Հա

Քաղաքական

28/11/2021 - 13:20

«Իրանն անվերապահօրէն աջակցում է ԷԿՕ-ին». նախագահ Ռէյիսի

Իրանն անվերապահօրէն աջակցում է ԷԿՕ-ին եւ նրա ծաւալած գործունէութեանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ԷԿՕ) 15-րդ գագաթնաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Իրանն անվերապահօրէն աջակցում է ԷԿՕ-ին եւ նրա ծաւալած գործունէութեանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ԷԿՕ) 15-րդ գագաթնաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

Ելոյթ ունենալով Կազմակերպութեան 15-րդ գագաթնաժողովի ընթացքում, նախագահ Ռէյիսին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնն առանձնայատուկ առաջնահերթութիւն է տալիս ասիական երկրների, յատկապէս՝ Հարաւային Ասիայի, Արեւմտեան Ասիայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի իր հարեւանների հետ տնտեսական համագործակցութեանն ու գործընկերութեանը: 

Անկասկած, տարածաշրջանային կազմակերպութիւնների՝ որպէս երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան օժանդակողների դերի եւ դիրքի ամրապնդումը մեր մտահոգութիւններից է, եւ որի բացայայտ դրսեւորումներից է Տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնը»: 

Անդրադառնալով ԷԿՕ-ի՝ որպէս տարածաշրջանային նշանակութեան կազմակերպութեան առանձնայատկութիւններին, այդ թւում՝ ֆինանսատնտեսական հզօրութեանը, աւելի քան կէս մլրդ. բնակչութեանը, աշխարհի էներգետիկ ռեսուրսների մէկ երրորդի սեփականութիւնը, մարդկային ռեսուրսին եւ աշխարհագրական եզակի դիրքին, այաթ. Ռէյիսին ասել է. «Տարիների ընթացքում ԷԿՕ-ում լաւ ձեռքբերումներ եւ առաջընթաց է գրանցւել, սակայն ձեռք բերւած յաջողութիւնների եւ Կազմակերպութեան իրական կարողութիւնների եւ հզօրութեան միջեւ դեռեւս զգալի անջրպետ կայ: Օրինակ, չնայած բարձր առեւտրային ներուժին, ներտարածաշրջանային առեւտուրը դեռեւս 10%-ից ցածր է»: 

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս կարեւոր երկիր, ձգտում է բարելաւել համագործակցութեան մակարդակը ԷԿՕ-ում եւ բարձրացնել այս Կազմակերպութեան վարկանիշն ու կարգավիճակը տարածաշրջանային եւ միջազգային յարաբերութիւններում: Մենք կարծում ենք, որ Կազմակերպութեան վերելքի համար կան արդիւնաւէտ գործիքներ, որոնք, անդամների գործակցութեան դէպքում, երկրների նիւթական առաջընթացից բացի կարող են ապահովել ապագայ սերունդների բարեկեցութիւնը»,- ասել է նա: 

Անդրադառնալով Հարաւային Կովկասի իրադարձութիւններին, նախագահը գոհունակութիւն է յայտնել հակամարտութեան աւարտի առիթով՝ նշելով, որ խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդումը կարող է խթանել տարածաշրջանի առաջընթացին: 

Նա, միեւնոյն ժամանակ, յատուկ կարեւորել է Հարաւային Կովկասի երկրների տարածքային անձեռնմխելիութեան հարցն՝ ընդգծելով. «Կովկասի երկրների համագործակցութիւնը հիմնւած պէտք է լինի փոխադարձ յարգանքի, երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման ու միջազգային կանոնների յարգման վրայ, որոնք կը երաշխաւորեն խաղաղութիւնն ու կայունութիւնը եւ ճանապարհ կը հարթեն տարածաշրջանի երկրների առաջընթացի ու զարգացման համար»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։