Հա

Քաղաքական

08/02/2020 - 13:40

«Պատերազմից խուսափելու եւ սպառնալիքները չէզոքացնելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

1357 թւականի բահմանի 19-ի պատմական իրադարձութեան 41-ամեակի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ փետրւարի 8-ին հանդիպել է օդուժի բարձրաստիճան հրամանատարութեան հետ:

«alikonline.ir» - 1357 թւականի բահմանի 19-ի պատմական իրադարձութեան 41-ամեակի առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ փետրւարի 8-ին հանդիպել է օդուժի բարձրաստիճան հրամանատարութեան հետ:

Իր ելոյթում յեղափոխութեան առաջնորդը նշելով, որ տկարութիւնը թշնամուն կը խրարխուսի դիմել ագրեսիայի, ասել է. «Պատերազմից խուսափելու եւ սպառնալիքները չէզոքացնելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել»:

Անդրադառնալով 1357 թւականի բահմանի 19-ի պատմական իրադարձութեանը, երբ յեղափոխութեան նախօրէին օդուժի անձնակազմն իր հաւատարմութիւնը յայտնեց Էմամ Խոմէյնիին, այաթ. Խամենէին նշել է, որ դա անմոռանալի իրադարձութիւն էր, որից պէտք է անհրաժեշտ հետեւութիւններ անել եւ դասեր քաղել. «Նախորդ վարչակազմի օրօք, օդուժն ուժի կենտրոնին եւ ԱՄՆ-ին ամենամօտ կանգնած ուժերից մէկն էր, սակայն, նախորդ ռեժիմը հարւածն ստացաւ հէնց այս ուժից, որը երբեք չէր պատկերացնում»:

Յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է, որ Ղուրանում նշւած է, որ Աստւած թշնամուն հարւածում է հէնց այն տեղից, որը երբեք չի պատկերացնում, իսկ հաւատացեալներն էլ զօրեղանում են այն տեղից, որը երբեք չեն սպասում:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հաւատալ Աստծոյ այս խօսքերին, եւ առանց վարանելու առաջ շարժւել, քանզի նման մտածելակերպի շնորհիւ հնարաւոր կը դառնայ մարտահրաւէրներն առիթների վերածել. «Ճիշտ այնպէս, ինչպէս՝ օդուժը, որն ի հեճուկս ԱՄՆ-ի պատժամիջոցների, ոչ միայն վերանորոգում եւ պահպանում է ինքնաթիռները, այլ, նաեւ, նոր ռազմական ինքնաթիռներ է նախագծում եւ արտադրում»,- ասել է նա:

Այաթ. Խամենէին նշել է, որ օդուժի յաջողութիւնները պայմանաւորւած են սեփական ուժերին ապաւինելու փաստով, եւ նշել է, որ այդ օրինակը կարելի է տարածել ողջ երկրի վրայ, եւ բազմաթիւ առիթներ ստեղծել:

«Պաշտօնեաների մտածւած աշխատանքի դէպքում, հնարաւոր է օգտագործելով պատժամիջոցները երկրի տնտեսութիւնը փրկել նաւթից կախւածութիւնից, որը բազմաթիւ խնդիրների պատճառն է»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով, որ ԱՄՆ վարչակազմում նոյնպէս կան խելացի մարդիկ, որ դա հասկանում են, եւ շեշտում են, թէ չպէտք է թոյլ տալ, որ Իրանի տնտեսութիւնն ազատւի նաւթից կախւածութիւնից:

Այաթ. Խամենէին կարեւորել է բոլոր բնագաւառներում, մասնաւորապէս՝ ռազմական ասպարէզում ուժեղացումը, նշելով. «Մենք չենք սպառնում որեւէ մէկին, այլ փորձում ենք պաշտպանել մեր երկրի անվտանգութիւնն ու չէզոքացնել սպառնալիքները»:

«Պատերազմից խուսափելու եւ սպառնալիքները չէզոքացնելու համար անհրաժեշտ է ուժեղ լինել»,- յստակեցրել է նա:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթից առաջ, զեկոյցով հանդէս է եկել օդուժի հրամանատար, գեներալ-մայոր Նասիրզադէն՝ ներկայացնելով օդուժում կատարւած աշխատանքները եւ ձեռքբերումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։