Հա

Քաղաքական

21/10/2020 - 10:20

«Ողջունում ենք ԼՂ հակամարտութեան հարցում Իրանի կառուցողական նախաձեռնութիւնը». Նիկոլ Փաշինեանը՝ «Իրան»-ի հետ հարցազրոյցում

Իրանահայ ճանաչւած լրագրող Սերգէյ Բարսեղեանը ԼՂ հակամարտութեան վերաբերեալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որը հրապարակւել է «Իրան» օրաթերթի այսօրւայ համարում:

«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած լրագրող Սերգէյ Բարսեղեանը ԼՂ հակամարտութեան վերաբերեալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որը հրապարակւել է «Իրան» օրաթերթի այսօրւայ համարում:

Հարցազրոյցի ընթացքում ՀՀ վարչապետը յատուկ կարեւորել է Իրանի առանցքային դերակատարութիւնը տարածաշրջանում՝ նշելով, որ Իրանը, որպէս տարածաշրջանի կարեւոր երկրներից մէկը, կարող է նպաստել ռազմական գործողութիւնների դադարեցմանը: Նա նշել է, որ պաշտօնական Երեւանը ողջունում է ԼՂ հակամարտութեան հարցում Իրանի կառուցողական ցանկացած նեխաձեռնութիւն:

Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ ստորեւ.

 

- Նախագահ Ռոհանին պատրաստակամութիւն է յայտնել՝ կառուցողական դեր ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան կարգաւորման գործում: Ինչպէ՞ս կարձագանքէք այս առաջարկին եւ, ըստ Ձեզ, Իրանն ի՞նչ նախաձեռնութեամբ է կարող միջնորդական դեր ստանձնել:

- Գիտէք, որ Մինսկի խումբը ԼՂ հակամարտութեան կարգաւորման միակ միջազգային հարթակն է: Իրանը, որպէս տարածաշրջանի կարեւոր երկրներից մէկը, ունի առանցքային դերակատարութիւն եւ, իհարկէ, այս դերակատարութիւնը այժմ կարող է կենտրոնանալ ռազմական գործողութիւնները դադարեցնելու վրայ: Մենք ողջունում ենք Իրանի ցանկացած քայլ՝ տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու ուղղութեամբ:

 

- Դուք բազմիցս նախազգուշացրել էք ԼՂ հակամարտութիւնում արտաքին ուժերի ներգրաււածութեան մասին: Պարոն Ռոհանիի հետ Ձեր զրոյցում համակարծի՞ք էիք արդեօք այս մտահոգութեան կապակցութեամբ:

- Այո, միջազգային մակարդակով ապացուցւած է, որ Թուրքիայի կողմից ռազմական գործողութիւններին մասնակցելու նպատակով Սիրիայից տարածաշրջան են տեղափոխւել ահաբեկիչ վարձկաններ, եւ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Ցաւօք, տարածաշրջանի երկրները լուրջ չեն վերաբերւել այս փաստին, բայց, անկասկած, օտարերկրեայ ահաբեկիչների ներկայութիւնը սպառնալիքներ է ստեղծելու, որոնց հետեւանքների ականատեսը կը լինենք տարածաշրջանում: Տարածաշրջանի երկրները պէտք է աւելի լուրջ վերաբերւեն այս հարցին:

 

- Իրանում մտավախութիւն կայ, որ ԼՂ հակամարտութիւնը կարող է վերածւել լիակատար՝ երկարատեւ պատերազմի, եւ օտարերկրեայ զօրքերից բացի, համաշխարհային գերտէրութիւնները եւս միջամտեն տարածաշրջանում: Ի՞նչ առաջարկներ եւ լուծումներ ունէք այս մտահոգութիւնը փարատելու, եւ հարցը հայ-ադրբեջանական երկխօսութեան հարթակ վերադարձնելու համար:

- Ադրբեջանի Հանրապետութիւնը լայնօրէն օգտագործում է իսրայէլական արտադրութեան անօդաչու թռչող սարքերը, եւ այս փաստը վկայում է, որ արտատարածաշրջանային ուժերը տարբեր միջոցներով միջամտում են տարածաշրջանում:

Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) դերակատարութիւնից բացի, որեւէ այլ արտաքին միջամտութիւն անընդունելի է: Թէեւ Մինսկի խմբի համանախագահները եւս չեն կարողանում դերակատարութիւն ունենալ ներկայ իրադարձութիւններում, եւ այդ պատճառով էլ իրավիճակն այսպիսին է: Չնայած նրանք յայտարարութիւններ են տարածում եւ դիրքորոշումներ են կիրառում, այդուհանդերձ, զարգացումների վրայ ազդել չեն կարողանում:

 

- Դուք բազմիցս նշել էք, որ ներկայիս ռազմական բախումները ծրագրւած են եղել վաղուց: Ի՞նչ փաստեր կան դա ապացուցելու համար, եւ նման նախապատարստութիւնն ի՞նչ հեռանկարներ է նախանշում հակամարտութեան ապագայի համար:

- Պատերազմի մեկնարկից մէկուկէս ամիս առաջ Ադրբեջանի Հանրապետութիւնը համատեղ զօրավարժութիւններ անցկացրեց Թուրքիայի հետ, իսկ զօրավարժութիւնների աւարտից յետոյ որոշ թուրքական ստորաբաժանումներ մնացին Ադրբեջանում: Բացի այդ, Թուրքիան հաւաքագրեց եւ Ադրբեջան ուղարկեց սիրիացի ահաբեկիչներին՝ նպատակ ունենալով նրանց ներգրաւել ԼՂ հակամարտութեան գօտու առաջիկայ ռազմական բախումներում: Եթէ ռազմական բախումները ծրագրւած չլինէին, ապա որեւէ պատճառ չէր լինի Սիրիայից զինեալներ տեղափոխել Ադրբեջան: Այսօր, արդէն այդ ահաբեկիչների ներկայութիւնն ապացուցւած է: Բազմաթիւ փաստաթղթեր են հրապարակւել, եւ դրանց իսկութիւնն ապացուցւած է: Այդ բոլոր փաստաթղթերը վկայում են, որ պատերազմը նախապէս ծրագրւած էր, եւ ըստ այս իրավիճակի, մենք գտնւում ենք գլոբալ պատերազմական իրավիճակում, որը սապռնում է ողջ տարածաշրջանին:

 

Ձեր կարծիքով, ո՞րն է Լեռնային Ղարաբաղում հրադադարի կայացման խոչընդոտը, եւ ինչո՞ւ են բախումները շարունակւում Մոսկւայի հանդիպումից եւ շաբաթ երեկոյեան Բաքւի եւ Երեւանի միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնից յետոյ:

- Յստակ երեւում է, որ Թուրքիան անընդհատ փորձում է կանխել հրադադարի ռեժիմի կայացումը, քանի որ Թուրքիան շատ հեռահար նպատակներ է հետապնդում: Թուրքիայի համար հարցը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է, այլ, նաեւ, Հարաւային Կովկասի տարածաշրջանում ներկայութիւնը, եւ պէտք է շեշտեմ, որ սա կայսրութեան վերականգնման քաղաքականութիւնն է, որով Թուրքիան փորձում է տարածել իր ազդեցութիւնը Լեռնային Ղարաբաղից դէպի արեւելք, հիւսիս, հարաւ, եւ հարաւ-արեւելք: Այս քաղաքականութիւնն անմիջական ազդեցութիւն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրայ, եւ բոլորը պէտք է հաշւի առնեն այս փաստը, եւ յստակեցնեն իրենց դիրքորոշումն այս քաղաքականութեան նկատմամբ:

 

- Ինչպէս գիտէք, վերջին օրերին հակամարտութեան գօտում ընթացող ռազմական գործողութիւնների ընթացքում արձակւած արկերը մի քանի անգամ ընկել են Իրանի Խոդաֆերին շրջանում, որի առիթով Իրանը զգուշացրել է հակամարտութեան կողմերին: Ի՞նչ կառաջարկէք նման միջադէպերը կանխելու համար:

- Եթէ նման բան տեղի է ունեցել հայկական կողմից եւ հաստատւել է, ես շատ եմ ցաւում դրա համար: Իհարկէ, ես այդ մասին ստոյգ տեղեկութիւն չունեմ, բայց կարող եմ հաւաստիացնել, որ հայկական կողմը կը ներդնի բոլոր ջանքերը՝ կանխելու համար որեւէ վնաս իր բարեկամ երկրին՝ Իրանին եւ, որ նման բան տեղի չունենայ: Հայկական կողմը կանի հնարաւորը` կանխելու նմանատիպ ցանկացած միջադէպի կրկնութիւնը, եւ վստահեցնում եմ, որ այս հարցում աւելի զգօն կը լինի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։