Հա

Քաղաքական

05/08/2021 - 08:40

Իրանը նամակ է յղել ՄԱԿ-ի ԱԽ նախագահին Mercer Street նաւի վրայ յարձակման կապակցութեամբ

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչի տեղակալ, դեսպան Զահրա Էրշադին Mercer Street լցանաւի վրայ յարձակման կապակցութեամբ նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ զգուշացնելով Պարսից ծոցում եւ դրանից դուրս սիոնիստական ​​ռեժիմի կողմից կեղծ ծովային «միջադէպեր»-ի ստեղծման մասին:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչի տեղակալ, դեսպան Զահրա Էրշադին Mercer Street լցանաւի վրայ յարձակման կապակցութեամբ նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահին՝ զգուշացնելով Պարսից ծոցում եւ դրանից դուրս սիոնիստական ​​ռեժիմի կողմից կեղծ ծովային «միջադէպեր»-ի ստեղծման մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Անդրադառնալով միջադէպի առիթով, 2021 թւականի օգոստոսի 3-ին Լիբերիայի, Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ ԱԽ նախագահին հասցէագրւած նամակին՝ Էրշադին նշել է, որ նամակի հեղինակներն առանց որեւէ ապացոյց ներկայացնելու, իրենց անհիմն պնդումներն ապացուցելու համար, օգտագործելով որոշ տերմիներ, ինչպիսիք են «շատ հաւանական է», «նախնական գնահատականները» եւ «մէկ կամ մի քանի անօդաչու թռչող սարքեր», որոնք անորոշութեան արդիւնք են, ինչպէս նաեւ օգտագործելով անորոշ սահմանումներ, ինչպիսիք են «միջազգային գործընկերները», փորձել են կամայականօրէն Իսլամական Հանրապետութեանը մեղադրել Mercer Street նաւի վրայ յարձակւելու մէջ:

«Այս անհիմն պնդումը, որն առաջին անգամ հնչեց Իսրայէլի ռեժիմի կողմից՝ յարձակումից անմիջապէս յետոյ՝ ակնյայտ քաղաքական դրդապատճառներով, իրականում սխալ է, եւ քաղաքական ու բարոյական առումներով անպատասխանատու, եւ կտրականապէս մերժւում է»,- գրւած է նամակում: Դեսպան Էրշադին յիշեցրել է, որ Իրանը մշտապէս յանձանռու է եղել նաւարկութեան անվտանգութեան ապահովման եւ այդ կապակցութեամբ միջազգային կոնւենցիաներով ստանձնած իր պարտականութիւնների նկատմամբ: 

Յիշեցնելով, որ սիոնիստական ռեժիմը մեծ փորձ ունի նման կեղծ միջադէպեր հրահրելու եւ սադրելու գործում, իրանցի դիւանագէտը զգուշացրել է Պարսից ծոցում եւ դրանից դուրս այդ ​​ռեժիմի կողմից կեղծ ծովային «միջադէպեր»-ի ստեղծման մասին՝ շեշտելով, որ նման անպատասխանատու արարքները վնասում են տարածշրջանի կայունութեանն ու անվտանգութեանը, եւ պէտք է անյապաղ դադարեցւեն:  Զահրա Էրշադին յստակեցրել է, որ անհրաժեշտութեան դէպքում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը չի վարանի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու՝ իր ինքնիշխանութիւնն պաշտպանելու եւ ազգային շահերն ապահովելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։