Հա

Քաղաքական

17/02/2020 - 09:30

«Կառավարութիւնը չունի ընտրական որեւէ ցուցակ». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 16-ին մասնակցել է տեղացի եւ արտասահմանցի լրագրողների հետ մամլոյ ասուլիսին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 16-ին մասնակցել է տեղացի եւ արտասահմանցի լրագրողների հետ մամլոյ ասուլիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ասուլիսի ընտթացքում նախագահն անդրադարձել է ներքին եւ արտաքին քաղաքականութեանը վերաբերող ամենատարբեր թեմաներին:

Խօսելով ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան մասին, դոկտ. Ռոհանին բացառել է թոյլ եւ տկարացած դիրքերից բանակցութիւնների հնարաւորութիւնը. «Այս պատժամիջոցներն ապարդիւն են անցնելու: Դրանք որեւէ արդիւնք չեն ունենալու մեր թշնամու համար, եւ այն ինչ նրանք կարծում են, որ կարող են մեծ ճնշում գործադրելով մեզ ստիպեն թոյլ եւ տկարացած դիրքերով գնալ բանակցութիւնների անհնար է»:

Նախագահն անդրադարձել է նաեւ «Հորմոզի խաղաղութեան նախագծին»՝ նշելով, որ կառավարութիւնը շարունակում է գործադրել դիւանագիտական բոլոր ջանքերը նախագծի կեանքի կոչման համար: Այդ տրամաբանութեան շրջանակում նա անդրադարձել է Սաուդական Արաբիայի հետ յարաբերութիւններին՝ ընդգծելով, որ այդ երկրի հետ չկայ որեւէ բարդ, անլուծելի խնդիր:

«Մենք չունենք որեւէ չլուծւելիք խնդիր Սաուդական Արաբիայի հետ: Երբ Սաուդական Արաբիան պատրաստ լինի, հնարաւոր է, կը քննարկենք մեզ մօտ ծագած հարցերը: Իհարկէ, տարածաշրջանում ամենակարեւոր հարցը Եմէնի խնդիրն է»,- ասել է նախագահը:

Արտաքին քաղաքականութեան ոլորտում դոկտ. Ռոհանին անդրադարձել է նաեւ սիրիական ճգնաժամին, եւ Սոչիի գործընթացին՝ նշելով, որ Թուրքիան պէտք է յարգի եւ պահպանի ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները:

«Սոչիում հիմք դրւած գործընթացն ունի հսկայական նշանակութիւն: Մենք չպէտք է հրաժարւենք դրանից: Յուսով եմ, որ մենք կը կարողանանք շարունակել աշխատանքը Թուրքիայի հետ Աստանայի գործընթացի շրջանակում»,- ասել է նա:

Խօսելով ընտրութիւնների մասին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ ընտրութիւնները մեր երկրի կարեւոր խնդիրներից եւ յենասիւներից մէկն է. «Ինչպէս ասել է յեղափոխութեան առաջնորդը, երկրի բոլոր կարեւոր կառոյցները ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն ընտրւում են ժողովրդի քւէարկութեամբ»,- ասել է նա՝ յաւելելով, որ բոլոր ընտրութիւնները կարեւոր են:

Նա ժողովրդին կոչ է արել ակտիւօրէն մասնակցեն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին, որպէսզի ընտրւեն լաւագոյնները եւ ձեւաւորւի որակեալ խորհրդարան:

Նախագահը շեշտել է, որ կառավարութիւնը չունի որեւէ ընտրական ցուցակ, եւ չի հովանաւորում որեւէ քաղաքական հոսանքի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։