Հա

Քաղաքական

19/05/2021 - 12:19

Աբոլղասեմ Ֆիրդուսիին եւ Օմար  Խայամին նւիրւած միջոցառում՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի Ֆիրդուսու անւան լսարանում երէկ՝ տեղի է ունեցել «Պարսից պոեզիայի երկու գագաթները» խորագիրը կրող միջոցառումը, որը նւիրւած էր պարսկական գրականութեան երկու հեղինակներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն եւ Օմար Խայամին:

«alikonline.ir»- ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի Ֆիրդուսու անւան լսարանում երէկ՝ տեղի է ունեցել «Պարսից պոեզիայի երկու գագաթները» խորագիրը կրող միջոցառումը, որը նւիրւած էր պարսկական գրականութեան երկու հեղինակներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն եւ Օմար Խայամին:

Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնը եւ ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնը, որին ներկայ էին ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը, ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային, ֆակուլտետի դասախօսներ, ուսանողներ, հիւրեր:

ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնի խորհրդական Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային իր ելոյթում, ողջունելով  ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց Իրանագիտութեան ամբիոնին՝ ցուցաբերած աջակցութեան եւ պատրաստակամութեան համար:

Վերջինս նշեց, որ յիրաւի պարսից պոեզիայում գարունը ծաղկուն է եղել, քանի որ շատ մեծանուն պոետներ հէնց գարնանն են ծնւել՝ Ֆիրդուսի, Սաադի, Խայամ. «Գարնան ընթացքում մենք մեծարում ենք պարսից ամենայայտնի պոետներին՝ սկսելով Սաադիից, շարունակելով Ֆիրդուսիով եւ Խայամով»:

Այս տարի մեծարման միջոցառումների շրջանակում առաջին անգամ մէկ ամիս կը նւիրւի պարսից պոեզիային, եւ խորհրդականը յոյս յայտնեց, որ այս նախադէպն աւանդական կը դառնայ եւ հնարաւորութիւն կը տայ ամէն տարի նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու:

Այնուհետեւ Սէյէդ Հոսէյն Թաբաթաբային ելոյթում անդրադարձաւ պարսկական պոեզիայի երկու անհաս գագաթներին՝ Աբուլղասեմ Ֆիրդուսուն եւ Օմար Խայամին՝ ներկայացնելով նրանց ոչ միայն որպէս տաղանդաւոր բանաստեղծների, այլեւ պարսկերէն լեզւի եւ գիտութեան զարգացման մէջ անգնահատելի դեր ունեցող անհատների:

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանն իր ելոյթի ընթացքում շնորհակալութիւն յայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպանութեան մշակոյթի կենտրոնին  բուռն եւ ակտիւ գործունէութիւն ծաւալելու համար՝ եւս մէկ անգամ նշելով, որ համատեղ ջանքերով  կազմակերպւած իւրաքանչիւր քայլ նպատակ ունի էլ աւելի սերտացնելու հայ-իրանական բարեկամական յարաբերութիւնները: 

Վարդան Ոսկանեանը ելոյթում համառոտ անդրադարձաւ Աբուլղասեմ Ֆիրդուսու եւ Օմար Խայամի մշակութային ու գիտական գործունէութեանը՝ նշելով, որ այս հեղինակներն իրենց անգնահատելի ներդրումն ունեն իրանական ինքնութեան կերտման գործում :

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարմամբ հանդէս եկան նաեւ Երեւանի Ալ. Հեքիմեանի անւան երաժշտական դպրոցի սաները, ասմունքեց Աիդա Ասատրեանը:

Նշենք նաեւ, որ կազմակերպւել էր ասմունքի մրցոյթ, որի արդիւնքներն ամփոփւեցին միջոցառման վերջում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։