Հա

Քաղաքական

24/09/2020 - 10:05

«Իրանի նախագահի կողմից Փաշինեանին ուղղւած շնորհաւորանքի ուշացումն արդէն ուղերձ է, որն անհանգստութիւն պէտք է առաջացնի». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի տեղեկութիւններով` Իրանից ՀՀ անկախութեան տօնի առթիւ շնորհաւորանք կը լինի, բայց ինքնին այն ուշացնելն արդէն ուղերձ է պարունակում:

«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանի տեղեկութիւններով` Իրանից ՀՀ անկախութեան տօնի առթիւ շնորհաւորանք կը լինի, բայց ինքնին այն ուշացնելն արդէն ուղերձ է պարունակում:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ այդ երեւոյթը որոշակի անհանգստութիւն պէտք է առաջացնի, որովհետեւ իրանցիներն ուղերձների դիւանագիտական քաղաքականութեան կողմնակիցն են, շատ յաճախ ուղերձների միջոցով են փորձում հասկանալի դարձնել իրենց դիրքորոշումը:

«Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Նիկոլ Փաշինեանին ուղղւած շնորհաւորանքի ուշացումն արդէն ուղերձ է: Այն պայմանաւորւած է կարեւոր հանգամանքով` Իսրայէլում դեսպանատան բացման եւ այլ գործընթացներով, որոնք Իրանում առաջացրել են որոշակի անհանգստութիւններ եւ նոյնիսկ դժգոհութիւններ, ինչն արտայայտւում է տարբեր մակարդակներում»,- ասաց նա:

Վարդան Ոսկանեանի խօսքով` ինքը տեղեակ չէ, թէ ինչ աշխատանքներ են իրականացրել ՀՀ պատկան մարմինները Իրանի հետ Իսրայէլում ՀՀ դեսպանութիւն բացելու առթիւ առաջացած դժգոհութիւնը վերացնելու համար:

«Հայ-իրանական յարաբերութիւնների տեսլականը որեւէ ձեւով չպէտք է խաթարւի որեւէ իշխանութեան վարած քաղաքականութեան արդիւնքում, որովհետեւ Հայաստան-Իրան յարաբերութիւնները կարեւոր են երկու կողմերի համար էլ:

«Բնականաբար խնդիրներ կարող են առաջանալ որոշակի գործընթացների արդիւնքում` ռիսկերը, մարտահրաէրների չհաշւարկելու պատճառով, ինչը կոպտագոյն սխալ է: Այդ յարաբերութիւնները պէտք է դուրս լինեն տւեալ պահի իշխանութեան վարած քաղաքականութեան հետ ուղղակի առնչւելուց»,- նշեց նա:

Իրանի հետ յարաբերութիւնների վատթարացումը, ըստ նրա՝ Հայաստանի համար կարող է առաջացնել անվտանգային խնդիրներ: «Տնտեսական խնդիրներն էլ անվտանգութեան հետ առնչութիւն ունեն: Իրանի դերի բարձր մնալը Մերձաւոր Արեւելքում բխում է Հայաստանի շահերից է: Վերցնենք հէնց այն փաստը, որ մենք ունենք երկու բաց սահման. մէկը Վրաստանի, միւսը Իրանի հետ է, եւ այդ իմաստով, Իրանի հետ սահմանը մեզ համար կարող է ծառայել որպէս կեանքի ուղի: Այդպիսի գործառոյթ այն արդէն կատարել է արցախեան պատերազմի տարիներին, հետեւաբար՝ այստեղ հարթութիւնները պէտք է զանազանւեն, եւ այլ երկրների հետ մեր յարաբերութիւններ զարգացնելու ժամանակ պէտք է կշռադատւեն հետեւանքները, ռիսկերն ու մարտահրաւէրները»,- ասաց նա:

Թէլ Աւիւում ՀՀ դեսպանատուն բացելը, Վարդան Ոսկանեանի նկատառմամբ, դեռ պէտք չէ համարել բարելաււում հայ-իսրայէլական յարաբերութիւններում: Նա նշեց` դեռեւս այդ գործընթացի դրական արդիւնքները տեսանելի չեն, փոխարէնն արդէն Հայաստանի համար ռիսկերն ու մարտահրաւէրն են նշմարելի:

«Պէտք է աշխատանք տանել, բայց կարծում եմ, այնուամենայնիւ, Իրանում հասկանում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ աւելի ընդգրկուն հասկացութիւններ են, քան Հայաստանի իշխանութիւններ հասկացութիւնն է: Հետեւաբար՝ այս համատեքստում ես կուզէի նշել, որ շատ կարեւոր է ժողովրդական դիւանագիտութեան դերը, որը լուծում է շատ խնդիրներ: Բայց ամէն դէպքում, չեմ կարծում, որ պէտք է յոյս դնել միայն ժողովրդական դիւանագիտութեան վրայ, քանի որ Հայաստանը պետութիւն է եւ ունի պետական ապարատ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։