Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Կապանի «Արմատ» սահմանապահ կամաւորական ջոկատի հրամանատար Արթուր Արամեանի հետ խօսում էի Սիւնիքի այսօրւայ վիճակի մասին:
«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«Կապանի «Արմատ» սահմանապահ կամաւորական ջոկատի հրամանատար Արթուր Արամեանի հետ խօսում էի Սիւնիքի այսօրւայ վիճակի մասին:
Մտահոգութիւն ասւածը քիչ է, բայց միաժամանակ սահմանին ապրող հայերը աւելի իրական են գնահատում իրավիճակը:
«Աշխարհաքաղաքական փոփոխութիւններ են եղել աշխարհում, ու մենք պէտք է քայլենք այդ փոփոխութիւններին համապատասխան, ոչ թէ հետեւենք 30 տարի առաջւայ քարտէզներին: Մարդիկ իրենց անվտանգութեան գօտին են ուզում ապահովել, ոչ թէ ապրել թշնամու զօրքից 300 մետր հեռաւորութեան վրայ»,- Արթուրի խօսքերն են:
Կապանցի սահմանապահը չի հասկանում Սիւնիքի արեւելեան ամենակարեւոր բարձունքները թշնամուն յանձնելու տրամաբանութիւնը:
Բարձունքներն ընդհանրապէս անվտանգութեան բնական երաշխաւոր են, հակառակորդ կողմի համար՝ յարձակման լաւ նախապայման: Որեւէ մէկը կարող է՞ վստահ լինել, որ Կապանի յարակից բարձունքներից Ադրբեջանը չի յարձակւի:
Ըստ Արթուր Արամեանի՝ ՀՀ որոշ պաշտօնեաներ սիւնեցիներին ասել են, թէ այդ բարձունքները մեզ պէտք չեն: Ինձ հետաքրքիր է, այդ մարդիկ պետական մտածողութիւն ունեցող մարդիկ ե՞ն եղել, թէ՞ «խաղաղարարութեան» ինչ-որ նախաձեռնութիւններից:
Չկայ անպէտք բարձունք:
Սիւնեցիներին եւս պաշտօնեաները համոզում են, թէ պէտք է գնալ «ցաւոտ զիջումների», որպէսզի ապահովենք վաղւայ համերաշխութիւնը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:
Զանգեզուրի, յատկապէս Սիւնիքի հայերը, որոնք տեսել են 1915-ի ցեղասպանութիւն, տեսել են 1990-ականների յարձակում Նախիջեւանից ու Արցախի հարաւում տեղաւորւած ադրբեջանական զօրքից, տեսել են ազգամիջեան բախումների հրահրում Սիւնիքում նստած թուրք-թաթարական բնակչութեան հետ, չեն կարող հաւատալ որեւէ բարեկամութեան:
Հեքիաթներին ես էլ վաղուց չեմ հաւատում: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առաջիկայ տասնամեակներում եւս բարեկամութիւնը անհնար է: Նախ՝ նրանք երբեք չեն դադարի Հայաստանը բնաջնջելու մտքից, ապա՝ մենք երբեք չենք կարող հրաժարւել մեր տարածքները վերադարձնելու գաղափարից ու աշխատանքից:
Հետեւաբար՝ պայքարը յաւերժ է, պէտք է անընդհատ պատրաստւել, որքան էլ անհեռատես գործիչները մեզ կրաւորական կեցւածք քարոզեն ու հերթով զիջեն մեր կենսական տարածքները»: