Հա

Քաղաքական

14/01/2020 - 14:30

Կարէն Խանլարեանը ելոյթով հանդէս է եկել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների վերաբերեալ գիտաժողովում

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հասարակական եւ մշակութայն վարչութեան նախաձեռնութեամբ այսօր՝ յունւարի 14-ին, «Կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որպէս սոցիալական արդարութեան իրացման օրինակ» խորագրով գիտաժողով է անցկացւել:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հասարակական եւ մշակութայն վարչութեան նախաձեռնութեամբ այսօր՝ յունւարի 14-ին, «Կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներն Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որպէս սոցիալական արդարութեան իրացման օրինակ» խորագրով գիտաժողով է անցկացւել:

Գիտաժողովին ելոյթով հանդէս է եկել նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Իր ելոյթում պատգամաւորը նշել է, որ Իրանն աւելի քան երկու հազարամեակ Աստւածային կրօնների հետեւորդների եւ տարբեր ազգութիւնների ներկայացուցիչների ապաւէնն է եղել, որի հիւրընկալ գրկում նրանք խաղաղ գոյակցել են կողք-կողքի:

Դրա վառ օրինակն ըստ նրա՝ իրանահայութիւնն է. «Հայերն ունեն մօտ 4000 տարւայ քաղաքակրթութիւն, եւ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնէութիւնը, որպէս երկրի պաշտօնական կրօն 301 թւականին՝ Հռոմէական կայսրութիւնից հինգ տարի առաջ: Հայերն Իրան են եկել շուրջ 1000 տարի առաջ, պարբերաբար գաղթերի ընթացքում, եւ ձեւաւորել են իրենց գաղութները: 11-րդ դարում, սելջուկների Հայաստան ներխուժումից յետոյ, գաղթի առաջին ալիքն է տեղի ունեցել: Երկրորդ ալիքը տեղի է ունեցել Սեֆեանների շրջանում, շուրջ 410 տարի առաջ, իսկ երրորդ ալիքը՝ 1915 թւականին, Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ ներկայ պահին Իրանում ապրում է աւելի քան 100 հազար հայ, որոնք ունեն իրենց եկեղեցիները, դպրոցները, մարզամշակութային միութիւնները, մամուլը եւ ազգային կառոյցը: 

«Նման պայմաններում, իրանահայ համայնքի ներկայացուցիչներն ակտիւ ներգրաււած են Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքական, սոցիալական, տնտեսական, արդիւնաբերական, մշակութային, երաժշտական, թատրոնի, կինոյի եւ սպորտի բոլոր ոլորտներում: Օրինակ, երկրի ռոբոտիկայի հայրը հայ գիտնական, պրոֆեսոր Կարօ Լուկասն է, Իրանի աստղագիտութեան մայրը պրոֆեսոր Ալենուշ Տէրեանն է: Պրոֆեսոր Յարութիւն Դաւթեանն Իրանի Գիտութիւնների ակադեմիայի մնայուն դէմքերից է: Պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանի անունն աշխարհի ժամանակակից 100 ամենամեծ մաթեմատիկոսների ցանկում է, եւ պրոֆեսոր Գէորգ Կարապետեանը ներառւած է աշխարհում ամենաշատ գիտական յօդւածաների յեղինակողների ցուցակում: Իսկ արւեստի ասպարէզում կարող ենք նշել Լորիս Ճգնաւորեանի, Ռազմիկ Օհանեանը եւ Էդնա Զէյնալեանի անունները»,- ասել է նա: 

Պատգամաւորն Իրանում կրօնական հանդուրժողականութեան եւ խաղաղ գոյակցութեան վառ ապացոյցն է համարել տարբեր կրօնների սրբատեղիների առկայութիւնը՝ յիշեցնելով, որ ԻՒՆԵՍԿՕ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան ջանքերով, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականներում գտնւող հայկական պատմական եկեղեցիները միջազգային գրանցում են ստացել: 

Կարէն Խանլարեանը նշել է, որ կրօնական, մշակութային եւ հասարարկական ազատութիւններից բացի, Իրանի կրօնական փոքրամասնութիւնները, այդ թւում՝ հայերն ունեն նաեւ քաղաքական ազատութիւններ. «Իւրաքանչիւր տարւայ ապրիլին, իրանահայութիւնը երկրի մի շարք քաղաքներում կազմակերպում է երթեր եւ քաղաքական հաւաքներ՝ ոգեկոչելով 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը: Համայնքը վերջին տարիներին նաեւ անցկացրել է խոշոր քաղաքական հաւաքներ՝ բողոքելու տարածաշրջանում ահաբեկչական խմբաւորումների անմարդկային յանցագործութիւնների դէմ»,- ասել է նա: 

Դոկտ. Խանլարեանը նշել է, որ առկայ բոլոր ազատութիւնների կողքին կան նաեւ տնտեսական, մշակութային, իրաւական եւ աշխատանքի ընդունման որոշակի խնդիրներ, որոնց կարգաւորման համար քաղաքացիները ստիպւած են դիմելու պատգամաւորներին: «Նման խնդիրներ անխուսափելի են բոլոր հասարակութիւններում: Միասնական համակարգում ազգերի եւ կրօնների համակեցութեան իդէալական պայմաններն են օրէնքի առկայութիւնը եւ քաղաքացիների հաւատն իրաւական դաշտի արդիւնաւէտութեան նկատմամբ, ինչպէս նաեւ՝ խնդիրների կարգաւորման ու կառավարման մեխանիզմների մշակման նկատմամբ յոյսը»,- ասել է նա՝ ընդգծելով. «Քաղաքական եւ այլ համապետական ​​ընտրութիւններին հայ համայնքի քաղաքացիների մասնակցութեան բարձր մակարդակը վկայում է այդ հաւատի եւ յոյսի մասին»: 

Պատգամաւորը նշել է, որ հպանցիկ ակնարկն իրանահայ համայնքի պայմաններին բաւարար է նշելու համար, որ սոցիալական արդարութեան տեսանկիւնից, Իրանի Իսլամական Հանրապետութեան Սահմանադրութիւնից բխող իրաւական համակարգը, եւ դրա կիրառումը կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ ցանկալի օրինակ է: «Ակնյայտ է, որ նոյնիսկ առանց քաղաքական քարոզչութեան, ուղղակիօրէն անդրադառնալով այդ հասարակութիւններում սոցիալական կեանքի փաստերին, ոչ միայն ձախողւելու է մեր երկրի թշնամիների հակաքարոզչութիւնը, այլեւ դրանք կը նպաստեն տարբեր երկրներում համակեցութեան բարենպաստ եւ համերաշխ պայմանների ձեւաւորմանը»,- եզրափակել է Խանլարեանը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։