Հա

Քաղաքական

04/05/2020 - 13:40

«Իրանի արձագանքը զէնքի էմբարգոյի երկարաձգմանը կտրուկ է լինելու». ԱԳՆ խօսնակ

Իրանի արձագանքը զէնքի էմբարգոյի երկարաձգմանը կտրուկ է լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Իրանի արձագանքը զէնքի էմբարգոյի երկարաձգմանը կտրուկ է լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

Պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցին՝ ինչպիսին է լինելու Իրանի արձագանքը, եթէ Իրանի թղթածրարն անցնի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդ, եւ զէնքի էմբարգոն երկարաձգւի, Մուսաւին ասել է. «Իրանի արձագանքը կտրուկ է լինելու: Մենք սպասում ենք իրավիճակի հնարաւոր զարգացմանը, եւ կարձագանքենք դրան համապատասխան եւ համարժէք»:

Նա տեղեկացրել է, որ այս կապակցութեամբ Իրանը խորհրդակցում է ՄԻջուկային գործարքի իր գործընկերների հետ. «Հաշւի առնելով զէնքի էմբարգոյի աւարտի մօտեցմանը, եւ ամերիկացիների աղմուկը, մենք սկսել ենք մեր խորհրդակցութիւնները, եւ շեշտել ենք, որ սա այն խնդիրը չէ, որն Իրանը կարող է անտեսել»,- յստակեցրել է ԱԳՆ խօսնակը:

ԱԳՆ մամլոյ խօսնակն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքից դուրս գալու տարելիցին՝ յիշեցնելով, որ այդ երկիրն այլեւս գործարքին մաս չի կազմում:

«ԱՄՆ-ն այլեւս գործարքին մաս չի կազմում: ԱՄՆ-ն իր միջազգային պարտաւորութիւնները չկատարելու պատմական անցեալ ունի: Միջուկային գործարքը նրա միակողմանի մօտեցումներից մէկն է, որը փաստեց, որ այդ վարչակազմը չի հաւատում օրէնքի գերակայութեանը եւ միջազգային իրաւունքին, եւ հանդիսանում է միջազգային իրաւունքի ամենամեծ խախտողը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ նման գործելաոճը վտանգաւոր է, եւ խաթարում է միջազգային իրաւական համակարգը: Իսկ ինչ վերաբերում է Պարսից ծոցում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութեան մեծացմանը, եւ կողմերի միջեւ հեռախօսային թէժ գծի հաստատման հնարաւորութեանը, Մուսաւին ասել է. «Ըստ էութեան, մենք չենք ընդունում ամերիկացիների ներկայութիւնը, յատկապէս՝ նրանց ռազմական ներկայութիւնը Պարսից ծոցում, եւ դա համարում ենք սպառնալիք՝ մեր եւ տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան համար»: Նշելով, որ ԱՄՆ ռազմական ներկայութիւնը Պարսից ծոցում խախտում է ազատ նաւարկման իրաւունքը, ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ասել է. «ԱՄՆ-ը պէտք է խուսափի Իրանի սահմանամերձ տարածքներին մօտենալուց: Մենք փորձել ենք նրանց հետ գործ ունենալ ըստ գործող կանոնների եւ կանոնակարգերի: Իրանական եւ ամերիկեան նաւերի միջեւ ռադիոկապերը հաստատւում են ծովային կանոնակարգերին համապատասխան, բայց երկու երկրների քաղաքական եւ ռազմական պաշտօնեաների միջեւ չկայ կապի որեւէ թէժ գիծ»: Մուսաւին յիշեցրել է, որ կողմերի միջեւ կան կապի այլ միջոցներ եւս. «Մենք սերտ կապի մէջ ենք Շւէյցարիայի դեսպանատան հետ՝ որպէս Իրանում ԱՄՆ շահերի պաշտպան: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնը նոյնպէս ակտիւ է, անհրաժեշտութեան դէպքում, միւս կողմին լուրջ նախազգուշացումներ տալու համար»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։