Առաւել անվտանգ 132 քաղաքներում վաղւանից կը վերաբացւեն մզկիթները, իսկ սպիտակ գօտիներում դպրոցները կը վերաբացւեն օրդիբեհեշթի 27-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - Առաւել անվտանգ 132 քաղաքներում վաղւանից կը վերաբացւեն մզկիթները, իսկ սպիտակ գօտիներում դպրոցները կը վերաբացւեն օրդիբեհեշթի 27-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով Առողջապահութեան նախարարութեան հրապարակած տւեալներին, նախագահը բարձր է գնահատել առողջապահական ցուցումների եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման գործում ժողովրդի ցուցաբերած համագործակցութիւնը: Ըստ նրա՝ ժողովրդի 83 տոկոսը պահպանել է այդ նորմերը, ինչը բարձր ցուցանիշ է:
Նախագահը տեղեկացրել է, որ առաւել անվտանգ 132 քաղաքներում վաղւանից կը վերաբացւեն մզկիթները, եւ կը կայանայ ուրբաթօրեայ աղօթքը: Նախագահը շեշտել է, որ դա կարւի առողջապահական ցուցումների եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման պայմաններում:
Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատութիւններին, դոկտ. Ռոհանին նշել է, որ սպիտակ գօտիներում հնարաւոր է օրդիբեհեշթի 27-ին (մայիսի 16-ին) վերսկսւեն դասերը:
Նա ընդգծել է, որ այդ կապակցութեամբ Կրթութեան նախարարութեանը յանձնարարւել է յաւելեալ ուսումնասիրութիւն կատարել, որպէսզի ժողովրդի մօտ փարատւեն բոլոր տեսակի մտահոգութիւնները: