Հա

Քաղաքական

17/02/2021 - 13:30

«Միջուկային գործարքի հետ կապւած, եթէ մենք տեսնենք միւս կողմի քայլերը, մենք եւս քայլեր կը ձեռնարկենք». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Նախկին վարչակազմի դէմ 1356 թւականի բահմանի 29-ին տեղի ունեցած Թաւրիզի ժողովրդի ապստամբութեան տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին տեսակապի միջոցով հանդիպել է Ատրպատականի ժողովրդի ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Նախկին վարչակազմի դէմ 1356 թւականի բահմանի 29-ին տեղի ունեցած Թաւրիզի ժողովրդի ապստամբութեան տարելիցի առիթով Իսլ. յեղափոխութեան առաջնորդ, այաթ. Սէյէդ Ալի Խամենէին տեսակապի միջոցով հանդիպել է Ատրպատականի ժողովրդի ներկայացուցիչների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում անդրադառնալով Ատրպատականի ժողովրդի առանցքային դերակատարութեանն Իրանի պատմութեան ընթացքում, մասնաւորապէս՝ նւաճող ուժերին ցուցաբերած նրանց դիմադրութեանը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է. «Ատրպատականն Իրանի անառիկ ամրոցն է եղել օտար նւաճողների դէմ: Մենք անընդհատ մեր ագրեսոր հարեւանների՝ ցարական Ռուսաստանի, Օսմանեան կայսրութեան եւ Խորհրդային Միութեան յարձակումների դէմ-յանդիման ենք կանգնած եղել, եւ եթէ չլինէր Ատրպատականի, չլինէր Թաւրիզի դիմադրութիւնը, այդ յարձակումները կարող էին տարածւել երկրի կենտորնական շրջաններում: Ատրպատականը մշտապէս եղել է անառիկ այն ամրոցը, որը յետ է մղել թշնամիների յարձակումները»:

«Թաւրիզը եւ Ատրպատականը մշտապէս ունեցել են ինքնութեան երկու ընդգծւած եւ հաստատուն յատկանիշներ. մէկը խորը կապւածութիւնն է իսլամին, իսկ միւսն՝ ընդգծւած կապւածութիւնն ու հաւատարմութիւնն Իրանին»,- շեշտել է այաթ. Խամենէին՝ նշելով, որ դրանք չափազանց կարեւոր յատկութիւններ են, որոնց շնորհիւ Ատրպատականի եւ Թաւրիզի ժողովուրդը մշտապէս դիմակայել եւ չէզոքացրել է Իրանը մասնատելուն ուղղւած թշնամիների դաւադիր ծրագրերը:

Անդրադառնալով նախկին վարչակազմի դէմ 1356 թւականի բահմանի 29-ին Թաւրիզի ժողովրդի ընդվզման նշանակութեանը Իսլ. յեղափոխութեաան յաղթանակի գործում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է, որ եթէ չլինէր այդ ընդվզումը հնարաւոր էր, որ նախօրէին՝ դէյի 19-ին, տեղի ունեցած Ղոմի ժողովրդի ընդվզումը մնար որպէս եզակի մի շարժում եւ ապարդիւն անցնէր, այնպէս՝ ինչպէս 1342 թւականի խորդադի 15-ի ժողովրդական ընդվզումը:

Իր ելոյթում այաթ. Խամենէին կարճ ու կոնկրետ անդրադարձել է նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային. «Այսօր ես ցանկանում եմ ընդամենը մէկ նախադասութիւն ասել Միջուկային համաձայնագրի մասին. մենք լսել ենք շատ լաւ խօսքեր եւ խոստումներ, որոնք, սակայն, գործնականում խախտւել են եւ դրանց հակառակն է կատարւել: Խօսքն անօգուտ է, խոստումներն անօգուտ են: Այս անգամ միայն գործնական քայլեր: Եթէ մենք տեսնենք միւս կողմի գործնական քայլերը, մենք եւս քայլեր կը ձեռնարկենք»,- յստակեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Խօսելով առկայ խնդիրների մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ կան բացթողումներ, որոնք անհրաժեշտ է անյապաղ կարգաւորել. «Յեղափոխութեան յաղթանակից ի վեր, մեր ժողովուրդը զգայուն է այդ բացթողումների նկատմամբ: Մարդիկ զգայուն են կոռուպցիայի նկատմամբ, նրանք աւելի զգայուն են դասկարգային անջրպետի նկատմամբ, քան յեղափոխութեան սկզբում, իսկ դա շատ լաւ է»:

Ըստ այաթ. Խամենէիի՝ այս փաստը վկայում է այն մասին, որը ժողովուրդը ծանօթ է յեղափոխութեան իդէալներին եւ հաւատարիմ է դրանց. «Այդ պատճառով էլ բողոքում է կոռուպցիայի դէմ: Որտեղ առկայ է կոռուպցիոն երեւոյթ, մարդիկ ուշադրութիւն են դարձնում եւ հակազդում են: Դա շատ կարեւոր է, եւ վկայում է ժողովրդի ցանկութեան մասին: Հէնց դա է, որ անհրաժեշտ է ուժեղացնել»,- ասել է Յեղափոխութեան առաջնորդը՝ յստակեցնելով. «Մենք պարտաւոր ենք նոր ձեռքբերումներով հատուցել բացթողումների եւ թերութիւնների համար: Մենք ունենք ձեռքբերումներ, այդ թւում՝ շահագրգիռ, նորարար երիտասարդները եւ ծառայութեան պատրաստ մարդկային ռեսուրսը: Թշնամին հակառակն է ասում: Թշնամին փորձում է ընդգծել բացթողումները, փորձում է ուշադրութիւն հրաւիրել բացթողումների վրայ, որպէսզի մտաթող արւեն ձեռքբերումները, որպէսզի մոռացութեան տրւի յեղափոխութեան ուղին»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։