Հա

Քաղաքական

09/08/2021 - 13:35

«ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի թրամփեան մտածելակերպից». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր՝ օգոստոսի 9-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի թրամփեան մտածելակերպից՝ նշելով, որ վերջին տարիներին այդ երկրի վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողել է, եւ Իրանին չի բաւարարի Միջուկային գործարքից աւելի քիչ արդիւնքներով համաձայնագիրը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր՝ օգոստոսի 9-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն պէտք է հրաժարւի թրամփեան մտածելակերպից՝ նշելով, որ վերջին տարիներին այդ երկրի վարած առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողել է, եւ Իրանին չի բաւարարի Միջուկային գործարքից աւելի քիչ արդիւնքներով համաձայնագիրը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախորդ շաբաթւայ արտաքին քաղաքական զարգացումներն ամփոփելով, Խաթիբզադէն անդրադարձել է Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեան ընթացքում միջազգային բարձրաստիճան պաշտօնեաների ներկայութեանը, Mercer Street լցանաւի վրայ յարձակման վերաբերեալ հակաիրանական սադրիչ յայտարարութիւնների անհիմն լինելուն, Պարսից ծոցի հարցում Իրանի վարած քաղաքականութեանը, Իրաքի ԱԳ նախարարի՝ յաջորդ շաբաթ Իրան նախատեսած այցին, Իրաքի հարցում Իրանի վարած բարի դրացիական քաղաքականութեանը, Աֆղանստանի վերջին զարգացումների ֆոնին՝ միջաֆղանական բանակցութիւնների ծաւալման անհրաժեշտութեանը, տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան ապահովման նպատակով, արտատարածաշրջանային ուժերի ակտիւութեան բացառմանը եւ այլ թեմաների:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի՝ Mercer Street լցանաւի վրայ յարձակման յետեւում Իրանի կանգնած լինելու վերաբերեալ մեղադրանքներին անդրադառնալով Խաթիբզադէն նշել է, որ նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատարին եւ Ռումինիայի դեսպանին ԱԳՆ ենք կանչել՝ կապւած այդ երկրների կառավարութիւնների, այդ թւում, նաեւ, Բորիս Ջոնսոնի հնչեցրած անհիմն մեղադրանքներին:

Խաթիբզադէն անդրադառնալով, Պարսից ծոցում եւ միջազգային ջրերում անվտանգութեան պահպանմանը նշել է, որ միջազգային ջրերում նաւարկութեան պաշտպանն ու աջակիցն է Իրանը՝ յաւելելով, որ Պարսից ծոցի անվտանգութեան ապահովումը մեր երկրի կարմիր գծերից է:

Դատապարտելով G7 երկրների յայտարարութիւնը, ըստ որի՝ մեր երկրի վրայ է դրւում լցանաւի դէմ յարձակման պատասխանատւութիւնը, Խաթիբզադէն շեշտել է, որ Իրանը խստօրէն դատապարտում է այդ յայտարարութիւները եւ մերժում է մեղադրանքները:

«Նման յայտարարութիւնները ոչ միայն չեն նպաստում խաղաղութեան ամրապնդմանը, այլ, ունեն հակառակ էֆեկտը՝ խախտում են այդ ջրերում անվտանգութեան պահպանմանը»,- ասել է ԱԳ նախարարի պաշտօնական ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Միջուկային գործարքի վերականգնման քայլերին, ապա Խաթիբզադէն նշել է, որ եթէ ԱՄՆ-ն վերադառնայ Գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին, այդ դէպքում Իրանը կիրականացնի փոխհատուցման միջոցառումներ:

Իրանը կարեւորում է Իրաքի տարածքային ամբողջականութեան եւ միասնականութեան պահպանումը, նշել է Խաթիբզադէն՝ աւելացնելով, որ Իրանը, նաեւ սերտ յարաբերութիւններ ունի իրաքեան տարբեր խմբաւորումների, այդ թւում՝ Իրաքեան Քուրդստանի ներկայացուցիչների հետ, եւ կարեւորում է տարածաշրջանի տւեալ հատւածի խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատմանը միտւած քայլերի ձեռնարկումը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։