ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան խօսնակ Ալիռեզա Միրիւսէֆին արձագանքել է նախօրէին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի անհիմն մեղադրանքներին՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին:
«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութեան խօսնակ Ալիռեզա Միրիւսէֆին արձագանքել է նախօրէին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի անհիմն մեղադրանքներին՝ «Ալ Ղաիդա»-ի հետ Իրանի կապի մասին:
«Այս ծիծաղելի եւ անհիմն մեղադրանքները նորութիւն չեն»,- ամերիկեան ԶԼՄ-ների հետ զրոյցում ասել է իրանցի դիւանագէտը՝ յաւելելով. «Այս մեղադրանքները միայն ամրապնդում են այն փաստը, որ Թրամփի վարչակազմը յուսահատւած, շարունակում է իր ձախողւած հակաիրանական քաղաքականութիւնը»:
Յիշեցնենք, որ Reuters լրատւական գործակալութիւնը տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն մտադիր է օգտագործել վերջերս «գաղտնազերծւած հետախուզական» տեղեկատւութիւնը` Իրանին հրապարակաւ «Ալ Ղաիդա»-ի հետ կապերի համար մեղադրելու նպատակով:
Ըստ գործակալութեան՝ սա Պոմպէոյի «վերջին քայլն» է՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից առաջ:
«Իրանը օգնել էր պլանաւորել սեպտեմբերի 11-ի գրոհները: «Ալ Ղաիդա»-ն ունի նոր շտաբ` Իրանի Իսլամական Հանրապետութիւն»,- յայտարարել է Պոմպէոն՝ յաւելելով. «Իրանը նիւթատեխնիկական աջակցութիւն է ցուցաբերում եւ հովանաւորում է «Ալ Ղաիդա»-ին: Իրանը դարձել է ահաբեկչութեան ամենամեծ հովանաւորը: Իրանը թոյլ է տալիս «Ալ Ղաիդա»-ի անդամներին հեշտութեամբ շփւել արտասահմանի հետ»: