Print this page
10/01/2021 - 13:38

«Իրանում արձանագրւել է մուտացիայի ենթարկւած բրիտանական կորոնավիրուսի 4 նոր դէպք». Նամաքի

«Մեր երկրում արձանագրւել է մուտացիայի ենթարկւած բրիտանական կորոնավիրուսի 4 նոր դէպք». այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յայտնաբերումից յետոյ, վարակակիրներն մեկուսացւել են, եւ այժմ ստանում են համապատասխան բուժում:

«alikonline.ir» - «Մեր երկրում արձանագրւել է մուտացիայի ենթարկւած բրիտանական կորոնավիրուսի 4 նոր դէպք». այս մասին յայտարարել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ յաւելելով, որ յայտնաբերումից յետոյ, վարակակիրներն մեկուսացւել են, եւ այժմ ստանում են համապատասխան բուժում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Առողջապահութեան նախարարն անդրադառնալով մուտացիայի ենթարկւած կորոնավիրուսի նոր տարբերակի համախտանիշներին նշել է, որ այն տարածւում է աւելի արագ, քան մինչ այժմ յայտնի տեսակը:

Նախարար Նամաքին նաեւ յաւելել է, որ Բրիտանիայում յայտնաբերւած եւ մուտացիայի ենթարկւած կորոնավիրուսը տարածւել է գրեթէ ամբողջ աշխարհում, մասնաւորապէս՝ եւրոպական երկրներում, եւ հէնց այդ պատճառով էլ, մենք եւրոպայից Իրան մուտք գործող քաղաքացիների համար շարունակում ենք կիրառել որոշ վերահսկողական միջոցառումներ, այդ թւում՝ PCR թեստերի յանձնման անհրաժեշտութեան կանոնները:

Անդրադառնալով կորոնավիրուսի դէմ իրանական պատւաստանիւթի զանգւածային արտադրութեան պրոցեսին նախարար Նամաքին նշել է, որ իրանական պատւաստանիւթերն, այժմ գտնւում են փորձարկումների տարբեր փուլերում:

Ինչ վերաբերում է հակակորոնավիրուսային իրանական պատւաստանիւթի զանգւածային արտադրման պրոցեսի մեկնարկման թւականին, նախարարը նշել է, որ այն նախատեսւում է մեկնարկել յաջորդ գարնանը:

Նա նաեւ շեշտել է, որ կորոնավիրուսի դէմ պայքարի լաւագոյն միջոցները, դեռեւս, շարունակում են մնալ մինչ այժմ փորձւած միջոցառումները, այդ թւում՝ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոնները եւ նախարարի յստակեցմամբ՝ նոյնիսկ պատւաստանիւթի առկայութեան պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանումը պէտք է շարունակեն գործել:

Յարակից լուրեր