Հա

Քաղաքական

23/01/2021 - 13:30

«ԱՄՆ-ի հետ ուղղակի շփման որեւէ ցանկութիւն չունենք». ԱԳՆ տեղակալ

Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի շփման որեւէ ցանկութիւն չունի: Այս մասին իտալական La Repubblica օրաթերթի հետ զրոյցում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ յստակեցնելով, որ այսպէս կոչւած Միջուկային գործարք պլիւս, նոր համաձայնագիր կամ Միջուկային գործարքի վերաբերեալ նոր բանակցութիւնները բացառւած են:

«alikonline.ir» - Իրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի շփման որեւէ ցանկութիւն չունի: Այս մասին իտալական La Repubblica օրաթերթի հետ զրոյցում յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ յստակեցնելով, որ այսպէս կոչւած Միջուկային գործարք պլիւս, նոր համաձայնագիր կամ Միջուկային գործարքի վերաբերեալ նոր բանակցութիւնները բացառւած են:

Հարցազրյցը՝ ստորեւ.

 

- Պարոն Արաղչի, ինչպէ՞ս էք տեսնում իշխանութեան փոխանցումը Թրամփի վարչակազմից Բայդէնի վարչակազմ: Ինչպէ՞ս կը գնահատէք Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի վրայ յարձակումը:

- Մենք երկու կառավարութիւնների միջեւ իշխանութեան փոխանցման վերաբերեալ որոշակի դիրքորոշում չունենք: Պարզապէս սպասում ենք, թէ ինչպէս է ԱՄՆ նոր նախագահը ցանկանում ուղղել Թրամփի սխալ դիրքորոշումները:

Այն, ինչի մենք ականատես եղանք Կոնգրեսի վրայ յարձակման ժամանակ, հարց է առաջացնում՝ իրօ՞ք ԱՄՆ-ն է ցանկանում աշխարհին սովորեցնել, թէ ինչ է «օրէնքի գերակայութիւնը» եւ ժողովրդավարութիւնը: Վաշինգտոնում տեղի ունեցածը ի ցոյց դրեց ամերիկեան ժողովրդավարութեան իրական դէմքը: Այժմ պարզ է, որ նրանք իրաւունք չունեն աշխարհում ոչ ոքի ասել, թէ ինչպէս է պէտք լուծել ներքին քաղաքական խնդիրները:

 

- Բայդէնը շուտով պէտք է որոշի, թէ ինչ պէտք է անել Միջուկային գործարքի հետ: Որո՞նք են Ձեր պահանջները:

- Իրանի պահանջն իրատեսական է. ԱՄՆ-ն պէտք է չեղարկի պատժամիջոցները եւ վերադառնայ Միջուկային գործարքին: Ես այլընտրանք չեմ տեսնում: Մենք բարեխղճօրէն բանակցեցինք եւ բարեխղճօրէն իրականացրեցինք Միջուկային գործարքի պահանջները: Այժմ հերթն ԱՄՆ-ի նոր վարչակազմինն է, որպէսզի սրբագրի նախորդ վարչակազմի թոյլ տւած սխալները: Միջուկային գործարքին վերադառնալու համար նրանք պէտք է վերացնեն բոլոր պատժամիջոցները: Մենք պատրաստ ենք կատարել Միջուկային գործարքով ստանձնած մեր բոլոր պարտաւորութիւնները, պայմանով, որ ամերիկացիները կատարեն իրենց ստանձնած պարտաւորութիւնները եւ վերացնեն պատժամիջոցները:

 

- Դուք գաղտնի շփումներ ունեցե՞լ էք ԱՄՆ նոր վարչակազմի հետ:

- Մենք որեւէ շփում չենք ունեցել, եւ նման մտադրութիւն էլ չունենք: Բնականաբար, սպասում ենք, որ նրանք ամբողջութեամբ հաստատւեն նոր պաշտօններում եւ սկսեն աշխատել: Այս պահին մենք շահագրգռւած չենք որեւէ անմիջական շփման մէջ, եւ կարծում ենք, որ Միջուկային գործարքը ճիշտ ձեւաչափ է, եւ բանակցութիւնները պէտք է ընթանան այդ ձեւաչափով:

 

- Շատերը, այդ թւում՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները, կարծում են, որ նոր հարցեր, ինչպիսիք են Իրանի հրթիռային կարողականութիւնը, պէտք է ներառւեն Միջուկային գործարքի նոր բանակցութիւններում: Ո՞րն է ձեր պատասխանը:

- Չի լինի Միջուկային գործարք պլիւս, նոր համաձայնագիր, Միջուկային գործարքի վերաբերեալ նոր բանակցութիւններ: Իրանական հրթիռները Իրանի համար միակ հուսալի պաշտպանական միջոցներն են, եւ այս հարցի շուրջ բանակցութիւնները բացառւած են: Այլ հարցերի շուրջ ամէն ինչ կախւած է նրանից, թէ ինչպէս է իրականացւելու Միջուկային գործարքը: Ինչ վերաբերում է Պարսից ծոցի անվտանգութեանը, ապա սա մի հարց է, որը կարող է դառնալ երկխօսութեան առարկայ տարածաշրջանի երկրների միջեւ՝ առանց արտաքին միջամտութեան: Տարածաշրջանային անվտանգութիւնը կարող է քննարկւել հաւաքականօրէն:

 

- Իտալիան մշտապէս լաւ յարաբերութիւններ է ունեցել Իրանի հետ: Ինչպէ՞ս կարելի է ամրապնդել այդ յարաբերութիւնները:

- Իրանը եւ Իտալիան մշտապէս լաւ յարաբերութիւններ են ունեցել, եւ նրանց միջեւ փոխադարձ յարգանք է եղել: Իտալիան միշտ եղել է Իրանի գլխաւոր առեւտրային գործընկերներից մէկը: Պատժամիջոցները վերացման դէպքում երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները կարող են վերսկսւել: Եթէ պատժամիջոցները չչեղարկւեն, երկու երկրներն ամէն դէպքում կարող են մեխանիզմներ մշակել իրենց յարաբերութիւնների ամրապնդման համար:

Քաղաքական համագործակցութեան հետ կապւած, օրինակ, ես կը ցանկանայի նշել Եմէնի ճգնաժամի հետ կապւած գործընթացում Իտալիայի ներգրաււածութիւնը (E4-ի ձեւաչափով), որում ձեր երկրի ներգրաււածութիւնը պայմանաւորւած էր Իրանի պնդմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։