Հա

Քաղաքական

13/04/2021 - 13:00

«Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ դիւերսիոն յարձակումները ԱՄՆ-ին չեն օգնի բանակցութիւններում». Զարիֆը՝ Լաւրովի հետ համատեղ ասուլիսին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնւող ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի միջեւ ընդլայնւած կազմով բանակցութիւններից յետոյ, երկու նախարարները համատեղ մամլոյ ասուլիս են տւել լրատւամիջոցների ներկայացուցիչներին

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Թեհրանում գտնւող ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի եւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի միջեւ ընդլայնւած կազմով բանակցութիւններից յետոյ, երկու նախարարները համատեղ մամլոյ ասուլիս են տւել լրատւամիջոցների ներկայացուցիչներին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մեր երկրի արտաքին գերատեսչութեան ղեկավարը նշելով, որ Իրանը պատրաստ է վերադառնալ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւններին եւ խափանարար գործողութիւնները միայն ԱՄՆ-ի դիրքերն են թուլացնում, յստակեցրել է. «Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ դիւերսիոն յարձակումները չեն կարող վերածւել ԱՄՆ-ի համար բանակցութիւններում ճնշման գործիքի»:

Ողջունելով Ռուսաստանի վճռական դիրքորոշումը Նաթանզի միջադէպի դատապարտման հետ կապւած, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել երկու երկրների միջեւ գործակցութիւնը, եւ աշխատել յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ:

ԱԳ նախարարը նշելով, որ ԱՄՆ-ն պէտք է վերադառնայ Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին եւ Իրանը, միայն միւս կողմի անկեղծութիւնը ստուգելուց յետոյ, կը վերադառնայ գործարքին, յաւելել է. «Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումների շրջանակում, մենք պատրաստ ենք պարտաւորութիւնների կատարմանը վերադառնալուն: Նրանք, սակայն, պէտք է գիտակցեն խափանարար իրենց գործողութիւնների հետեւանքների մասին: Ո՛չ պատժամիջոցները, ո՛չ դիւերսիոն յարձակումները չեն կարող վերածւել ԱՄՆ-ի համար բանակցութիւններում ճնշման միջոցների, դրանք միայն բարդացնում են իրավիճակը»,- յստակեցրել է ԱԳ նախարարը:

Նշելով, որ ՌԴ-ի եւ Իրանի միջեւ ստորագրւած պայմանագիրը, Իրանում Sputnik V պատւաստանիւթի արտադրութիւնն է նախատեսում, դոկտ. Զարիֆը ընդգծել է. «Կորոնավիրուսի դէմ պայքարում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւաւորւած համագործակցութիւնը դրական դինամիկայ է արձանագրում, այն աւելի մեծ խմբաքանակներով գնման եւ համատեղ արտադրութեան առիթ է տալու»:

Պատասխանելով, ԵՄ-ի վերջին գործողութիւնների վերաբերեալ հարցմանը, նախարար Զարիֆը նշել է. «Եւրոպացիների վերջին մօտեցումները, միջուկային համապարփակ համաձայնագրի հարցով եւ նրանց շարունակական անարդիւնաւէտութիւնը միջազգային քաղաքական ոլորտում, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի ճնշումների նկատմամբ կրաւորական դիրքորոշումը փաստում են, որ այդ ինստիտուտը միջազգային յարաբերութիւններում, այլեւս չունի վճռորոշութիւն»:

ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը լրագրողների հետ համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում բարձր է գնահատել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւների ներկայ մակարդակը՝ նշելով, որ հակաիրանական բոլոր պատժամիջոցներն անխտիր պէտք է վերացւեն:

Նշելով, որ պատժամիջոցների հարցում Ռուսաստանի դիրքորոշումները յստակ են եւ անփոփոխ, Լաւրովը  յստակեցրել է. «Բոլոր պատժամիջոցները պէտք է վերացւեն: Մենք այդ հարցում վճռական ենք տրամադրւած, եւ յոյս ունենք դրանց վերացումը կը նպաստի երկու երկրների միջեւ համագործակցութեան ընդլայնմանն եւ նոր գործակցութեան ծաւալմանը»:

Ըստ Լաւրովի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի վերականգնման ուղղին յստակ է, այն ԱՄՆ-ի վերադարձն է Գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների կատարմանը, հակառակ դէպքում, ըստ նրա՝ հետեւանքները կարող են ծանր լինել այդ երկրի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։