Առաջին հնարաւորութեան դէպքում կը կայանայ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ Հանրապետութեան նախագահի միջեւ հանդիպումը, այս մասին յայտնել է կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի յատուկ խորհրդական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին՝ երէկ դեկտեմբերի 26-ին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ հանդիպման ընթացքում:
«alikonline.ir» - Առաջին հնարաւորութեան դէպքում կը կայանայ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ Հանրապետութեան նախագահի միջեւ հանդիպումը, այս մասին յայտնել է կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի յատուկ խորհրդական Սէյէդ Մոհամմադ Հոսէյնին՝ երէկ դեկտեմբերի 26-ին Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների հետ հանդիպման ընթացքում. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով կայացած հանդիպման ընթացքում նախագահի յատուկ խորհրդականը շնորհաւորել է պատգամաւորներին, նրանց փոխանցել է նախագահի ջերմագին բարեւները եւ պատգամը, որ նախագահն առաջին իսկ առիթով ցանկանում է հանդիպել նրանց հետ:
Հոսէյնին նաեւ պատգամաւորների հետ հանդիպմանը յիշել է Վատիկան եւ Էջմիածին կատարած իր այցերի մասին:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն ողջունելով հանդիպման կազմակերպման գաղափարը, հովանաւորել է համակարգի ընդհանուր քաղաքականութիւնը: Նշել է, որ մեր երկրում մահմեդականների եւ քրիստոնեաների դաշնութիւնը անքակտելի է, որի փաստը իրանահայ 134 նահատակներն են, որոնք իրենց կեանքի գնով պայքարել են յանուն հայրենիքի:
Անդրադառնալով՝ մահմեդականների եւ քրիստոնեաների միջեւ համերաշխութեան պահպանման կարեւորութեանը, նա նշել է. «Բոլոր ոլորտներում, որպէս քրիստոնեայ իրանցի, ցանկանում ենք տեսնել մեր սիրելի երկրի առաջընթացը, զարգացումը, եւ արժանապատիւ ապագան»: