահացայ թէ ինչ է պատահել, մեռնել ցանկացայ: Այս մասին այսօր՝ յունւարի 11-ին, ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ հրաւիրւած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ մայոր Ամիր Ալի Հաջիզադէն:

«alikonline.ir» - Աղէտի մասին լուրը լսելուց յետոյ, երբ վստահացայ թէ ինչ է պատահել, մեռնել ցանկացայ: Այս մասին այսօր՝ յունւարի 11-ին, ուկրայինական ինքնաթիռի աղէտի վերաբերեալ հրաւիրւած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահակազօրի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ մայոր Ամիր Ալի Հաջիզադէն:

Նա նշել է, որ իր ղեկավարութեան ներքոյ գտնւող կառոյցը ստանձնում է միջադէպի ողջ պատասխանատւութիւնը, եւ կը հնազանդւի ղեկավարութեան կայացրած ցանկացած որոշման:

Անդրադառնալով միջադէպի մանրամասներին, բարձրաստիճան զինւորականը նշել է, որ դէպքի պահին իրավիճակը չափազանց լարւած էր, եւ երկրի ԶՈՒ-ը, այդ թւում՝ հակաօդային պաշտպանութեան ուժերը բերւած էին պատրաստւածութեան ամենաբարձր մակարդակի:

Դէպքի պահին, ըստ նրա՝ տեղեկութիւն էր ստացւել այն մասին, որ թշնամին կրուզ տեսակի մի քանի հրթիռ է արձակել Իրանի ուղղութեամբ, իսկ «Էմամ Խոմէյնի» միջազագյին օդանաւակայանի տարածքի մօտ գտնւող Պահակազօրի ՀՕՊ կէտերից մէկն, իր ռադարի էկրանին հաւաստանշելով ինքնաթիռը, դրան կրուզ հրթիռ է պատկերացնում, ինչն էլ մարդկային սխալների շարքի առաջին օղակն է:

«Նման իրավիճակում օպերատորը պէտք է կապւէր համապատասխան կենտրոն, եւ հրթիռ արձակելու թոյլտւութիւն ստանար: Օպերատորի մեծ վրիպումը կայանում է հէնց դրանում: Ըստ երեւոյթի, անսարքութեան, կամ էլ համակարգի ծանրաբեռնւածութեան պատճառով, նրան չի յաջողւում կապ հաստատել: Որոշում կայացնելու համար օպերատորն ունեցել է ընդամենը 10 վայրկեան ժամանակ, եւ նա այդ ընթացքում ամենավատ որոշումն է կայցրել՝ խոցելով ուղեւորատար ինքնաթիռը»,- ասել է գեներալ Հաջիզադէն:

Անդրադառնալով, դէպքին հետեւած այն յայտարարութիւններին, որոնք բացառում էին ինքանթիռը ՀՕՊ արձակած հրթիռի միջոցով խոցելու տարբերակը, գեներալ Հաջիզադէն նշել է, որ դրանք հիմնւած են եղել այդ պահի դրութեամբ առկայ ինֆորմացիայի հիման վրայ:

Նա կրկին հաստատել է, որ դէպքը տեղի է ունեցել մարդկային սխալի պատճառով, եւ միտումնաւոր չի եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։