Հա

Քաղաքական

26/05/2021 - 10:00

«Իսրայէլական ռեժիմի պաշտօնեաները պէտք է դատւեն»․ Մաջիդ Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին յայտարարել է, որ պաղեստինա-իսրայէլական վերջին հակամարտութեան ժամանակ, Իսրայէլի ռեժիմը միջազգային յանցագործութիւն է կատարել Գազայի հատւածում, եւ դրա համար այդ ռեժիմի պաշտօնատար անձինք պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին յայտարարել է, որ պաղեստինա-իսրայէլական վերջին հակամարտութեան ժամանակ, Իսրայէլի ռեժիմը միջազգային յանցագործութիւն է կատարել Գազայի հատւածում, եւ դրա համար այդ ռեժիմի պաշտօնատար անձինք պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի յատուկ նիստում, որը հրաւիրւել էր զինւած հակամարտութիւններում քաղաքացիական անձանց պաշտպանութեան հարցը քննարկելու համար, Թախթ Ռաւանչին անդրադառնալով այս թեմայով ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի տարեկան զեկոյցին՝ ցաւ է յայտնել այն փաստի համար, որ խաղաղ բնակիչները, յատկապէս՝ կանայք եւ երեխաները, շարունակում են մնալ հակամարտութեան հիմնական զոհերը, եւ որ քաղաքացիական օբիեկտները, ինչպիսիք են հիւանդանոցներն ու դպրոցները, յարձակման են ենթարկւում: 

Անդրադառնալով սիոնիստական վարչակազմի յանցագործութիւններին, յատկապէս՝ պաղեստինցիների բռնի տեղահանմանն իրենց բնակավայրերից, Թախթ Ռաւանչին նշել, որ երբ պաղեստինցիները փորձում են դիմադրել եւ պաշտպանել իրենց իրաւունքները, հանդիպում են Իսրայէլի զինւորականների եւ իրաւապահ ուժերի ամենադաժան վերաբերմունքին եւ յանցագործութիւններին:

«Գազայի դէմ վերջերս իրականացւած դաժան եւ լայնամասշտաբ պատերազմում իսրայէլական ուժերը սպանեցին 248 պաղեստինցու, այդ թւում՝ 66 երեխայի, 39 կնոջ եւ 17 տարեցի, եւ վիրաւորեցին 948 հոգու: 

Իսրայէլական ուժերը ոչնչացրել են նաեւ 30 առողջապահական հաստատութիւն, շուրջ 50 դպրոց եւ այլ ուսումնական հաստատութիւն, ջրային ցանցի շուրջ 50 տոկոսը, եւ 33 լրատւամիջոց, վնասել 43 մզկիթ»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիւանագէտը՝ ընդգծելով. «Այս բարբարոսական գործողութիւնները ցեղասպանութեան, ռազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւնների, մարդկային սկզբունքների եւ հասարակական խղճի ոտնահարման վառ օրինակներ են, որոնք միջազգային հումանիտար իրաւունքի նորմերի հիմքն են»: 

«Նման յանցագործութիւնները, որոնք միջազգային իրաւունքի նորմերի եւ հիմնարար սկզբունքների բնորոշ խախտում են, առաջ են բերում իսրայէլական ռեժիմի միջազգային պատասխանատւութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը, եւ նրա իշխանութիւնները պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւեն այդպիսի ահաւոր յանցագործութիւնների համար»,- յստակեցրել է Թախթ Ռաւանչին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։