Oգոստոսի 12-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է Իսլ. խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի Արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ:
«alikonline.ir» - Oգոստոսի 12-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է Իսլ. խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի Արտաքին քաղաքականութեան եւ ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: Այց մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆէյսբուքեան էջից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ յարաբերությիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտութեան կարգաւորման խնդրին: Այս համատեքստում դեսպան Թումանեանը տեղեկութիւններ է ներկայացրել յուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
Կողմերը քննարկել են նաեւ կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակւող ամերիկեան պատժամիջոցների պայմաններում առեւտրատնտեսական յարաբերութիւնների ներկայ վիճակին եւ զարգացման հնարաւորութիւններին վերաբերող մի շարք հարցեր:
Յատուկ անդրադարձ է կատարւել ԵԱՏՄ-Իրան համագործակցութեան ամրապնդմանը եւ այս առումով Իրան-Հայաստան յարաբերութիւնների առանձնայատուկ նշանակութեանը:
Քննարկւել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւններին առնչւող մի շարք այլ հարցեր:
Արտաշէս Թումանեանը եւ Մոջթաբա Զոլնուրը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնն՝ ընդգծելով յատկապէս խորհրդարանների ղեկավարների, մշտական յանձնաժողովների եւ բարեկամութեան խմբերի միջեւ փոխգործակցութեան ակտիւացումը:
Նշենք, որ հանդիպմանը ներկայ են եղել նաեւ խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը: