Print this page
31/05/2021 - 13:20

«Քննարկումները կենտրոնացած են առանցքային հարցերի վրայ». ԱԳՆ խօսնակ

Վիեննայում ընթացող, Իրանի եւ 4+1-ի միջեւ բանակցութիւնները կենտրոնացած են առանցքային հարցերի վրայ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

«alikonline.ir» - Վիեննայում ընթացող, Իրանի եւ 4+1-ի միջեւ բանակցութիւնները կենտրոնացած են առանցքային հարցերի վրայ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի վերագործարկմանն ուղղւած Վիեննայում ընթացող բանակցութիւնների ընթացքին, Սայիդ Խաթիբզադէն ասել է. «Ես շաբաթներ անընդմէջ յայտարարել եմ Իրանի դիրքորոշման մասին: Մենք մեծ կենտրոնացումով ենք շարունակում բանակցութիւնները: Բանակցութիւնների իւրաքանչիւր փուլ ունի եզրափակիչը լինելու ներուժ, եւ մենք չպէտք է շտապենք: Զգալի առաջընթաց ենք արձանագրել, բայց կան չհամաձայնեցւած առանցքային խնդիրներ»:

ԱԳՆ մամլոյ խօսնակը հաւաստիացրել է, որ բանակցութիւնները չեն յայտնւել փակուղային վիճակում. «Քննարկումները կենտրոնացած են առանցքային խնդիրների վրայ: Մենք չենք շտապում համաձայնութեան գալու համար եւ, միեւնոյն ժամանակ, թոյլ չենք տայ, որ բանակցութիւններն անտեղի ձգձգւեն»,- նշել է նա:

Հարցին, թէ ԱՄՆ-ն համաձայնե՞լ է չեղարկել Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, Խաթիբզադէն պատասխանել է. «ԱՄՆ գործող վարչակազմը մէկ անգամ եւ վերջնական պէտք է որոշի. ցանկանո՞ւմ է արդեօք շարունակել նախորդ վարչակազմի ժառանգութիւնը, թէ՞ ոչ:

Իրանի դիրքորոշումը յստակ է. Թրամփի կողմից Իրանի նկատմամբ կիրառւած բոլոր պատժամիջոցները ուղղւած են Իրանի ժողովրդին Միջուկային գործարքի օգուտներից զրկելուն եւ նպատակային են: Մենք մեր տեսակէտները պարզ ու յստակ արտայայտել ենք: Կարեւոր որոշումներ պէտք է կայացւեն առանցքային հարցերի վերաբերեալ: Մենք հետեւում ենք նոյն ցուցումներին, որոնք ունէինք առաջին իսկ օրւանից»: 

ԱԳՆ մամլոյ խօսնակն ի թիւս այլ հարցերի անդրադարձել է նաեւ նախարար Զարիֆի Բաքու եւ Երեւան կատարած այցերին: «Իրանի սահմաններում եւ Կովկասի տարածաշրջանում զարգացումներն Իրանի Իսլամական Հանրապետութեան համար մեծ կարեւորութիւն ունեն, եւ այս ուղեւորութեան առանցքը խաղաղութեան գործընթացին հետեւելն էր»,- ասել է նա՝ յաւելելով. «Իրանը մշտապէս առաւելագոյն շփումներն է ունեցել Երեւանի եւ Բաքւի հետ, եւ ԱԳ նախարարի այցի ընթացքում քննարկւել են զարգացումների ընթացքը, ինչպէս նաեւ անդրադարձ է կատարւել երկկողմ օրակարգին եւ համաձայնութիւնների ընթացքին»:

 

Յարակից լուրեր