Հա

Քաղաքական

14/01/2020 - 12:50

«Ինքնաթիռի վթարը քննելու համար պէտք է ստեղծւի յատուկ դատարան». Հանրապետութեան նախագահ

Ինքնաթիռի վթարը քննելու համար, դատական ուժը պէտք է ստեղծի յատուկ դատարան, բարձրաստիճան դատաւորի եւ տասնեակ փորձագէտների մասնակցութեամբ: Այս մասին այսօր՝ յունւարի 14-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Ինքնաթիռի վթարը քննելու համար, դատական ուժը պէտք է ստեղծի յատուկ դատարան, բարձրաստիճան դատաւորի եւ տասնեակ փորձագէտների մասնակցութեամբ: Այս մասին այսօր՝ յունւարի 14-ին յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Գիւղատնտեսութեան ոլորտի առաջատարների մեծարման միջոցառմանն իր ելոյթի ընթացքում, նախագահը կրկին անդրադարձել է ուկրայինական ինքնաթիռի վթարին. «Այն պահից, երբ ես ենթադրեցի, որ վթարը նորմալ չի կարող լինել, մեծ ջանքեր գործադրեցի հետաքննութեան ընթացքն արագացնելու համար, որպէսզի մենք յստակ իմանանք, թէ ինքնաթիռն ինչու է կործանւել»,- ասել է նա:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ ԶՈՒ-ն անվերապահօրէն աջակցել է հետաքննութեան ընթացքին, իսկ այն պահին, երբ արդէն յստակ է դարձել, որ ինքնաթիռը խոցւել է աններելի սխալի պատճառով, ինքը յանձնարարել է, որ այդ մասին անմիջապէս տեղեկացնեն հանրութեանը:

Նա վստահեցրել է, որ կառավարութիւնը ջանք չի խնայի միջադէպի բոլոր ծալքերը պարզելու համար:

«Ինքնաթիռի վթարը քննելու համար, դատական ուժը պէտք է ստեղծի յատուկ դատարան, բարձրաստիճան դատաւորի եւ տասնեակ փորձագէտների մասնակցութեամբ: Սա շարքային դէպք չէ: Ողջ աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած է լինելու մեր այս դատարանի վրայ»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նախագահը նշել է, որ ինքը մասամբ ծանօթ է հակաօդային պաշտպանութեան համակարգին, եւ գտնում է, որ դէպքը չի կարող միայն մէկ հոգու մեղքով տեղի ունեցած լինել:

Նա խնդրին առընչւող բոլոր պատասխանատուներին կոչ է արել, ողջ գործընթացը ներկայացնել ժողովրդին. «Չորեքշաբթի առաւօտեան, երբ դէպքը տեղի ունեցաւ, մինչ ուրբաթ երեկոյեան, երբ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նիստ հրաւիրւեց: Այս գործընթցաը պէտք է ներկայացւի ժողովրդին»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Ողջ ժողովուրդն է սգում, եւ նրանք ցանկանում են իմանալ, որ երկրի ղեկավարները գործե՞լ են արդեօք օրէնքի եւ բարոյականութեան սահմաններում, թէ՞ ոչ: Ես որպէս ժողովրդի ներկայցուցիչ եւ նախագահ հետեւելու եմ այս հարցին, եւ փուլ առ փուլ, բոլոր արդիւնքները ներկայացնելու եմ նրանց»:

«Կառավարութիւնը պատասխանատւութիւն է կրում սեփական, եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, ովքեր աղէտի զոհ են դարձել, եւ կատարելու է իր իրաւական բոլոր պարտաւորութիւնները: Սակայն, առաւել կարեւորը ժողովրդի վստահութիւնն է: Նրանք պէտք է վստահ լինեն, որ այս դէպքը չի կրկնւելու: Մեր ժողովրդի եւ միջազգային հանրութեան համար, կարեւորն Իրանի երկնքի եւ աւիացիայի անվտանգութիւնն է, իսկ դա պահանջում է կանոնակարգերի, հրամանագրերի եւ գործելաոճի վերանայում»,- եզրակացրել է նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։