Հա

Քաղաքական

29/07/2020 - 11:30

Հակահայկական ցոյցեր Իրանում. ադրբեջանական, թէ թուրքական հետք պէտք է փնտրել այնտեղ

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատւութեանը, ըստ որի` Իրանի իշխանութիւնները երկրի մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում ճնշել են ադրբեջանցիների իրականացրած հակահայկական գործողութիւնները։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատւութեանը, ըստ որի` Իրանի իշխանութիւնները երկրի մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում ճնշել են ադրբեջանցիների իրականացրած հակահայկական գործողութիւնները։

Վարդան Ոսկանեանի դիտարկմամբ` իրականում Իրանում չկան ադրբեջանցիներ, նրանք ատրպատականցիներն են, որ բնակւում են երկրի հիւսիսային շրջաններում։ Նրանց էթնիկ ադրբեջանցիների հետ նոյնականացնելը կոպտագոյն սխալ է։ Նոյնականացմանն ու Բաքւի կողմից սերմանւող նոյն ժողովրդի երկու հատւածների թեզին դէմ են հէնց ատրպատականցիները, որոնք ընդամենը թուրքալեզու իրանցիներ են։

«Հակահայկական գործողութիւններ իրականացրած անձինք պանթուրքիստական կառոյցների անդամներ են, որոնք Իրանում ունեն լուսանցքային բնոյթ, այսինքն` բնակչութեան շրջանում, թէեւ չունեն լայնածաւալ ազդեցութիւն, բայց կարողանում են որոշակի համախոհներ հաւաքել, աղմուկ բարձրացնել։ Նրանց գործողութիւնները որքան հակահայկական են, նոյնքան էլ հակաիրանական են, քանզի պառակտում են մտցնում Իրանն էթնիկ հողի վրայ եւ վարակւած են Բաքւից սրսկւող ախտով»,- նշում է իրանագէտը։

Վարդան Ոսկանեանի փոխանցմամբ` պանթուրքիստական կառոյցները կառավարւում են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ արտատարածաշրջանային պետութիւնների կողմից, եւ այդ հարցում իր ձեռքերն է տաքացնում յատկապէս Թուրքիան, որը ձգտում է հարեւան Իրանում սերմանել անջատողականութիւն։ Ըստ նրա` կոնկրետ Ատրպատականում այդ միջամտութիւնն իրականացւում է Բաքւի խողովակներով, ինչն էլ աւելի զգօն է դարձնում Իրանի իշխանութիւններին։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին, որոնց մի մասը նախատեսւած է Նախիջեւանում, որին սահմանակից է նաեւ Իրանը, Վարդան Ոսկանեանն ընդգծում է, որ թէեւ այդ զօրավարժութիւններն ուղղւած են Հայաստանի եւ Արցախի դէմ, սակայն բնոյթով նաեւ հակաիրանական են ու հակառուսական։

«Նախիջեւանի երկրամասը չափազանց զգայուն տարածք է, որտեղ թուրքերի ծաւալումն ու ազդեցութեան աճն անհանդուրժելի են նաեւ Իրանի համար, հետեւաբար այս տիրոյթում իրանցիների մօտեցումները չափազանց կտրուկ են։ Իրանը կարող է ազդեցութիւն գործել բուն երկրամասի տարածքում ապրող բնակչութեան տրամադրութիւնների վրայ, քանզի եթէ Իրանը դադարեցնի նախիջեւանեան հատւածի ցամաքային հաղորդակցութիւնն ու գազի մատակարարումը, ապա երկրամասը կը յայտնւի չափազանց ծանր վիճակում»,- նշում է իրանագէտը։

Վարդան Ոսկանեանի տեղեկացմամբ` Իրանում կայ տրամադրութիւն, որ ժամանակին տեղի է ունեցել սխալ, երբ թագաւորը` շահը, Թուրքիայի հետ իրականացրել է համատեղ ծրագիր, ինչի արդիւնքում Նախիջեւանի հատւածում ի յայտ է եկել թուրք-ադրբեջանական 7 կիլոմետրանոց սահմանը, որն այժմ պէտք է վերանայւի։ Թուրքիան վարում է սադրիչ գործունէութիւն` օգտագործելով հէնց այդ հատւածը, հետեւաբար դրան դիմակայելու համար պէտք է ստեղծել Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ դաշինք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։