Հա

Քաղաքական

18/07/2020 - 13:00

«Չկայ այլ ելք, քան կորոնավիրուսի տարածման ցիկլի ընդհատումը». Հանրապետութեան նախագահ

Չկայ այլ ելք, քան կորոնավիրուսի տարածման ցիկլի ընդհատումը: Այս մասին այսօր՝ յուլիսի 18-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Չկայ այլ ելք, քան կորոնավիրուսի տարածման ցիկլի ընդհատումը: Այս մասին այսօր՝ յուլիսի 18-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Արդէն հինգ ամիս է, ինչ այս վտանգաւոր վիրուսի դէմ-յանդիման ենք կանգնած, եւ, իհարկէ, դեռեւս մտահոգութիւններ կան թէ՛ երկրի ներսում, թէ՛ ամբողջ աշխարհում, քանի որ դեռ կան քայլեր, որոնք մենք պէտք է կատարենք»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ բազմիցս շեշտւել է, որ այս հիւանդութեան դէմ դեռեւս չկայ որեւէ արդիւնաւէտ դեղամիջոց կամ պատւաստանիւթ, եւ մենք դեռեւս չենք հասել այս հիւանդութեան դէմ հաւաքական անվտանգութեան:

Անդրադառնալով Առողջապահութեան նախարարութեան հրապարակած տւեալներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ ըստ հրապարակւած տւեալների՝ մինչ այժմ աւելի քան 25 մլն իրանցի վարակւել է կորոնավիրուսով, որոնցից 14 հազարը մահացել են, իսկ անցեալ 150 օրւայ ընթացքում հոսպիտալացւել է աւելի քան 200 հազար մարդ:

Դոկտ. Ռոհանին նշել է, որ ըստ ԱՆ հրապարակած զեկոյցի՝ կանխատեսւում է, որ ողջ երկրում, մեծ հաւանականութեամբ, 30-35 մլն մարդ կարող է վարակւել վիրուսով, իսկ սա նշանակում է, որ մօտ ապագայում, հոսպիտալացւողների թիւը կրկնակի գերեզանցելու է վերջին 150 օրւայ տւեալները:

Անդրադառնալով համավարակի բռնկման երկրորդ ալիքին, նախագահը նշել է, որ դա հիմնականում պայմանաւորւած է եղել քաղաքացիների զգօնութեան թուլացմամբ եւ հասարակական սովորութիւններով ու ծէսերով, ինչպիսիք են՝ հարսանեկան կամ սգոյ արարողութիւնները եւ ընտանեկան տարբեր առիթներով հաւաքոյթները, որոնք էլ հիւանդութեան տարածման պատճառ են դարձել:

Դոկտ. Ռոհանին շեշտել է, որ հիւանդութեան տարածման դէմ պայքարի ամենաարդիւնաւէտ միջոցը բժշկական դիմակներ կրելն է, որի անհրաժեշտութիւնը յատուկ կարեւորում է նաեւ Առողջապահութեան նախարարութիւնը: Դա, ըստ նրա, անհրաժեշտ է, եթէ հաշւի առնենք այն փաստը, որ վարակակիրներից շատերի մօտ այդպէս էլ ի յայտ չեն գալիս հիւանդութեանը յատուկ ախտանիշերից որեւէ մէկը, եւ դրա պատճառով էլ նրանք ակամայից վերածւում են վիրուսի ակտիւ տարածողների:

Նախագահը համավարակի դէմ պայքարի ամենաարդիւնաւէտ ձեւը համարել է վիրուսի տարածման ցիկլի ընդհատումը, ինչն էլ ըստ նրա՝ պահանջում է հասարակական ընկալման մակարդակի բարձրացում եւ քաղաքացիական համագործակցութիւն:

«Մենք կը յաղթահարենք այս հիւանդութիւնը: Դրանում կասկած չկայ: իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է հասարակական համագործակցութիւն»,- եզրափակել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։