Հա

Քաղաքական

18/10/2021 - 13:00

«Ալիեւի յայտարարութիւնները կեղծ են. նա փորձում է խուսափել պատասխանատւութիւնից». Արա Շահվերդեան

«Առաջին լրատւական»-ի հարցերին պատասխանել է Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանը:

«alikonline.ir» - «Առաջին լրատւական»-ի հարցերին պատասխանել է Իրանի խորհրդարանի հայ պատգամաւոր Արա Շահվերդեանը:

 

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին եւ Իրանին մեղադրել է դէպի Եւրոպա թմրաշրջանառութիւն կազմակերպելու մէջ: Ինչպէ՞ս էք գնահատում նման յայտարարութիւնը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

- Ադրբեջանի նախագահի արտայայտութիւնները Հայաստանի եւ Իրանի վերաբերեալ կեղծ են եւ երկու երկրների նման հարցով համագործակցութիւնը բացառւում է։

Մինչդեռ, Իրանը եւ Հայաստանը մշտապէս համագործակցութիւններ են ծաւալել թմրանիւթերի դէմ պայքարի ապօրինի շրջանառութիւնը կանխարգելման ուղղութեամբ։ Այդ մեղադրանքը կեղծիք է, ընդհանրապէս Ադրբեջանի նախագահը փորձում է խուսափել պատասխանատւութիւնից՝ այդ երկրի կողմից Գորիս- Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար խոչընդոտներ առաջացնելու եւ իրանցի վարորդների ձերբակալման հարցին լուծում չտալու վերաբերեալ։

Ադրբեջանը շարունակում է վարել իր ծաւալապաշտական քաղաքականութիւնը և, դրա վկայութիւնը թուրքական եւ իսրայէլական ուժերի համագործակցութեամբ դէպի Նախիջեան նկրտումներն են։

- Նախօրէին ՀՀ նախագահի հրամանագրով յետ է կանչւել Իրանում Հայաստանի դեսպան Արտաշէս Թումանեանը: Ձեր կարծիքով ինչո՞ւ: Որքանո՞վ էր դա պայմանաւորւած նրանով, որ Թումանեանը սերտ առնչութիւններ ունի ՀՅԴ-ի հետ: Ինչ ակնկալիքներ ունեք նոր դեսպանից։

- Ընդհանրապէս բոլոր դեսպանները երեք տարով են իրականացնում տւեալ երկրում դիւանագիտական առաքելութիւնները, մինչդեռ պարոն Թումանեանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակւել արդէն 6 տարի։ Պարոն Թումանեանը գնահատելի առաքելութիւն իրականացրեց Իրանում որպէս դեսպանի իր պաշտօնում։ Այս տարիների ընթացքում շարունակւեց զարգանալ Իրան- Հայաստան բազմակողմանի յարաբերութիւնները, հակառակ կորոնավիրուսային համավարակի բերումով ստեղծւած իրավիճակի, տնտեսական յարաբերութիւնները նոյնպէս շարունակ զարգացում արձանագրեցին։ Ապրանքաշրջանառութեան աճ նոյնպէս գրանցւեց։ Պարոն Թումանեանը ունի դիւանագիտական առաքելութիւն իրականացնելու մեծ փորձ, ապագայում նա կարող է ստանձնել այլ դիւանագիտական առաքելութիւններ։ Ինչ վերաբերում է ԻԻՀ-ում ՀՀ նոր դեսպանին, ապա ակնկալիքներն այն են, որ պարոն Արսէս Առաքելեանը նոյնպէս կը շարունակի ջանքեր գործադրել Իրան- Հայաստան յարաբերութիւնների առաջընթացի ուղղութեամբ: Համոզւած եմ, որ այդպէս կը լինի։ Նոր եւ դրական զարգացումների ակնկալիքներ ունենք՝ հանուն հայ-իրանական յարաբերութիւնների մերձեցման:

- Իրան-Հայաստան յարաբերութիւնների ներկայ փուլն ինչպէ՞ս էք գնահատում։

- Իրանի եւ Հայաստանի դրացիական եւ բարեկամական յարաբերութիւնները ունեն պատմական անցեալ եւ մեծ ներուժ։ Իրան-Հայաստան յարաբերութիւնները բարձր մակարդակի վրայ են գտնւում եւ ես բարձր եմ գնահատում հայ-իրանական համագործակցութիւնը, որը հիմնւած է դարաւոր բարեկամութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ: Վերջին տարին հակառակ կորոնավիրուսի համավարակով ստեղծւած իրավիճակի, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան եւ առևտրաշրջանառութեան ծաւալները շարունակել են աճ արձանագրել։ Բնականաբար, իրացւած չէ ամբողջ ներուժը եւ առկայ են հսկայական հնարաւորութիւններ, առհասարակ հայ-իրանական առեւտրատնտեսական եւ ամենատարբեր ոլորտի յարաբերութիւններն աւելի մեծ ներուժ ունեն, եւ դրանք պէտք է առաւելագոյն արդիւնաւէտութեամբ օգտագործել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։