Հա

Քաղաքական

13/10/2021 - 08:30

Հայաստանում է գլխաւոր դատախազ Մոնթազերին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի հրաւէրով եռօրեայ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրան գլխաւոր դատախազ հոջ. Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զւարթնոց» օդանաւակայանում իրանական պատւիրակութեանը դիմաւորել է ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Գէորգ Բաղդասարեանը:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի հրաւէրով եռօրեայ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրան գլխաւոր դատախազ հոջ. Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: «Զւարթնոց» օդանաւակայանում իրանական պատւիրակութեանը դիմաւորել է ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Գէորգ Բաղդասարեանը:

Yerkir.am-ին ՀՀ գլխաւոր դատախազութիւնից յայտնել են, որ վերջին 8 տարւայ ընթացքում Իրանի գլխաւոր դատախազի առաջին այցը մեկնարկել է ՀՀ գլխաւոր դատախազի հետ կայացած ընդլայնւած կազմով բանակցութիւններով:

ՀՀ գլխաւոր դատախազութիւնում ընդունելով հիւրին եւ վերջինիս գլխաւորած պատւիրակութեանը՝ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը նախ շնորհակալութիւն է յայտնել իր գործընկերոջը՝ հրաւէրը չմերժելու եւ չնայած կորոնավիրուսային համավարակի յարուցած դժւարութիւններին, այս կարեւոր այցն իրականացնելու համար: Վերջինս, ըստ Արթուր Դաւթեանի՝ ընդգծում է այցի նշանակութիւնն ինչպէս գործընկեր կառոյցների միջեւ գործակցութեան ամրապնդման, այնպէս էլ հարեւան երկրների միջեւ նաեւ իրաւական ոլորտում ջերմ, բարեկամական յարաբերութիւնների զարգացման առումով:

«Իրանը Հայաստանի վստահելի ընկեր եւ լաւ հարեւան երկիր է, մեր յարաբերութիւններն ունեն հարիւրամեակների պատմութիւն։ Իրանը նաեւ Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերն է, մենք ունենք նաեւ շատ ակտիւ հայկական համայնք Իրանում: Իրանում է գտնւում զգալի հայկական մշակութային ժառանգութիւն, որն արժանանում է իրանական իշխանութիւնների հոգատար վերաբերմունքին, ինչում ես համոզւեցի 2018թ․ նոյեմբերին Թեհրան կատարած իմ այցի ընթացքում։

Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների բարձր մակարդակի մասին են վկայում մեր պետութիւնների ղեկավարների բազմաթիւ հանդիպումներն ու քննարկւող հարցերի բազմաշերտութիւնը: Իսկ մեր պետութիւնների գլխաւոր դատախազութիւնների միջեւ համագործակցութիւնը կրում է շարունակական բնոյթ»,- ասել է ՀՀ գլխաւոր դատախազը:

Պարոն Մոնթազերին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար եւ համոզւածութիւն յայտնել, որ փոխադարձ այցելութիւնները եւ օրակարգային հարցերն ամենաբարձր մակարդակով անմիջականօրէն քննարկելու հնարաւորութիւնը խթանում է դատախազութիւնների, իրաւապահ համակարգերի միջեւ համագործակցութեան հետագայ խորացումը, ինչը համահունչ է երկու երկրների միջեւ վերընթաց բազմավեկտոր յարաբերութիւնների մակարդակին: Նա շեշտել է իրանահայերի նշանակալի ներդրումը Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կեանքում եւ ընդգծել, որ առկայ փոխադարձ վստահութեան շնորհիւ երկկողմ յարաբերութիւններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում: 

Հանդիպման ընթացքում քննարկւել են երկու երկրների դատախազութիւնների համագործակցութեան ծրագրերից բխող՝ յանձնման եւ քրէական գործերով իրաւական օգնութեան բնագաւառում համագործակցութեան, թմրամիջոցների մաքսանենգութեան եւ ապօրինի շրջանառութեան, ինչպէս նաեւ ապօրինի սահմանահատումների եւ ապօրինի միգրացիայի դէմ համատեղ պայքարին, նման յանցաւոր դէպքերով քննութիւնների, յանցաւոր ծագման ակտիւների յայտնաբերման, առգրաւման, բռնագրաւման եւ արտերկրից վերադարձման ուղղութեամբ փորձի փոխանակմանն ուղղւած միջոցառումների շարունակման խնդիրները: 

Բանակցութիւնների ընթացքում առարկայ են դարձել քրէական գործերով իրաւական օգնութեան շրջանակներում Իրանի իրաւապահ մարմիններին ներկայացւող միջնորդութիւնների կատարման ժամկէտների բարելաւման միտումների խթանման հնարաւորութիւնները, Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացի դատապարտեալների պատժի կրման, յանձնման գործընթացները, մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի ներմուծման եւ տարանցման դէմ պայքարի ոլորտում իրաւապահ մարմինների համագործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացումը, այդ շրջանակում մաքսակէտերում հսկողութեան տեխնիկական միջոցների արդիականացման հնարաւորութիւնները, հոգեմէտ նիւթ կամ թմրամիջոց պարունակող դեղահաբերի տեղափոխման սահմանափակումներից միմեանց երկիր այցելող քաղաքացիների իրազեկւածութեան բարձրացումը: 

Անդրազգային յանցաւորութեան դէմ պայքարի համատեքստում գլխաւոր դատախազների կողմից կարեւորւել է տարածաշրջանը միջազգային ահաբեկչութիւնից զերծ պահելու, ահաբեկչական խմբաւորումների ներկայութիւնը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտութիւնը, որն արդիական է դարձել յատկապէս 2020թ. արցախեան պատերազմի ընթացքում հակամարտութեան գօտի նման խմբաւորումների տեղափոխման եւ տեղակայման պատճառով: ՀՀ գլխաւոր դատախազը բարձր է գնահատել այս հարցում իրանական կողմի ընդգծւած անհանդուրժողական դիրքորոշումը, եւ փոխանցել այս չարիքի դէմ համատեղ պայքարում ցանկացած ձեւաչափով ներգրաււելու Հայաստանի պատրաստակամութիւնը: Պարոն Մոնթազերին եւս շեշտել է տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան առկայ այդ սպառնալիքի դիմագրաւման խնդիրը՝ նշելով, որ Իրանն իր անմիջական հարեւանութեամբ չի հանդուրժելու ահաբեկչութեան ծաւալում:   

Արթուր Դաւթեանն ներկայացրել է 2020թ. արցախեան պատերազմից յետոյ հակամարտութեան գօտում կայունութեան, բնակչութեան անվտանգութեան եւ կենսական իրաւունքների պաշտպանութեան ուղղւած ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկայ հումանիտար խնդիրները:

Քննարկւել են նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ունեցող այլ հարցեր, մասնաւորապէս, Արաքս գետի աւազանի բնակչութեան մաքուր շրջակայ միջավայր ունենալու իրաւունքի եւ բնապահպանական խնդրների լուծման իրաւական մեխանիզմներ գտնելու, այդ ոլորտում հետագայ համագործակցութեան համար աշխատանքային ձեւաչափեր մշակելու հնարաւորութիւնները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։