Հա

Քաղաքական

04/02/2020 - 08:40

«Իրանը գիտի սպասել, սպասելով յոգնեցնել եւ իր գործն անել». Իրանագէտ

Իրանաամերիկեան լարւած յարաբերութիւնների եւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների մասին Yerkir.am-ը զրուցել է իրանագէտ Ահարոն Վարդանեանի հետ:

«alikonline.ir» - Իրանաամերիկեան լարւած յարաբերութիւնների եւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների մասին Yerkir.am-ը զրուցել է իրանագէտ Ահարոն Վարդանեանի հետ:

 

- Պարոն Վարդանեան, ինչպէս նկատեցինք, գեներալ Սոլէյմանիի սպանութեանը յաջորդող օրերին մերձիշխանական թեւը հանդէս էր գալիս որոշ ամերիկամէտ դիրքորոշմամբ: Դա որեւէ կերպ կարո՞ղ է ազդել յարաբերութիւնների հետագայ զարգացումների վրայ:

- Անկեղծ ասած չգիտեմ որն է «մերձիշխանական թեւը», բայց հայ-իրանական յարաբերութիւնները մի օրւայ կամ նոյնիսկ 30 տարւայ պատմութիւն չէ, որ ունեն, այդ յարաբերութիւնները գալիս են դարերի խորքից, նրանք թրծւել են պատմութեան թոհուբոհի մէջ, նոյնիսկ պատերազմներ ենք ունեցել միմեանց դէմ, այնպէս որ այդ յարաբերութիւնները խաթարելն այդքան էլ հեշտ գործ չէ։

Հայաստանում պէտք է գիտակցեն, որ Իրանը մեր համար կենսական նշանակութիւն ունեցող երկիր է, մեր բնական դաշնակիցը, արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհներից մէկ։ Արցախեան պատերազմի օրերին հայ-իրանական սահմանը համարւել է կեանքի ճանապարհ, որովհետեւ միակ բաց սահմանն է եղել, իհարկէ, երբ Իրանն է գտնւել պատժամիջոցների ճնշման տակ, Հայաստանն էլ այդ ժամանակ է օգնութեան ձեռք մեկնել, այսինքն` հայ-իրանական յարաբերութիւնները նոյնիսկ ժամանակակից փուլում է աշխարհաքաղաքական փորձութիւնների ենթարկւել, բայց դա ամենեւին չի ազդել վերջինիս վրայ։

Մի բան էլ պէտք է հաշւի առնել․ եթէ իրանական կողմին ինչ-որ բաներ դուր չեն գալիս, ապա նրանք անմիջապէս չեն արձագանքի, երբեք։ Իրանը գիտի սպասել, սպասելով յոգնեցնել եւ իր գործն անել։

 

- Իրանի համար Հայաստանի Հանրապետութիւնն ի՞նչ կարեւորութիւն ունի. մեր երկրում Իրանի համար աշխարհաքաղաքական ի՞նչ հետաքրքրութիւններ կան:

- Ինչպէս արդէն վերեւում նշեցի՝ Հայաստանը (նկատի ունեմ Արցախն էլ հետը) Իրանի համար նոյնպէս ունի մեծ նշանակութիւն մի քանի առումով։

Նախ Հայաստանը երբեք մինչ այժմ չի մասնակցել որեւէ հակաիրանական միջոցառման։ Երկրորդ՝ Հայաստանը լինենով ԵԱՏՄ անդամ երկիր, ինչպէս նաեւ ունենալով ԵՄ հետ  համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիր (ՀԸԳՀ), լրացուցիչ աշխարհաքաղաքական հետաքրքրութիւններ է ներկայացնում Իրանի համար։ Ի վերջոյ պէտք է հասկանանք, որ Հայաստանն առանձին Իրանի համար այլ բան է, Հայաստանը ԵԱՏՄ եւ ԵՄ վերոնշեալ համաձայնագրի հետ միասին` բոլորովին այլ բան։ Կարող են  լինել նաեւ այլ ձեւաչափեր՝ մասնաւորապէս եռակողմ՝ Ռուսասատն-Հայաստան-Իրան, քառակողմ՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան, կարող են լինել նաեւ նոյնը Յունաստանի հետ` հաշւի առնելով վերջինիս հետաքրքրութիւններն այս շրջանով եւ Թուրքիայի հետ ունեցած խնդիրները։ Իսկ Իրանն ու Թուրքիան այս տարածաշրջանում, եթէ շատ մեղմ ասենք, մրցակից երկրներ են։ Այսինքն Հայաստանը ունի մի շարք հնարաւորութիւներ, որոնք իրացնելու դէպքում Իրանի համար բոլորովին այլ հետաքրքրութիւններ կարող է ներկայացնել։

 

- Ինչպէս նշում էք իրանագէտներդ` տարածաշրջանում Իրանի գերակայութիւնը մեծանում է: Մեր տարածաշրջանը եւ կոնկրետ մենք` հայերս` շահ ունե՞նք դրանից:

- Տեսէք, երբ հետեւում ենք տարածաշրջանային իրադարձութիւններին, ապա կարող ենք նկատել, որ Իրանն ամէնուր ունի հսկայական ներկայութիւն։ Ներկայումս չենք կարող պատկերացնել մերձաւոր Արեւելքում որեւէ իրադարձութիւն, որը կարող է լուծւել` առանց հաշւի առնելու Իրանի Իսլամամական Հանրապետութեան շահերը։ Իրանը ներկայ է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, Պակիստանում, Եմէնում, Բահրէյնում նոյնիսկ Ադրբեջանական Հանրապետութիւնում։ Այսինքն սա փաստ է։ Կազմակերպելով գեներալ-լէյտենանտ Ղասեմ Սոլէյմանիի սպանութիւնը` ԱՄՆ-ը թերեւս նպատակ էր հետապնդում նաեւ թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, քանի որ գեներալ Սոլէյմանիի ողջ գործունէութիւնը միտւած էր Իրանի ազդեցութեան մեծացմանը տարածաշրջանում եւ սպանելով վերջինիս, մտածում էին` երեւի թէ կը կարողանան որոշ չափով թուլացնել Իրանի դիրքերը, չնայած, որ այլ դրդապատճառներ էլ կային (Սոլէյմանին ժամանալ էր Բաղդադ բանակցելու Սաուդական Արաբիայի ներկայցուցչի հետ եւ յաջողութեան հասնելու դէպքում ԱՄՆ-ի դիրքերին հսկայական հարւածներ կը հասցւէին, կար նաեւ ԱՄՆ ներքաղաքական խնդիրներ եւ այլն)։ Սակայն տեղի ունեցաւ, փաստօրէն, հակառակը, Իրաքը պահանջում է բոլոր տեսակի օտար զօրքերի դուրս բերումը իր երկրի տարածքից, այդ թւում նաեւ Միացեալ Նահանգների։ Տարածաշրջանի բոլոր շիայական խմբաւորումներն ու ուժերը յայտարարեցին, որ վրէժխդիր են լինելու գեներալ Սոլէյմանիի սպանութեան համար եւ այլն։ Փաստօրէն տեղի ունեցաւ կոնսոլիդացում Իրանի շուրջ։

Ինչ վերաբերում է մեր շահերին, ապա բնականաբար մեզ ձեռնտու է նախ` խաղաղ տարածաշրջան։ Գաղտնիք չէ, որ հարեւան երկրներում ոչ կայուն իրավիճակը կարող է ազդել նաեւ մեր երկրի վրայ, մանաւանդ, հաշւի առնելով այն հանգամանքը, որ մենք էլ ենք գտնւում պատերազմական իրավիճակում։ Իսկ Բաքւի իշխանութիւնները մէկ անգամ չեն ապացուցել, որ պատրաստ են օգտւել ցանկացած անկայուն իրավիճակից եւ պղտոր ջրում փորձել ձկներ որսալ։ Բացի այդ, Իրանն իր քայլերով ցոյց է տւել, որ տարածաշրջանում կատարում է հակաահաբեկաչական հսկայական պատժիչ դերակատարութիւն։ Եւ յետոյ, եթէ, Աստւած մի արասցէ, Իրանում ինչ-ինչ իրադարձութիւներ տեղի ունենան, որոնց արդիւնքում թուլանան կենտրոնական իշխանութեան դիրքերը, ապա պատկերացնու՞մ էք, թէ ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Արցախի հարաւային սահմաններում։ Գիտէք, այնտեղ կայ թիւրքախօս հատւած, որը չնայած ունի բաւականին հայամէտ դիրքորոշում (ինքս բազմիցս եղել եմ Թաւրիզում եւ զգացել եմ այն դրական վերաբերմունքը հայերի նկամամբ, որն առկայ է այնտեղ), բայց, երբ չլինի կենտրոնական իշխանութեան վերահսկողութիւն, ապա չենք կարող ասել, թէ այնտեղ ինչպէս կաշխատեն Բաքւի եւ Թուրքիայի յատուկ ծառայութիւնները եւ ազդեցութեան գործակալները։ Ի դէպ նրանք ներկայումս էլ են այնտեղ բաւականին լաւ աշխատում, որոնց հակակշռելու համար ցանկալի կը լինի, որպիսի Հայաստանը Թաւրիզում էլ աւելի մեծացնի իր դիրքերը՝ ընդհուպ մինչեւ պաշտօնական ներկայութեամբ, մասնաւորապէս հիւպատոսարանի բացմամբ։ 

Այս ամէնն հաշւի առնելով՝ այո՛, եւս մէկ անգամ կարող եմ կրկնել, որ մեզ պէտք է կայուն, զարգացող եւ խաղաղ Իրան։

 

- Իրանաամերիկեան հակամարտության յաջորդ փուլը, ըստ Ձեզ, ի՞նչ տեսք է ունենալու:

- Իրանաամերիկեան այս հակամարտութիւնը ո՛չ այսօր է սկզիբ առել, ո՛չ էլ վաղն աւարտւելու է։ Այն սկիզբ է առել 1979 թւականից ի վեր, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետութիւն դառնալու օրւանից սկսած` արդէն 40 տարի։ Իհարկէ, եղել են սրացումներ, կարգաւորման յոյսեր եւ այդպէս շարունակ ու կարծում եմ` այդպէս էլ կը շարունակւեն այքան ժամանակ, քանի դեռ Իրանում եւ Միացեալ Նահանգներում համարում են, որ երկուստեք իշխող հասարակարգերը միմեանց համար դասակարգային թշնամիներ են եւ դէմ են միմեանց զարգացմանը։  Այս ընթացքում, իհարկէ, եղել են նաեւ գաղտնի բանակցութիւններ, որոնց մասին տարատեսակ լուրեր են սպրդւել դաշտ՝ սկսած այաթոլլահ Խոմէյնիից, մինչ օրս, բայց այն կարծում եմ կը շարունակւի մինչեւ այժմ եղած տրամաբանութեան շրջանակներում՝ օգտագործելով նաեւ ներկայ հիբրիդային պատերազմների ընձեռած հնարաւորութիւնները։

 

- Այդպէս էլ չյստակեցւեց` Իրաքում ամերիկեան ռազմաբազաների հրթիռակոծութեան հետեւանքով ամերիկեան զինուժը մարդկային կորուստներ կրե՞ց, թէ՞ ոչ:

- Կարծեմ` վերջերս տարբեր աստիճան 64 վիրաւորների մասին էր խօսւում, որը, եթէ չեմ սխալւում Միացեալ Նահանգները նոյնպէս ընդունել էր։  Սակայն, այստեղ մի բան եմ ուզում ընդգծել։

Երբ իրանական կողմը հասցնում էր հրթիռային հարւածներ, ամենեւին էլ նպատակ չունէր ԱՄՆ-ին հասցնել մարդկային կորուստներ, հակառակ դէպքում Իրաքի միջոցով չէր զգուշացնի հնարաւոր յարձակման մասին։ Իրանը` լինելով գաղափարական, իդեալների յետեւից գնացող երկիր, շափազանց մեծ տեղ է տալիս նաեւ սիմւոլիզմին՝ նշանապաշտութեանը։ Տեսէք, հարւածները հասցւում էին ճիշտ այն նոյն պահին, երբ տեղի էր ունենում գեներալ Սոլէյմանիի յուղարկաւորութիւնը։ Հարւածները հասցւել են ո՛չ պատահական ռազմաբազաների։ Նոյն Այն ալ-Ասադ ռազմաբազայում հրթիռային հարւածներից ուղիղ մէկ տարի առաջ ժամանել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կնոջ հետ միասին, յաջորդ կէտը՝ Էրբիլը, ըստ երեւոյթին, նշանառութեան տակ յայտնւեց, այն բանի համար, որ երբ Իրաքի խորհրդարանը քւէարկում էր օտար զօրքերի, այդ թւում նաեւ ԱՄՆ-ի, երկրից դուրս բերելու օգտին, վերջիններս լքեցին  այն։

 

- Հրթիռակոծութեանն ԱՄՆ-ն չպատասխանեց` յայտարարելով, թէ այդ լռութիւնը պարզապէս խաղաղութեանն ուղղւած քայլ է: Իրականում ո՞րն էլ լռելու պատճառը:

- Նախ` շատ լաւ աշխատեց իրանական կողմը, որոհետեւ հէնց հրթիռակոծութեանը զուգահեռ ԻՀՊԿ-ն յայտարարեց, որ Իրանի  ուղիղ հարւածների դէպքում թիրախի տակ են Թէլ Աւիւը, Դուբայը եւ Հայֆայը, այնուհետեւ տարածեց հաղորդագրութիւն, որ եթէ հարեւան որեւէ երկրի տարածքից Իրանի վրայ հարւածներ հասցւեն, ապա այդ երկիրն էլ կը ենթարկւի հրթիռային հարւածների եւ յետոյ շատ գրագէտ գործեցին մեդիադաշտում՝ ամբողջովին գրեթէ օնլայն ցուցադրելով ողջ գործընթացը եւ յետոյ, առանց վախենալու, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ առաւելութիւն ստացան նաեւ քարոզչական տիրոյթում եւ ամէն ինչ լաւ էր ընթանում Իրանի համար մինչ ուկրայինական ինքնաթիռի պատահական խոցումը։

Բացի այդ` ԱՄՆ-ի համար էլ ձեռնտու չէր հետագայ սրացումը, որովհետեւ կարող էր իրադարձութիւնների զարգացումը դուրս գալ վերջինիս վերահսկողութիւնից եւ անյայտ էր, թէ այդ ժամանակ ինչ տեղի կունենար։ Ի վերջոյ առջեւում նախագահական ընտրութիւններ են եւ ձեռնտու չէ պատերազմական իրավիճակը։ 

Այսինքն ստեղծւած իրավիճակը ձեռնտու էր երկու կողմի համար էլ։

 

- Զրոյցը եզրափակենք` անդրադառնալով մեզ: Այս փուլում, երբ յարաբերական անդորր է, ՀՀ-ի անելիքը ո՞րն է:

- Հայաստանը մշտապէս պէտք է ջանայ խորացնել, զարգացնել վերընթաց կորագծով շարունակել իր յարաբերութիւնները ոչ միայն Իրանի, այլեւ տարածաշրջանում առկայ բոլոր ուժերի հետ։ Մենք պէտք է գործի դնենք մեր ողջ ներուժը, քանի որ գտնւելով հարաւային Կովկասում, հարեւան լինելով Մերձաւոր Արեւելքի նման զգայուն, նուրբ եւ անկանխատեսելի տարածաշրջանին, չպէտք է ապրենք այնպէս, կարծէք գտնւում ենք Եւրոպայի կենտրոնում, իսկ մեր հարեւանները ոչ թէ թուրքերն են, այլ տարատեսակ եւրոպական ազգութիւններ։

Հէնց վերջին դէպքերի ընթացքում տեսանք, թէ ինչպէս կարող է գործել Բաքւի իշխանութիւնը քարոզչական տիրությում, երբ տարածեցին այն յայտնի ապատեղեկատւութիւնը։ Եթէ ձեր ասած այս յարաբերական անդորրի պայմաններում չաշխատենք այդ բացը լրացնելու ուղղութեամբ, ապա յաջորդ նմանատիպ իրավիճակում հնարաւոր է արդէն ի վիճակի չլինենք չէզոքացնել ապատեղեկատւութիւնը։

 

Գէորգ Գիւլումեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։