Տարածաշրջանային այցի շրջանակում, այսօր՝ յունւարի 26-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Մոսկւա:
«alikonline.ir» - Տարածաշրջանային այցի շրջանակում, այսօր՝ յունւարի 26-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ժամանել է Մոսկւա. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Մոսկւա ժամանելուց յետոյ նախարար Զարիֆը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է Ռուսաստան կատարած իր այցի օրակարգին՝ նշելով, որ այցի ընթացքում նախատեսւում է ռուսաստանցի իր գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցութիւնների ծաւալման շուրջ քննարկումների իրականացում:
Ըստ նախարար Զարիֆի՝ քննարկումներ է նախատեսւում տարածաշրջանային հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի մասին, այդ թւում՝ տարածաշրջանային երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ համագործակցութիւնների խորացման հեռանկարները:
Նաեւ քննարկումներ են ծաւալւելու Լեռնային Ղարաբաղի, Միջուկային համապարփակ համաձայնագրի, Սիրիայի ճգնաժամի կարգաւորման, Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակի, եւ դրանց շուրջ ստեղծւած զարգացումների մասին: