Հա

Քաղաքական

05/07/2020 - 10:35

«Պէտք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրայ եւ նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը, որտեղ հայ-իրանական յարաբերութիւնները պէտք է ունենան կարեւոր դեր». Վ․ Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լուրջ փոփոխութիւնների չի ենթարկւել. Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւններում լարւածութիւնը պահպանւում է:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Իրանի շուրջ միջազգային իրավիճակը լուրջ փոփոխութիւնների չի ենթարկւել. Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւններում լարւածութիւնը պահպանւում է: Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառալով  Իրանում ներկայումս տիրող իրավիճակին։

«Իրանցիներն ունեն բաւական մեծ ամրութեան ռեսուրս, եւ դա ունի թէ՛ պատմական արմատներ, թէ՛ այս երկրի տնտեսական  համակարգի կառուցւածքի առաձնայատկութիւններն են օգնում »,- ասաց նա՝ նկատելով, որ վերջին տասնամեակների ընթացքում Իրանը, լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է ստեղծել բաւականին ինքնաբաւ տնտեսական համակարգ:

Վարդան Ոսկանեանի խօսքով՝ չնայած Իրանը հիմա իսկապէս յայտնւել է բաւականին բարդ տնտեսական իրավիճակում, բայց այնուամենայնիւ, կարողանում է շարունակել Մերձաւոր Արեւելքում իր ազդեցութեան աճի քաղաքականութիւնը:

«Այս համատեքստում պէտք է դիտարկել նոր խոշոր ծրագրի մեկնարկի մասին յայտարարութիւնները: Խօսքը վերաբերում է Հորմոզ նեղուցը շրջանցող նոր խողովակաշարի կառուցմանը, որն Իրանին տալիս է հնարաւորութիւն, անկախ Հորմոզի նեղուցում առկայ լարւածութիւնից, նաւթային պաշարները արտահանել: Այս ընթացում իրենք նաեւ կարողացան ապահովել իրենց նաւահանգիստներից մէկի՝ Չաբահարի անխաթար եւ պատժամիջոցներից զերծ գործունէութիւնը»,- ասաց նա՝ նաեւ մատնանշեց, որ այս ընթացքում՝ կորոնավիրուսի տարածման արդիւնքում ստեղծւած դժւարին պայմաններում իրանցիները կարողացան բարձրացնել նաեւ իրենց առողջապահական համակարգի ինքնաբաւութիւնը. վարակը յայտնաբերող թեստեր կարողացան արտահանել եւրոպական երկրներ:

Անդրադառնալով արդէն հայ-իրանական յարաբերութիւններին՝ Վարդան Ոսկանեանը նշեց, որ, իհարկէ, համավարակի ճգնաժամը ազդել է արտաքին աշխարհի հետ Հայաստանի  ունեցած յարաբերութիւնների վրայ: Դրանից, ըստ նրա, անմասն չի մնացել նաեւ Իրանը:

«Մէկ այլ կարեւոր հանգամանք կայ, որը յանգում է մեր հանրութեան մէջ խօսոյթին: Իսկ այդ խօսոյթը ենթադրում է բացառապէս ներքաղաքական հարցերի քննարկում, իսկ այդ հարցերն ունեն մէկօրեայ կեանք: Չափազանչ քիչ ենք ուշադրութիւն դարձնում  արտաքին քաղաքական այն միջավայրին, որում գտւում է Հայաստանը: Խօսքը թէ՛ թշնամական, թէ՛ բարեկամական միջավայրերի մասին է»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ այս ընթացքում չնայած Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութեան որոշակի ծաւալներ եղել են, բայց  հեռագնայ  ծրագրերի վերաբերեալ խօսակցութիւնները դադարել են:

«Այս օրերին Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Սուրէն Պապիկեանի հետ: Հաշւի առնելով, թէ ինչպիսի մեթոդաբանութեամբ են իրանցիները աշխատում,  կարեւոր է, որ դեսպանը հանդիպել է այդ ոլորտի նախարարի հետ:

Դա ենթադրում է, որ իրանցիների համար կարեւոր է մնում Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքը եւ ըստ այդմ Հայաստանում Հիւսիս-Հարաւի շինարարութիւնը»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական կողմը վերջին շրջանում այս ծրագրին ուշադրութիւն է դարձնում բացառապէս կոռուպցիան բացայայտումների սկանդալների համատեքստում․- «Եթէ եղել են կոռուպցիոն գործարքներ , ապա պէտք է դրանց մեղաւորները պատժւեն, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ուշադրութիւնը պէտք է դարձնենք բացառապէս այդ գործընթացի վրայ եւ մոռանանք հիմնական նպատակը, իսկ մեր նպատակը Հիւսիս-Հարաւը կառուցելն է, եւ դա պէտք է լինի մեր թիրախային ծրագիրը, մնացած ամէն ինչը ածանցեալ է դրան»,- ասաց նա:

Նման անուշադրութեան է, ըստ նրա, մատնւել նաեւ Մեղրու ազատ տնտեսական գօտու ծրագիրը: «Այս դէպքում էլ որոշակի տեղեկատւութիւն եղաւ կոռուպցիոն բացայայտումների մասին, բայց ցաւօք, դրանից մեր խնդիրը չփոխւեց. Ազատ տնտեսական գօտին, ցաւօք սրտի, չի գործում: Իսկ այն ըստ բազմաթիւ ե՛ւ հայ, ե՛ւ իրանցի պաշտօնեաների հաւաստիացումների մեծ նշանակութիւն ունի ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմանի յարաբերութիւնների, այլ նաեւ՝ Իրան-ԵԱՏՄ տնտեսական յարաբերութիւնների տեսանկիւնից»,- ասաց նա:

Իրանագէտի կարծիքով՝ Հայաստանը պէտք է դադարի իր ժամանակը ծախսել ներքաղաքական խնդիրների վրայ, որոնք շատ դէպքերում որեւէ նշանակութիւն չունեն եւ Հայաստանի ապագայի առումով որեւէ հեռանկարային ծրագիր չեն նախանշում:

«Մենք պէտք է դադարենք այդ մտայնութեանը հետեւելուց եւ վերադառնանք ի շրջանս իւր, ինչը ենթադրում է Հայաստանի զարգացման տեսլականի նախագծում, ըստ որի, հայ-իրանական յարաբերութիւնները պէտք է ունենան կարեւոր նշանակութիւն»:

Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով վերջին շրջանում հայ-իրանական յարաբերութիւններում նկատւած քաղաքական խնդրին՝ Թել Աւիւում Հայաստանի դեսպանատուն բացելուն, որը առաջացրել էր Թեհրանի դժգոհութիւնը, նշեց, որ հարցը դեռ առկախւած է:

«Դատելով իրանցի վերլուծաբանների հրապարակումներից՝ խնդիրն առկախւած է, եւ կարծես թէ իրանցիները իրենց դիրքորոշումը չեն փոխում: Հայաստանը պէտք է վերանայի իր որոշումը այս հարցում»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցը բաւականին տհաճ իրավիճակ ստեղծեց հայ-իրանական քաղաքական յարաբերութիւններում եւ մենք պէտք է հնարաւորինս արագ այս  հարցը կարգաւորենք:

«Այստեղ մի հարց էլ կայ. մեր հասարակութեանը դեռեւս պատշաճ կերպով չի  բացատրւել, թէ ինչ շահեր է հետապնդում Հայաստանը՝ Թել Աւիւում դեսպանտուն ունենալու իր քայլով: Մէկ, երկու պատճառ նշւում է, բայց չեմ կարծում, որ դա բաւարար է, պէտք է աւելի թափանցիկ լինել այս հարցում, ինչը կը նպաստի, որ եղած թնջուկը կարգաւորւի»,- ասաց նա:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։