Հա

Քաղաքական

31/05/2020 - 11:00

«11-րդ գումարման խորհրդարանն իրեն համարում է Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչը». Ղալիբաֆ

11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի այսօրւայ նիստում հանդէս է եկել ելոյթով՝ նշելով, որ նորընտիր խորհրդարանն իրեն համարում է Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչը:

«alikonline.ir» - 11-րդ գումարման Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խորհրդարանի այսօրւայ նիստում հանդէս է եկել ելոյթով՝ նշելով, որ նորընտիր խորհրդարանն իրեն համարում է Իրանի ողջ ժողովրդի ներկայացուցիչը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ 11-րդ գումարման խորհրդարանն իր գործունէութիւնը սկսում է Իսլ. յեղափոխութեան պատմութեան ամենազգայուն հանգրւաններից մէկում, երբ մի շարք առաւելութիւնների եւ թերութիւնների, հնարաւորութիւնների եւ մարտահրաւէրների դէմ-յանդիման է կանգնած, Ղալիբաֆը յոյս է յայտնել, որ նորընտիր խորհրդարանին կը յաջողւի լուծել իր դէմ դրւած խնդիրները:

«Ռազմավարական մակարդակում Իսլամական համակարգը շարունակել է ուժեղանալ օրէցօր՝ դառնալով ազդեցիկ խաղացող միջազգային ասպարէզում՝ որպէս կարեւոր տարածաշրջանային տէրութեան»,- ասել է նա՝ յիշեցնելով, որ այս եւ մի շարք այլ կարեւոր ձեռքբերումների կողքին անհրաժեշտ է նաեւ ուշադրութիւն դարձնել առկայ թերութիւններին եւ բացթողումներին, քանի որ, հակառակ դէպքում, դրանք շատ արագ կը չէզոքացնեն ձեռքբերումներն ու նւաճումները: 

Շեշտելով, որ 11-րդ գումարման խորհրդարանը հետամուտ է լինելու ժողովրդի արդարացի պահանջների իրագործմանը եւ իրաւունքների իրացմանը՝ փորձելով վերացնել ժողովրդին ծառայելու համար կառավարութեանը խանգարող իրաւական եւ օրէնսդրական բոլոր խոչընդոտները, խորհրդարանի նախագահը յստակեցրել է. «Բայց, միեւնոյն ժամանակ, խորհրդարանը թոյլ չի տայ կառավարութեանը անտեսել մարդկանց խնդիրները լուծող օրէնքների կատարումը»: 

Անդրադառնալով արտաքին յարաբերութիւնների թեմային, Ղալիբաֆը նշել է, որ այս ոլորտում խորհրդարանը հետեւելու է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքներին: Նա յստակեցրել է, որ նորընտիր օրէնսդիր մարմինը շարունակելու է պաշտպանել Պաղեստինի ժողովրդի, Լիբանանի «Հեզբօլլահ»-ի, դիմադրութեան շարժման խմաբւորումների, Իրաքի եւ Եմէնի ժողովրդների շահերը, դա համարելով անփոփոխ ռազմավարութիւն, եւ իր ազգային ու յեղափոխական պարտքը: 

Շեշտելով, որ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները համարում է ապարդիւն եւ վնասակար, խորհրդարանի խօսնակը միեւնոյն ժամանակ ասել է, որ խորհրդարանը դէմ չի լինելու աշխարհի բոլոր երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնմանը՝ առաւելութիւնը տալով երկրի անմիջական հարեւաններին, ինչպէս նաեւ՝ այն գերտէրութիւններին, որոնց ռազմավարական շահերը համընկնում են Իրանի շահերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։