Հա

Քաղաքական

16/12/2020 - 14:01

Իրանի չփարատւած մտահոգութիւնները

Նոյեմբերի 9-ին Ղարաբաղեան երկրորդ պատերազմի աւարտն ազդադարող եռակողմ համաձայնագիրը Իրանում նոյնպէս հարցեր, տագնապներ ու անհանգստութիւններ է առաջացրել։ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նման հանգուցալուծումը ստորջրեայ խութեր է պարունակում Իրանի անվտանգութեան ռազմավարական շահերի տեսանկիւնից։ Ստեղծւած նոր աշխարհա-քաղաքական իրադրութիւնը չլուծւած բազում խնդիրներ է թողել։

Աննա-Դաւթեան Գէորգեան

Նոյեմբերի 9-ին Ղարաբաղեան երկրորդ պատերազմի աւարտն ազդադարող եռակողմ համաձայնագիրը Իրանում նոյնպէս հարցեր, տագնապներ ու անհանգստութիւններ է առաջացրել։ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման նման հանգուցալուծումը ստորջրեայ խութեր է պարունակում Իրանի անվտանգութեան ռազմավարական շահերի տեսանկիւնից։ Ստեղծւած նոր աշխարհա-քաղաքական իրադրութիւնը չլուծւած բազում խնդիրներ է թողել։

Իրանի մօտեցումն այդ խնդիրներին լաւագոյնս ներկայացնում է իրանական լրատւական կայքերից մէկում հրապարակւած վերլուծականը՝ կազմւած մեծ մասամբ հարցական նախադասութիւններով։ Հարցեր, որոնք դեռեւս չունեն պատասխաններ եւ խորացնում են Իրանի մտահոգութիւնները։

Հարցերի այդ շրջանակն առնչւում է երեք հիմնական կարեւոր գործօնների․

1․ Տարածաշրջան ահաբեկիչների տեղափոխման մասին լուրերի ի յայտ գալու առաջին իսկ օրերից Իրանն այդ առիթով իր մտահոգութիւնն է յայտնել՝ շեշտելով, որ հիւսիսային սահմանների մօտ դրանք սպառնալիք են ազգային անվտանգութեան համար։ Եռակողմ համաձայնագրում ոչինչ չի ասւում ահաբեկչական խմբաւորումների ներկայութեան, դրանց տարհանման անհրաժեշտուեյան մասին, իսկ Սիրիայի ու Լիբիայի տարբեր աղբիւրներ վկայում են, որ ահաբեկիչները ոչ միայն շարունակում են մնալ հակամարտութեան գօտում, այլեւ ծրագրեր են մշակւում նրանց ընտանիքների տեղափոխման ու մշտական բնակութեան հարցերը կարգաւորելու ուղղութեամբ։ Իրանի պաշտօնեաները շարունակում են պարբերաբար բարձրաձայնել, որ թոյլ չեն տալու Իրանի սահմանների նկատմամբ որեւէ ոտնձգութիւն եւ ահաբեկիչների դուրս բերումը տարածաշրջանից առաջնահերթութիւն են համարում։

2․ Համաձայնագրում յիշատակւած՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ու Հայաստանով անցնող նոր ուղու փաստն Իրանի համար առանձին աշխարհա-քաղաքական մտահոգութիւնների առիթ է։ Առայժմ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապն ապահովում է Իրանի հիւսիսային նահանգներով։ Իրանն այսպիսով վերահսկում է ոչ միայն Ադրբեջանից Նախիջեւան ու Թուրքիա արտահանումները, այլ նաեւ վերահսկում փոխադրումները հակառակ ուղղութեամբ։ Նոր ուղու աւելի կարճ լինելու եւ Իրանը շրջանցելու պարագայում երկու հարց դառնում է խիստ մտահոգիչ։ Առաջինը դէպի Կասպից ծով փոխադրումների եւ ռազմավարական կարեւոր այդ տարածքում անվտանգութեան նոր մարտահրաւէրների ի յայտ գալն է՝ ի դեմս Թուրքական հնարաւոր ներկայութեան, երկրորդն՝ Իրան-Հայաստան սահմանի ձեւափոխումը։

Ուղին, որը ենթադրում է ցամաքային միջանցք, կարող է Իրանին զրկել Հայաստանի հետ սահմանից, ինչը կը նշանակի հարցականի տակ դնել Իրանի՝ Հայաստանով ու Վրաստանով դէպի Եւրոպա մուտք ունենալու հնարաւորութիւնը։

Պէտք է հիշել, որ Իրանի նախագահ Ռուհանին Հայաստանն անւանում է Եւրոպայի բանալի, եւ Հայաստան-Իրան սահմանի հարցը դիտարկվում է որպէս այդ բանալու լինել-չլինելու հարց։ Ու թէեւ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին մի յայտարարութեամբ պնդել էր, որ համաձայնագիրը Հայաստան-Իրան սահմանի փոփոխութիւն չի ենթադրում, բայց մանրամասների անյայտութիւնը թոյլ չի տալիս, որ մտահոգութիւնները փարատւեն։

3․ Ռուս-թուրքական համատեղ ռազմական մշտադիտարկման կէտի առկայութիւնը եւ, համաձայնագրով պայմանաւորւած՝ ռուս-թուրքական բանակցութիւնների կարեւորութիւնը տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի փաստացի ամրապնդում է նշանակում։ Այս հանգամանքն՝ Իրանի դիտանկիւնից երկու խումբ սպառնալիք է պարունակում։

Նախ, Թուրքիայի զինուժի տեղակայումը Իրանից հիւսիս այդ երկիրը գրեթէ ամբողջութեամբ շրջափակման մէջ են առնում ՆԱՏՕ-ական զօրքերով՝ արեւմտեան ուժերին յաւելեալ հետախուզական հնարաւորութիւններ ու հետագայ գործողութիւնների համար հարթակներ տրամադրելով։

Նոյն նպատակին են ծառայում նաեւ Ադրբեջան-Իսրայէլ խորը համագործակցութիւնը հետախուզական ոլորտում, Ադրբեջանի կողմից օգտագործւած եւ օգտագործւող իսրայէլական արտադրութեան անօդաչու թռչող սարքերը։ Այս համագործակցութիւնը կրկնակի վտանգաւոր է յատկապէս հիմա, երբ, ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը վերահսկողութիւն ունի Իրանի հետ ողջ սահմանագծի երկայնքով։ Սա Իսրայէլին հնարաւորութիւն է տալիս աւելի մեծ շառաւղով ուսումնասիրութիւններ անել Իրանի հիւսիսում։ Անցեալ ամիս սպանւեց իրանցի ֆիզիկոս, միջուկային ծրագրի գլխաւոր մասնագէտներից Մոհսէն Ֆախրիզադէն։ Նրա սպանութեան մի վարկած կայ, ըստ որի իսրայէլական հետախուզութիւնը սպանութիւնն իրագործելու նպատակով օգտագործել է արբանեակային տւեալներ եւ անօդաչու սարքեր, իսկ նման դէպքերում վճռորոշ դերակատարում է ունենում նաեւ հետախուզութեան ոլորտում տարածաշրջանի գործընկերների դերը։

Եւ երկրորդը՝ տարածաշրջանում Թուրքիայի ամրապնդումը մեծացնում է պանթիւրքական նպատակները կեանքի կոչելու հաւանականութիւնը։ Իսկ այդ նպատակների անբաժանելի մասն են նաեւ Իրանի հիւսիսային նահանգների բնակչութեան «ազատագրման» եւ այդ տարածքներն Իրանից անջատելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Բաքւում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «հաղթանակի շքերթի» ժամանակ Էրդողանը քնարական զեղմամբ յիշատակեց մի քառատող Արաքսից այն կողմ «բռնի անջատւած» եղբայրների մասին։ Թէեւ Իրանի կոշտ արձագանքից եւ Իրանում Թուրքիայի դեսպանի ԱԳՆ կանչւելուց յետոյ Թուրքիայի արտգործնախարար Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտարարեց, թէ Էրդողանը տեղեակ չի եղել այդ տողերի նրբերանգներից, բայց ակնյայտ էր, որ դա Էրդողանի սրտից ու Թուրքիայի որդեգրած քաղաքականութեան տրամաբանութիւնից էր բխում։

Նշածս մտահոգութիւնները Իրանի քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննարկման առարկայ են դարձել նոյեմբերի 9-ից անմիջապէս յետոյ, իսկ առավել սրվել հատկապես Էրդողանի ծավալապաշտական յայտարարութիւնների արդիւնքում։

Տարբեր վերլուծութիւնների, մասնագիտական կարծիքների հետ մէկտեղ՝ առանձին միտում է նաեւ իրանական ամենատարբեր թերթերի ու կայքերի էջերում Էրդողանին ու նրա ցանկութիւնները պատկերող ծաղրանկարների տարածումը։

Թուրքիայի քաղաքականութիւնը քննադատող քննարկումներ են յայտնւում նաեւ քաղաքական շրջանակներում։ Հակաթուրքական յայտարարութիւններով է հանդէս գալիս յատկապէս Իրանի Շազանդ քաղաքի պատգամաւոր, Մեջլիսի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքական յանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը, որ պարբերաբար իր ելոյթներով հակադարձում է Էրդողանին ու Թուրքիային, իսկ իր երկրի ԱԳՆ-ից ու գործընկերներից աւելի կոշտ դիրքորոշումներ պահանջում։

Այս պատգամաւորի ելոյթները, ինչպէս նաեւ վերր յիաշատակւած ծաղրանկարներն առանձնայատուկ ոգեւորութեամբ են տարածւում նաեւ հայկական մեդիայում։ Պէտք է հաշւի առնել, սակայն, որ նախ սա ընդդիմադիր պատգամաւորի դիրքորոշում է եւ ոչ թէ Իրանի մեջլիսի միասնական մօտեցումը, եւ երկրորդ, այսպիսի սուր ելոյթներից ու ծաղրանկարներից յետոյ ԱԳ նախարարութիւնները ակտիւացնում են իրենց երկխօսութիւնը եւ առկայ տարաձայնութիւնները քննարկելու յաւելեալ հրամայականներ ստեղծում։

Եւ վերջապէս՝ թուրք-իրանական սրւած հակասութիւններն ու հնարաւոր ռազմական բախման սցենարները տարածաշրջանը նոր անկայունութեան յորձանուտ են ներքաշելու, որտեղ, վստահաբար, խաղաղութեան կղզի լինելու հնարաւորութիւն չենք ունենալու։ Հետեւաբար՝ ոգեւորութեան առիթն այդ անպտուղ եւ վտանգաւոր է մեզ համար։

«Aliqmedia.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։