Հա

Քաղաքական

21/02/2021 - 09:32

«Իրանի գործողութիւնները էսֆանդի 5-ին չի նշանակելու Միջուկային գործարքից դուրս գալ». ԱԳՆ տեղակալ

Իրանի գործողութիւնները էսֆանդի 5-ին չի նշանակելու Միջուկային գործարքից դուրս գալ: Այս մասին յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Միջուկային գործարքի վերաբերեալ Իրանի բարի կամքը:

«alikonline.ir» - Իրանի գործողութիւնները էսֆանդի 5-ին չի նշանակելու Միջուկային գործարքից դուրս գալ: Այս մասին յայտարարել է քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել Միջուկային գործարքի վերաբերեալ Իրանի բարի կամքը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հեռուստատեսային հարցազրոյցի ժամանակ Արաղչին անդրադարձել է Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին զարգացումներին՝ յիշեցնելով, որ ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկոյցները վկայում են այն մասին, որ Իրանը ամբողջովին հաւատարիմ է եղել համաձայնագրին:

«Մենք բանակցութիւնների մէջ մտանք նպատակ ունենալով հասնել համաձայնութեան եւ հաւատարիմ մնալ պայմանագրին: Իրանը լիովին հաւատարիմ էր եւ կատարեց գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները: Անգամ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս եկաւ գործարքից, մենք մէկ տարի շարունակեցինք կատարել մեր պարտաւորութիւնները եւ շարունակում ենք մնալ գործարքում»,- ասել է ԱԳՆ տեղակալը՝ յաւելելով. «Միջուկային գործարքը դեմոկրատների գլխաւոր ձեռքբերումներից մէկն է: Սրանք այն մարդիկ են, որոնք իրենք բանակցել են գործարքի շուրջ, եւ դա տեղի է ունեցել իրենց ժամանակ, եւ բնական է, որ նրանք ունեն գործարք վերադառնալու շարժառիթ»:

Նշելով, որ գործարքին վերադառնալու համար Բայդէնի վարչակազմին հեշտ գործ չի սպասւում, Արաղչին ասել է. «Սիոնիստական ռեժիմը միշտ դէմ է եղել Միջուկային գործարքին, եւ տարածաշրջանում կան այլ երկրներ եւս, որոնք դէմ են գործարքին: Բայդէնը յայտարարեց Իրանի հետ 5+1 ձեւաչափով բանակցելու պատրաստակամութեան մասին, բայց թւում է, որ նրանք դեռ չեն կարողացել յաղթահարել իրենց ներքին լարւածութիւնը»: 

Արաղչին շեշտել է, որ չկայ որեւէ տարբերութիւն դեմոկրատների եւ հանրապետականների՝ Իրանի հետ կապւած նպատակներում. «Իրանի հզօրութիւնը վերահսկելու հարցում նրանք չունեն որեւէ տարաձայնութիւնը, հարցը դրա ձեւի եւ ոճի մէջ է: ԱՄՆ ներկայիս վարչակազմը կարծում է, որ Դոնալդ Թրամփի մեթոդն ու առաւելագոյն ճնշումը չեն գործել եւ չեն կարողացել հասնել Իրանի դէմ ԱՄՆ նպատակներին, բայց, միեւնոյն ժամանակ, խօսում են Միջուկային գործարքի ժամկէտի երկարաձգման, տարածաշրջանի եւ հրթիռների մասին: Պարոն Բլինկէնին պէտք է հարցնել՝ արդեօք նա կարծո՞ւմ է, որ այն, ինչ Իրանը չնդունեց առաւելագոյն ճնշման ներքոյ, կընդունի՞ բանակցութիւնների արդիւնքում»,- յստակեցրել է նա: 

Բարձրաստիճան դիւանագէտը բացառել է տարածաշրջանի եւ հրթիռային հարցերով բանակցութեան հնարաւորութիւնը՝ նշելով. «Մենք հաստատ չենք ընդունի, եւ մեր դիրքորոշումը միանգամայն յստակ է: Մենք երբեւէ չենք անդրադառնայ այս խնդիրներին: Մեր պաշտպանական կարողութիւնները քննարկման ենթակայ չեն»: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։