Հա

Քաղաքական

03/01/2022 - 13:20

«Վիեննայի բանակցութիւնները մօտեցել է բովանդակութեան շուրջ քննարկումներին». Խաթիբզադէ

Միջուկային գործարքի վերաբերեալ Վիեննայի բանակցութիւնների որոշակի արդիւնքների արձանագրումը պայմանաւորւած է Արեւմուտքի դիրքորոշումների փոփոխութեամբ, այս մասին այսօր` յունւարի 3-ին, յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում՝ աւելացնելով, որ Արեւմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դէմ պատժամիջոցները, որովհետեւ նրանց մօտ հասունացել է իրատեսութեան որոշակի մակարդակը:

«alikonline.ir» - Միջուկային գործարքի վերաբերեալ Վիեննայի բանակցութիւնների որոշակի արդիւնքների արձանագրումը պայմանաւորւած է Արեւմուտքի դիրքորոշումների փոփոխութեամբ, այս մասին այսօր` յունւարի 3-ին, յայտնել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում՝ աւելացնելով, որ Արեւմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դէմ պատժամիջոցները, որովհետեւ նրանց մօտ հասունացել է իրատեսութեան որոշակի մակարդակ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Իր ելոյթի ընթացքում ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը գեներալ Սոլէյմանիի մահւան տարելիցին,  եւ գեներալի անգնահատելի աւանդին անդրադառնալով՝ նշել է, որ յանուն Ղասեմ Սոլէյմանիի անհրաժեշտ է անել ամէն ինչ՝ վերականգնելու արդարութիւնը՝ պատասխանատւութեան ենթարկելով գեներալի սպանութեան բոլոր մեղաւորներին:

Յառաջիկայ շաբաթւայ Իրանի արտաքին քաղաքական սպասւող զարգացումներին անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ այս շաբաթ նախատեսւած է Հանրապետութեան նախագահի այցը Մոսկւա, ու նախագահ Ռէյիսիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մոսկովեան այցելութեան ընթացքում երկու երկրների նախագահներն, ըստ Խաթիբզադէի՝ կը քննարկեն տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական վերջին զարգացումները, տնտեսական, հասարակական, քաղաքական եւ մշակութային ոլորտներին առնչւող եւ համագործակցութիւնների ընդլայնման թեմաներին վերաբերող օրակարգային հարցեր:

Մասնաւորապէս, քննարկումներ է ծաւալւելու Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցութեան պայմանագրի դրոյթների վերաբերեալ:

Անդրադառնալով Թալիբանի իշխանութիւնը ճանաչելու հարցի վերաբերեալ Իրանի որդեգրած քաղաքականութեանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ Իրանը չի ճանաչում Թալիբանի իշխանութիւնը, եւ ԱԳ նախարարութիւնը բազմիցս յայտնել է մեր երկրի քաղաքականութիւնը կապւած աֆղանստանեան ճգնաժամի յանգուցալուծման, ինչպէս նաեւ՝ Աֆղանստանում ներառական կառավարութեան ձեւաւորման գաղափարի վերաբերեալ:

«Աֆղանստանն Իրանի հարեւան երկրներից է, եւ այն ինչ Իրանը եւ միւս հարեւան երկրները կարեւորում են՝ այդ երկրում ներառական կառավարութեան ձեւաւորման գաղափարի իրականացումն է»,- յիշեցրել է նա՝ յաւելելով, որ Աֆղանստանի ապագան կախւած է այդ երկրի ժողովրդի կամքից:

«Մեր առաջարկած լուծումները ենթադրում են այնպիսի ուղիներ, որոնք չեն վնասի աֆղանցիներին եւ նրանք նւազագոյն վնասով կը յաղթահարեն ճգնաժամային այս փուլը եւ դա ներառական կառավարութեան ձեւաւորման միտքն է: Այն կարող է ապահովել ե՛ւ Իրանում ապաստարան գտած աֆղան միգրանտների, ե՛ւ աֆղանստանում գտնւող քաղաքացիների շահերը»,- նշել է նա՝ յաւելելով, որ հումանիտար հարցերի լուծումը Իրանի հիմնական պահանջներից է:

Ինչ վերաբերում է Միջուկային գործարքին առնչւող Վիեննայի բանակցութիւններին, ապա, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը նշել է, որ բանակցութիւնների որոշակի դրական արդիւնքների արձանագրումը պայմանաւորւած է Արեւմուտքի դիրքորոշման փոփոխութեամբ, իսկ բանագնաց կողմերն այսօրւանից սկսած մեկնարկում են՝ Գործարքի բովանդակային թեմաների վերաբերեալ քննարկումները:

Ի թիւս այլ հարցերի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է պատւաստանիւթերի ձեռքբերման ուղղութեամբ Իրանի դիւանագիտական ջանքերին՝ նշելով որ նոր խմբաքանակների ձեռքբերման ջանքերը շարունակւում են:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։