Կորոնավիրուսի տարածւածութեան հնարաւոր մեծացումը մտահոգիչ է: Այս մասին այսօր՝ յունւարի 24-ին կազմակերպւած համահանրապետական վիրտուալ քննարկման ժամանակ յայտարարել է առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ զգուշացնելով, որ նոր բռնկման դէպքում ստիպւած ենք լինելու դիմակայել շատ աւելի բարդ իրավիճակի, քան նախկինում:
«alikonline.ir» - Կորոնավիրուսի տարածւածութեան հնարաւոր մեծացումը մտահոգիչ է: Այս մասին այսօր՝ յունւարի 24-ին կազմակերպւած համահանրապետական վիրտուալ քննարկման ժամանակ յայտարարել է առողջապահութեան նախարար դոկտ. Սայիդ Նամաքին՝ զգուշացնելով, որ նոր բռնկման դէպքում ստիպւած ենք լինելու դիմակայել շատ աւելի բարդ իրավիճակի, քան նախկինում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Կորոնավիրուսի դէմ յաջող պայքարը եւ զոհերը երկնիշ թւի հասցնելը մեծ նւաճում էր, բայց ես մտահոգ եմ, որ այս նւաճումը կարող է վերափոխւել վիրուսի բռնկման նոր փոթորկի, որի կառավարելը չափազանց բարդ է լինելու»,- ասել է նախարարը՝ զգուշացնելով, որ բռնկման նոր ալիքի դէպքում ստիպւած ենք լինելու դիմակայել շատ աւելի բարդ իրավիճակի, քան նախկինում:
«Այս վիրուսի դէմ այսպէս կոչւած շախմատային պարտիայում մի պահ անգամ չի կարելի զգօնութիւնը թուլացնել, այդ պատճառով էլ մեզ անհանգստացնում են հետագայ հնարաւոր ուղեւորութիւնները: Գլխաւոր մտահոգութիւններից մէկը դէպի երկրի հարաւային շրջաններ ուղեւորութիւններն են, քանզի տարածւածութեան մեծացման դէպքում այս վիրուսը կարող է չափազանց վտանգաւոր լինել»,- շեշտել է նախարարը՝ յաւելելով, որ անգլիացիները ստել են, որ վիրուսի մուտացիայի ենթարկւած տեսակը ունի 70 տոկոսով աւելի մեծ փոխանցման հզօրութիւն:
«Իրականում այս վիրուսի մուտացիայի ենթարկւած տարբերակն ունի շատ աւելի բարձր պաթոգենութիւն եւ մահացութիւն, դա ոչ միայն Եւրոպայում է, այլ կարող է պատահել ցանկացած կլիմայական պայմաններում, նոյնիսկ եթէ մենք վերահսկենք երթեւեկութեան բոլոր ուղիները»,- յստակեցրել է դոկտ. Նամաքին: