Հա

Քաղաքական

22/07/2020 - 09:00

«Իրանը արժանապատիւ եւ անկախ Իրաքի կողմնակից է». Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ յուլիսի 21-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիին:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ յուլիսի 21-ին ընդունել է պաշտօնական այցով Իրան ժամանած Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմիին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ դրանք բառի բուն իմաստով եղբայրական են՝ հիմնւած բազմաթիւ համատեղ պատմական, կրօնական, մշակութային եւ սովորոյթների ու աւանդոյթների վրայ: 

Այաթ. Խամենէին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երկկողմ յարաբերութիւններում կարեւորում է Իրաքի շահերը, անվտանգութիւնը, արժանապատւութիւնը, ինքնիշխանութիւնը եւ իրավիճակի բարելաւումը: «Իրանը ցանկանում է տեսնել արժանապատիւ եւ անկախ Իրաք՝ տարածքային ամբողջականութեամբ, ներքին միասնութեամբ եւ համախմբւածութեամբ»,- շեշտել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յստակեցնելով, որ պաշտօնական Թեհրանը միանշանակ դէմ է ցանկացած երեւոյթի, ինչը կը թուլացնի Իրաքի կառավարութեանը: 

Անդրադառնալով Իրաքի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններին, այաթ. Խամենէին յստակեցրել է, որ Իրանը չի միջամտում դրանց, սակայն, ակնկալում է, որ իրաքցի բարեկամները կը ճանաչեն ԱՄՆ-ին, եւ կը գիտակցեն, որ ԱՄՆ-ի ներկայութիւնը ցանկացած երկրում աւերածութեան եւ անապահովութեան աղբիւր է: «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ակնկալում է, որ Իրաքի կառավարութիւնը, կը հետապնդի Իրաքի ժողովրդի եւ խորհրդարանի որոշումը՝ ամերիկացիներին երկրից վտարելու կապակցութեամբ, քանի որ նրանց ներկայութիւնը անապահովութիւն է առաջացնում»,- ասել է նա: 

Խօսելով գեներալ Ղասեմ Սոլէյմանիի սպանութեան մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ Իրանը չի մոռանայ ամերիկացիների կողմից նրա սպանութիւնը եւ անպայման կը պատասխանի: Այաթ. Խամենէին լեգենդար գեներալի սպանութիւնը համարել է Իրաքում ամերիկացիների ներկայութեան արդիւնքը. «Նրանք ձեր տանը սպանել են ձեր հիւրին՝ խոստովանելով իրենց յանցանքը: Իրանը երբեք չի մոռանայ դա, եւ, անկասկած, պատասխան հարւած կը հասցնի ամերիկացիներին»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը: 

Այաթ. Խամենէին շեշտել է, որ Իրանն ամէն կերպ աջակցում եւ զօրակցում է Ալ Քազեմիի կառավարութեանը՝ նշելով, որ տրամաբանութիւնը, կրօնը եւ փորձը յուշում են, որ Իրան-Իրաք յարաբերութիւնները պէտք է զարգանան բոլոր ոլորտներում: 

Մուստաֆա ալ Քազեմին էլ իր հերթին Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպումը մեծ բարեբախտութիւն է համարել, եւ երախտագիտութիւն է յայտնել Իրանի կառավարութեանը եւ ժողովրդին՝ Իրաքին ցուցաբերած անվերապահ աջակցութեան համար, մասնաւորապէս՝ ԴԱԷՇ-ի եւ թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարի գործում: «Իրաքցիները երբեք չեն մոռանայ Իրանի աջակցութիւնը, եւ փաստն այն է, որ իրաքցիների եւ իրանցիների արիւնը համախառնւած է թաքֆիրականների դէմ պատերազմում»,- ասել է նա՝ շեշտելով, որ երկու երկրների յարաբերութիւններն ունեն համատեղ պատմական, մշակութային եւ կրօնական խորը արմատներ: «Ձեր ցուցումներն ու խորհուրդները նման են հիմնախնդիրները լուծելու բանալիի, եւ ես երախտագիտութիւն եմ յայտնում դրանց համար»,- ասել է Իրաքի վարչապետը: 

Յիշեցնենք, որ աւելի վաղ վարչապետ Ալ Քազեմին հանդիպել էր Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին վերաբերող ամենալայն թեմաներ, եւ դրանց զարգացման հեռանկարներն ու հնարաւորութիւնները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։