Հա

Քաղաքական

01/07/2021 - 10:00

«Ահաբեկիչների եւ Իսրայէլի ներկայութիւնը Իրանի հիւսիսում ուշադրութեան առանցքում է»․ Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր

Առաջիկայ 10 օրում ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտաւորւել է մի քանի տարածք ներկայացնել Իրանից ժամանած բարձրաստիճան հիւրերին հայ-իրանական բարձր տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը պատւիրակութեան կազմում Հայաստանում է հայ-իրանական գործարար համաժողովի մասնակցելու համար։

«alikonline.ir» - Առաջիկայ 10 օրում ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարտաւորւել է մի քանի տարածք ներկայացնել Իրանից ժամանած բարձրաստիճան հիւրերին հայ-իրանական բարձր տեխնոլոգիական կենտրոն ստեղծելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Արա Շահվերդեանը, որը պատւիրակութեան կազմում Հայաստանում է հայ-իրանական գործարար համաժողովի մասնակցելու համար։

«Պրն․ Քերոբեանը խոստացաւ Երեւանում կամ Երեւանից դուրս ինչ-որ տարածք տրամադրել ԻԻՀ տեխնոլոգիաների նախարարութեանը, եւ Իրանի կողմից շատ բարձր գնահատւեց։ Նաեւ բժշկական տեխնոլոգիաների, գիտահեն ընկերութիւնների շատ լաւ հեռանկար կայ»,- ասաց նա։

Արա Շահվերդեանը նշեց, որ գործարար համաժողովին մասնակցում էր 66 ընկերութիւն Հայաստանից եւ 35 ընկերութիւն Իրանից։

Քննարկւել է նաեւ Իրանից եկող բեռնատարների համար Հայաստանի սահմանին առաջացած բարդութիւնների հարցը․ Իրանի հայազգի պատգամաւորը վստահեցրեց, որ հայկական կողմը խոստացել է բեկանել բեռնափոխադրման կարգի այն փոփոխութիւնը, որն առաջացրել է այդ բարդութիւնները։

«Հիմա հեռանկար կայ․ սահմանը Իրանը բացում է, Իրանից բեռնատարները գալիս են եւ հարկւում են, խօսւել է, որ պէտք է այս ուղղութեամբ Հայաստանի խորհրդարանը քննի, այդ օրէնքը Հայաստանում բեկանի եւ դիւրութիւներ ստեղծի իրանական բեռնատարների եւ բեռնափոխադրման կարգի համար։ Յուսով եմ, որ մօտ ապագայում Հայաստանի խորհրդանում լինի, Իրանն էլ զիջումներ է խոստացել եւ կանի»,- ասաց Արա Շահվերդեանը։

Մօտ մէկ ամիս առաջ Իրանի ճանապարհաշինութեան նախարարի պատւիրակութեան կազմում եւս նա Հայաստանում էր։ Ասաց՝ 3 պայմանագիր են կնքել Իրանի եւ Հայաստանի միջեւ: Այցի երկրորդ օրը Երեւանից Մեղրի են գնացել՝ դէպի սահման եւ ճանապարհը ուսումնասիրել են։

«Իրանական կողմը ցանկութիւն յայտնեց համատեղ վերանորոգել Մեղրիից Երեւան, Կապանից Սիսիան ճանապարհը, որ եկող բեռնատարների համար ապահով լինի։ Միւս ճանապարհը, որը կայ՝ Սիսիանից դէպի Մեղրի եւ այժմ չի գործում, իրանական կողմը պատրաստակամութիւն յայտնեց հայկական կողմի հետ կամ միջազգային վարկերից օգտւելով 5 փուլով սկսել կառուցել․ այն ներառելու է 4 կամուրջներ եւ 8 թունելներ, նոր ճանապարհը Մեղրիից Երեւան խնայողութիւն կը լինի ժամի մէջ եւ աւելի ապահով կը լինի։ Միւս պայմանագիրը Թեհրան-Թաւրիզ-Ջուլֆա երկաթգիծը շարունակել Նախիջեւանից դէպի Երեւան, յետոյ դէպի Թբիլիսի եւ Սեւ ծով։ Նախիջեւանից Երեւան 40 կմ-ի հարց է․ այս երկաթգիծը Սեւ ծովից Կասպից ծով հիւսիս-հարաւ երկաթգիծ է լինում, որ Իրանին եւ հարեւան երկրներին ձեռք է տալիս»,- ասաց Արա Շահվերդեանը։

Այսպէս կոչւած «Զանգեզուրեան միջանցքը», եթէ անցնի Մեղրիով եւ բաժանի Իրանն ու Հայաստանը, Արա Շահվերդեանի համոզմամբ, կառաջացնի Իրանի դժգոհութիւնը։

«Իրանը միշտ յայտարարել է, որ ընդհանրապէս միջազգային սահմանները պէտք է նոյնը մնան եւ որեւէ փոփոխութիւն ընդունելի չէ։ Բնական է, որ Հայաստանի եւ Իրանի միջպետական սահմանը՝ 40 կմ-ը որ ունենք, պէտք է միշտ էլ մնայ, եւ ես չեմ կարծում որ թէ՛ Իրանի, թէ՛ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել, չեմ էլ կարող պատկերացնել, որ այդ սահմանը չլինի։ Իրանն ու Հայաստանը պէտք է մնան երկու հարեւան երկրներ, եւ թէ՛ Հայաստանը, եւ թէ՛ միմեանց համար կարեւոր երկրներ են․ Հայաստանի միջոցով Իրանը կարող է մուտք գործել Եւրասիական շուկայ եւ ԵՄ, մանաւանդ այս օրերին, որ սանկցիաներով շրջափակւած է։ Հայաստանը միջնորդի դեր ունի, եւ Հայաստանը Իրանի 15 հարեւան երկրներից միակն է, որ միտքը հանգիստ, խաղաղ երկիր է եւ որեւէ վտանգ չի ներկայացնում»,-ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամաւորը։

Բացի այս, Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը այս պահին Իրանի տարածքով է անցնում, եւ Իրանում համարում են, որ այդպէս էլ պէտք է մնայ․ Իրանին սա ձեռնտու է տրանզիտի, փոխադրման առումով։ Արա Շահվերդեանը նշեց, որ Իրանի համար շահեկան է, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի կապը Իրանով լինի, Իրանն ու Հայաստանն էլ՝ իրենց յարաբերութիւններն ունենան։

«Պատերազմի օրերից մինչեւ այսօր Իրանի արտգործնախարարը միշտ ասել է, որ կարմիր գծերը Իրանի սահմաններն են։ Բնականաբար, նաեւ հարեւան երկրների հետ սահմանները կարմիր գծեր են, որ թոյլ չի տրւում, որ փոխւեն․ Իրանի եւ Հայաստանի սահմանն էլ մուգ կարմիր գիծ է»,- ասաց Արա Շահվերդեանը։

Իրանի հիւսիսային սահմանին մօտ՝ Արցախից բռնազաւթւած տարածքներում, Ադրբեջանը ահաբեկիչների է տեղակայել․ Արա Շահվերդեանն ասաց՝ ահաբեկիչների եւ Իսրայէլի ներկայութիւնը Իրանի հիւսիսում միշտ ուշադրութեան առանցքում է եղել, Իրանի զինուժը մինչեւ այսօր էլ այնտեղ ներկայ է եւ սահմանը պաշտպանում է։

«Իսրայէլի ներկայութիւնը Իրանի հիւսիսային տարածքում անվտանգութեան հարց է Իրանի համար, եւ Իրանը թոյլ չի տայ, որ Իսրայէլը կամ արտաքին այլ ուժեր Իրանի սահմանը խախտեն, սա շատ լուրջ եւ կարեւոր հարց է»,- նշեց նա։

Իրանի նոր նախագահի՝ Էբրահիմ Ռաիսիի գալստով, Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն աւելի լաւ կը զարգանան, կարծում է Արա Շահվերդեանը։ Թէեւ Իրանի արտաքին քաղաքականութիւնը սովորաբար չի փոխւում, բայց նաեւ Ռայիսին ծանօթ է հայ համայնքին եւ հարեւան երկրի հետ յարաբերութիւններում պէտք է աւելի լաւացնի տնտեսական, քաղաքական, մշակութային յարաբերութիւնները։

Վիեննայի խորհրդաժողովը, որում քննւում է Իրանի միջուկային ծարգրի հարցը, այս պահին էլ շարունակւում է եւ, ըստ ԻԻՀ խորհրդարանի պատգամաւորի, Իրանի պատւիրակութիւնը՝ ներկայ կազմով, թէ ապագայ, միեւնոյն է Իրանի շահերն է պաշտպանելու․եթէ դրոյթներ լինեն Իրանի դէմ, բնական է, բանակցողները չեն ընդունի։ Արա Շահվերդեանը նշեց, որ Իրանն ունի իր շահերը եւ չի կարելի դրանից աւելի ճնշման ենթարկել․ եթէ ճնշում բանեցնեն, իրենք էլ կը պաշտպանեն իրենց իրաւունքները։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։