Հա

Քաղաքական

08/12/2020 - 12:10

Իրանական նախաձեռնութեամբ Խաղաղութեան միջանցքի առաջարկ

 

Սեպտեմբերին բռնկւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արիւնալի պատերազմը 45 օր անց Ռուսաստանի միջնորդութեամբ աւարւտեց` նոյեմբերի 9-ին, 9-կէտերից կազմւած եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Համապարփակ զեկոյց Հարաւային Կովկասում խաղաղութեան միջանցքի առաջարկման գործընթացի վերաբերեալ

 

«ԱԼԻՔ» - Սեպտեմբերին բռնկւած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արիւնալի պատերազմը 45 օր անց Ռուսաստանի միջնորդութեամբ աւարւտեց` նոյեմբերի 9-ին, 9-կէտերից կազմւած եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Համաձայնագրի վերջին կէտը, որը վերաբերում է Նախիջեւանից՝ Ադրբեջանի Հանրապետութիւն հաղորդակցական ճանապարհի ստեղծմանը, ինչը համաձայնագրի համաձայն անցնելու է Հայաստանի միջով, փորձագիտական շրջանակների բուռն քննադատութիւնների է արժանացել, որտեղ հարցն իր բոլոր կողմերով ուսումնասիրելու անհրաժեշտութեան կողքին, յատուկ զգայնութեամբ է շօշափւում Իրանի շահերին առնչւող անմիջական ազդեցութեան պատճառով:

Չնայած համաձայնագրի մանրամասները դեռ պարզ չեն, ներառեալ միջանցքի դրոյթը (ձեւակերպումը հեղինակինն է-խմբ.), այնուամենայնիւ, պարզ չէ, թէ որտեղ եւ երբ է այն կառուցւելու եւ ինչպէս պիտի շահարկւի: Փորձագէտների մեծամասնութիւնը այն կարծիքին է, որ միջանցքն իր բացասական ազդեցութիւնն է թողնելու, ինչպէս Իրանի ու Հայաստանի, այնպէս էլ ԵԱՏՄ-ի հետ գործակցութեան ու կապերի վրայ:

Նոյն կապակցութեամբ Կովկասի հիմնախնդիրների հարցերով հետազօտողներ՝ Շոայիբ Բահմանը եւ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին այլ կարծիք ունեն նշւած «միջանցքի» ստեղծման վերաբերեալ, միեւնոյն ժամանակ նման երեւոյթի գոյութիւնը օգտակար գնահատելով տարածաշրջանային համագործակցութեան զարգացման տեսանկիւնից հանդէս եկան այլ միջանցքների ստեղծման առաջարկով:

Այսպիսով առաջին անգամ «Խաղաղութեան միջանցք» ստեղծելու հարցը շօշափւել է նոյեմբերի 14-ին, ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտում «Անվտանգութիւն եւ շահեր՝ Հարաւային Կովկասում» խորագրով երկու հետազօտողների համատեղ զրոյցի ժամանակ: «Tasnim News Agency»-ն անդրադառնալով նշւած նիստին իր հրապարակած յօդւածով մանրամասներ է ներկայացրել առաջարկւած նախագծի մասին, ինչը նոյնութեամբ Դամաւանդին ներկայացրել է առանձին յօդւածով, որը տրամադրել է «ԱԼԻՔ»-ին:

«Կովկասի հարցերով փորձագէտներից երկուսի համատեղ զրոյցի առարկան «Հարաւային Կովկասի տարածաշրջանում անվտանգութիւնն ու շահեր»-ն էր: Շոայիբ Բահմանը եւ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին «ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտում» հանդիպմանը վերլուծելով Հարաւային Կովկասում, ի մասնաւորի ԼՂ-ում պատմական հակամարտութիւնների ձեւաւորման գործընթացը, ստեղծւած իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում են տարածաշրջանային դերակատարների միջեւ անվտանգութեան եւ շահերը վերասահմանելու հայեցակարգում Շոայիբ Բահմանի կարծիքով հին տարաձայնութիւնները հարթելով է, որ դէպի տեւական խաղաղութիւն շարժւելու հնարաւորութիւն կը տայ բոլոր կողմերին՝ փոխշահաւէտ լուծումների հասնելու եւ շահաւէտ մթնոլորտում համագործակցութիւն ծաւալելու համար: Իսկ, որպէս տարածաշրջանային լարւածութիւնը կարգաւորելու արդիւնաւէտ միջոց՝ Դամաւանդին կարեւորեց հինգ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եւ Իրան երկրների բարձր տարողութեամբ տնտեսական հնարաւորութիւնները տարածաշրջանում տնտեսական միութիւն ստեղծելու համար:

Բահմանի կարծիքով, որքան աճելու առիթներ ունենան տարածաշրջանի հինգ երկրների միջեւ առեւտրի հնարաւորութիւնները, այնքան քիչ կը լինեն հակամարտութիւնների ինտենսիւութիւնն ու առկայ տարակարծութիւնները: Փորձագէտը կայունութեան ու տեւական խաղաղութեան հաստատման ճանապարհներից մէկը համարեց տարածաշրջանի երկրների միջեւ էներգետիկ գծերի շահարկումն ու դրանց դիւերսիֆիկացումը (բազմազանեցում), քանի որ կողմերը կը փորձեն զբաղւել անվտանգութիւնը պահպանելով սեփական էներգետիկ գծերը ապահով դարձնելու համար:

Դամաւանդին իր հերթին անդրադարձաւ տարածաշրջանի երկրների ներդրումների եւ համատեղ համագործակցութեան անհրաժեշտութեանը՝ զարգացմանն անհրաժեշտ ենթակառուցւածքների ստեղծման համար, որոնք փորձագէտի հաւաստմամաբ ծրագիրն իրագործւելու դէպքում Հարաւային Կովկասը կը դարձնեն նոր Հարթլանդ (դրախտավայր):

Ըստ նրա՝ Հարաւային Կովկասում հակամարտութիւնների զգալի մասը ծագել է տարածաշրջանային դերակատարների միմեանց պահանջները չճանաճելու եւ կարիքների ու հնարաւորութիւնների ընկալման բացակայութեան բերումով: Շոայիբ Բահմանն անդրադառնալով ԼՂ-ի վերջին պատերազմին արձանագրեց, որ տարածաշրջանային համագործակցութեան զարգացման գործին սատարելն այն միակ միջոցն է նման լարւածութիւնները կանխելու համար, որի գծով էլ կայ սպասելիք՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից, նման ծրագրերով ու նախաձեռնութիւններով հանդէս գալով աջակցել կայունութեան հաստատմանը տարածաշրջանային լարւածութիւնները մեղմելու նպատակով:

Դամաւանդին անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետութեան, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ստորագրւած համաձայնագրին նշեց, որ փաստաթղթով նախատեսւած Հայաստանի տարածքից՝ Նախիջեւան-Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ հաղորդակցութեան կապի ստեղծման կէտի հետ կապւած կայ մտահոգութիւնների առիթ՝ Իրան-Հայաստան սահմանի հնարաւոր շրջափակման վերաբերեալ, այդուամենայնիւ ստեղծւող իրավիճակից արդիւնաւէտ օգուտ կարող է քաղել տարածաշրջանային ապրանքափոխանակումները, որոնք տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել նաեւ նմանօրինակ այլ հատւածներում: Դամաւանդին այսօրինակ միջանցքներն անւանելով «Խաղաղութեան միջանցք» դրանց առկայութիւնն անհրաժեշտ համարեց կայուն խաղաղութիւն հաստատելու եւ լարւածութեան թուլացման, ինչպէս նաեւ պետութիւններին ու ազգերին մերձեցնելու գործում ունեցող դերի պատճառով:

Նիստի աւարտին դոկտ. Շոայիբ Բահմանը «Խաղաղութեան միջանցք»-ի ստեղծման անհրաժեշտութիւնը դիտարկելով որպէս կառուցողական առաջարկ, յոյս յայտնեց, որ տարածաշրջանի հինգ երկրների կարողութիւնների եւ պահանջների իրականութեան վրայ մշակւած «Տարածաշրջանային համագործակցութեան եւ զարգացման համապարփակ ծրագիրը» Իրանի Իսլամական Հանրապետութեան օրակարգում տեղ գտնելով ներկայացւի Հարաւային Կովկաս տարածաշրջանի հինգ երկրներին»:

Իսկ այդ հանդիպումից երկու օր անց (երկուշաբթի, նոյ. 16-ին), Իսլամական Ազատ համալսարանում տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Երկրի Գերագոյն առաջնորդի տեսակէտների վերաբերեալ գիտաժողով, որի ընթացքում Շոայիբ Բահմանը վերահաստատեց նոյն այս առաջարկը: «Նուրնիւզ» լրատւական կայքն անդրադառնալով Բահմանի ելոյթին կարեւորել է ելոյթի այն հատւածը, որը վերաբերում էր միջանցքի խնդրին, հետեւեալ տողերով.

«Վերջին տարիներին Ադրբեջանը Նախիջեւանի հետ տարածքային կապ է հաստատել Իրանի տրամադրած ճանապարհով ընդորում անվճար կարգով: Մնում է հասկանալ, թէ ինչու է Բաքուն որոշում կայացրել այդ ճանապարհը տեղափոխելու իր թշնամու տարածք: Եթէ ​​ցանկանում ենք հարցը դիտարկել միայն դրական տեսանկիւնից այն համարելով տարածաշրջանի բոլոր երկրների համար փոխշահաւէտ իրավիճակ, ապա այս միջանցքի ստեղծումը, հնարաւոր այլ միջանցքների հետ միասին, կարող է համարւել տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու նախերգանք:

Մէկ այլ առիթով Դամաւանդին պատասխանելով ԻՍՆԱ-ին անուղղակիօրէն շօշափել է «Խաղաղութեան միջանցքի» համար առաջարկւող վայրին: Լուրը հրապարակւել է երեք օր անց ուրբաթ, աբանի 30-ին: ISNA-ի հրապարակմամբ Դամաւանդին իրավիճակը պարզաբանել է հետեւեալ կերպ.

Եթէ ​​նախատեսւում է միջանցք ստեղծել Ադրբեջանի Հանրապետութեան տարածքը Նախիջեւանին միացնելու համար, ապա տարածաշրջանում հնարաւոր է ստեղծել այլ միջանցքներ, այդ թւում՝ Մակու-Նախիջեւան-Հայաստան միջանցքը, որոնք կարող են օգտագործւել հաւասարակշռութիւն ստեղծելու համար:

«ԱԼԻՔ» օրաթերթը նոյնպէս հրապարակում է մի հարցազրոյց, որտեղ Դամաւանդին անդրադարձել է ծրագրի նախապատմութեանը: Նա այդ հարցազրոյցում նշել է.

«1395-ին, հարաւ-հիւսիս միջկառավարական նշանակութեամբ մայրուղու կարեւորութիւնը շեշտելու համար առաջարկեցի՝ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի հաղորդակցման ուղիները միաժամանակ օգտագործւեն համատեղ, իսկ այն անւանել էի «Կովկաս՝ կապող օղակ»: Այդ ժամանակ տարածաշրջանում տիրող պայմանների պատճառով հնարաւոր չէր առաջարկել Իրանի, Նախիջեւանի եւ Հայաստանի միջանցքների օգտագործումը, բայց այժմ Նախիջեւանի միջանցքի ստեղծումով դէպի Ադրբեջանի Հանրապետութիւն, թւում է, որ Իրան, Նախիջեւան, Հայաստան միջանցքները ստեղծելու խնդիր չի լինելու: Քանի որ դա միջանցք է, որը լինելու է բազմակողմ եւ խաղաղութեան վրայ հիմնւած գործընկերութեան եւ համագործակցութեան հաշւին:

Այդքանից յետոյ, վերջապէս, Շոայիբ Բահմանը եւ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին հերթական համատեղ զրոյցի ընթացքում պատմեցին այս ծրագրի մասին որոշ մանրամասնութիւններ: Այս զրոյցից հատւածներ են արժանացել ԶԼՄ-ների ուշադրութեանը: «Ֆարս» լրատւական գործակալութիւնը զրոյցի տեսանիւթին կից իր նորութիւնների բաժնում հրապարակել է «Խաղաղութեան միջանցք»-ի որոշ մանրամասներ, որտեղ նշւում է, որ առաջարկի համաձայն՝ կովկասի տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու եւ կայունութեան պահպանման նպատակով միջանցքը միմեանց է կապելու Իրանը, Թուրքիան, Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանը, ինչը նպաստելու է երթեւեկութեանը եւ արագացնելու է ապրանքաշրջանառութեանն ու համապատասխան ծառայութիւնների իրացմանը: Առաջարկւող միջանցքը -շարունակում է «Ֆարսը»-, ինչը կոչւելու է Խաղաղութեան միջանցք, կը ստեղծւի Իրանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան սահմանների խաչմերուկում, շուրջ 3-կմ. երկարութեամբ: Այս միջանցքը, չորս երկրների շահերն ապահովելու կողքին հանդիսանում է, որպէս աւելի կարճ եւ տնտեսապէս շահաւէտ միջանցք՝ Հարաւ-հիւսիս աւտոմայրուղու ճանապարհին, ինչով միացւելու է Պարսից ծոցի, Օման ծովի եւ Հնդկական ովկիանոսի, Միջերկրական ծովի եւ վերջապէս Սեւ ծովի սահմանակից բոլոր երկրները: Այսպիսով, ստեղծւած միջանցքը, բացի առեւտրա-տնտեսական գործառոյթներից, ունենալու է տարածաշրջանում անվտանգութեան հաստատման ու խաղաղութեան պահպանման առաքելութիւն` բոլոր երկրների շահերը միմեանց կապելու գործօնով:

«ԱԼԻՔ» օրաթերթն իր նոյ. 23-ին հրապարակւած պարսկերէն յաւելւածով գրել էր, որ «Խաղաղութեան միջանցք» նախագիծը իրանական նախաձեռնութիւն է, որի հեղինակների՝ Դամաւանդիի եւ Շոայիբ Բահմանի համոզմամ, երբ Նախիջեւանը Ադրբեջանի Հանրապետութիւն կապող ճանապարհը կարող է անցնել թշնամի երկիր համարւող՝ Հայաստանի տարածքն օգտագործելով, ապա սա կարող է նշանակել, որ տարածաշրջանում հաստատւել է կայուն խաղաղութիւն, ինչով կարելի է եզրակացնել, որ ձեւաւորւել է բոլոր շահախնդիր կողմերի համար երկգլուխ յաղթանակով խաղ: Փորձագէտների կարծիքով՝ նման իրավիճակներում հակամարտութիւնը շարունակելու հիմքեր չեն լինի, իսկ համագործակցութիւնների զարգացման հետ մէկտեղ կարելի է անցեալում տեսնել տարակարծութիւնները: Սա հէնց այն բանաձեւն է, ինչը տարածելով նաեւ միւս հակամարտութիւնների վրայ եւ աւելացնելով միջանցքների քանակը՝ կարելի է ընդգրկել նաեւ նոր շահառու երկրների: «Խաղաղութեան միջանցքի» առաւելութիւնը նրա կարճ տարածութիւնն է, ինչը դրա իրականացումը ծախսարդիւնաւէտ է դարձնում, բացի այդ ոչ միայն ազդում է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի վրայ եւ բարելաւում նրանց միջեւ եղած փոխգործակցութիւնը, այլեւ ուղղակիօրէն ազդելու է հարաւ-հիւսիս աւտոմայրուղու բարգաւաճման գործին: Պարսից ծոցը, Օմանի ծովը եւ Հնդկական ովկիանոսի ու հարաւային երկրները, ինչպէս նաեւ Սեւ ծովի ու Հիւսիսում գտնւող Բալտիական ծովի երկրները ցանկանալու են օգտւելու այս միջանցքի ընձեռած հնարաւորութիւններից:

«ԱԼԻՔ» օրաթերթն հրապարակած իր մեկնաբանութեամբ առաջարկել է, որ «Խաղաղութեան միջանցք» նախագիծը, որը ապահովելու է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, դիտարկւի մեր երկրի դիւանագիտական ​​ապարատի կողմից եւ օրակարգ մտցւի որպէս՝ հասարակական պահանջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։