Հա

Քաղաքական

18/05/2021 - 10:10

«Իրանը Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան կը պահանջի Հայաստանը»․ Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեան

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սիւնիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարաւոր զարգացումների վերաբերեալ, սակայն կարդացել է նրա անհանգստութիւնը տեղի ունեցողի վերաբերեալ։

«alikonline.ir» - Իրանի Մեջլիսի հայազգի պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ չնայած ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հետ Սիւնիքում տեղի ունեցողի, Իրանի հետ ՀՀ սահմանին հնարաւոր զարգացումների վերաբերեալ, սակայն կարդացել է նրա անհանգստութիւնը տեղի ունեցողի վերաբերեալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց նա՝ անդրադառնալով Սիւնիքում տեղի ունեցող զարգացումների վերաբեալ Իրանի դիրքորոշմանը։ Նա նաեւ նշեց, որ լրատւամիջոցներից էլ տեղեկացել է իրանցի եւ ադրբեջանցի սահմանապահների փոխհրաձգութեան մասին, որի արդիւնքում երկու ադրբեջանցի են զոհւել, ինչն էլ արդէն վկայում է, որ Իրանում որոշակի զգուշացում կայ զարգացումների հետ կապւած։

«Վստահ եմ, որ իրանական կողմը հետեւում է զարգացումներին, բայց թէ կուլիսների հետեւում կա՞ն բանակցութիւններ, արդեօ՞ք ճնշումներ գործադրւում են Ադրբեջանի, Թուրքիայի վրայ, կամ թէ ռուսական կողմին մղո՞ւմ են, որ աւելի ակտիւութիւն ունենայ, դժւար է ասելը։ Կարծում եմ, ամէն դէպքում, բանակցութիւններ կան, բայց թէ ինչ ակտիւութեամբ եւ շեշտադրմամբ են դրանք, նորից դժւար է ասելը»,- ասաց նա։

Իրանի համար, ըստ նրա, կարեւոր է Հայաստանի հետ սահմանների անվտանգութիւնն ու անխախտութիւնը, հետեւաբար նաեւ կարեւոր է Սիւնիքի անվտանգութիւնը։ «Դրանից էլ հետեւում է, որ հարցի վերաբերեալ Իրանը պէտք է իր դիրքորոշումը յստակեցնի, քանի որ Սիւնիքի անվտանգութիւնը բխում է իր շահերից»,- ասաց նա։

Ռոբերտ Բեգլարեանի խօսքով՝ եթէ ինչ-որ մի ձեւով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնութիւններ լինեն Սիւնիքում միջանցքի, ճանապարհների ապաշրջափակման վերաբերեալ, Իրանի միջամտութիւնն իմաստ չի ունենայ, արդէն նա պէտք է համակերպւի իրավիճակի հետ։

«Բայց ներկայ իրավիճակում, երբ տեսնում ենք, որ ոտնձգութիւններ են տեղի ունենում Հայաստանի տարածքային ամբողջականութեան նկատմամբ, արդէն տրամաբանական է դառնում, որ Իրանը պէտք է արձագանքի, քանի որ իր համար սահմանի անվտանգութիւնը «կարմիր գիծ» է, բայց դրա «երանգաւորումն» ինչպէս կը դրսեւորւի, արդէն կորոշեն տարածաշրջանի բարդ զարգացումերը եւ դիւանագիտական հնարաւորութիւնները, իսկ այդ բոլորը վերաբերում են տնտեսական եւ ռազմական կարողութիւններին»,- ասաց նա։

Իրանը, ըստ Ռոբերտ Բեգլարեանի, Սիւնիքում տեղի ունեցող գործընթացներում կը ներգրաււի այնքան, որքան Հայաստանը կը պահանջի եւ կուզի․ դա յայտարարւել է մի քանի առիթներով։ «Հետեւաբար, եթէ հայկական կողմից ինչ-որ արձագաք, պահանջ կամ խնդրոյ առարկայ ներկայանայ, ինձ թւում է, Իրանն անտարբեր չի մնայ, բայց թէ հայաստանեան պետական այրերը, իրավիճակը գնահատելով, ինչ կանեն, արդէն հարց է»,- ասաց նա։

Նա նշեց, որ վերջին օրերին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի հանդիպումներից տեղեակ չէ, բայց ենթադրում է, որ վերջինս իրանական կողմին մանրամասն տեղեակ է պահել, թէ ինչ է տեղի ունենում այս պահին Սիւնիքում։

«Տեղեակ չեմ, արդեօք համագործակցութեան ինչ-որ նոր առաջարկ եղել է, թէ՝ ոչ,- ասաց նա՝ յաւելելով,- ամէն դէպքում, շատ բան կախւած է նաեւ նրանից, թէ Իրանը ինչ գնահատական կունենայ տարածաշրջանային զարգացումների, ուժերի դերաբաշխումների վերաբերեալ։ Ռազմավարական, աշխարհաքաղաքական հարցերը խնդրոյ առարկայ պէտք է լինեն, Իրանը դրանց գնհատական տայ եւ յետոյ նոր յստակօրէն որոշի, թէ ինչպէս միջամտի։ Իհարկէ, կարծում եմ, որ տարածաշրջանային վերջին զարգացումներն ու վայրիվերումները պահանջում էին, որ ե՛ւ Իրանը, ե՛ւ Հայաստանը բոլոր սցենարնեը կանխատեսած լինէին»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։