Հա

Քաղաքական

08/01/2022 - 13:40

Վիեննայի բանակցութիւնները դրական միտում են արձանագրում

Ներկայումս ընթանում է Միջուկային բանակցութիւնների ութերորդ փուլը, որն սկսւել է դեկտեմբերի 27-ին։ Բանակցութիւնները աւանդաբար ընթանում են Վիեննայի «Կոբուրգ» հիւրանոցում։ 

«alikonline.ir» - Ներկայումս ընթանում է Միջուկային բանակցութիւնների ութերորդ փուլը, որն սկսւել է դեկտեմբերի 27-ին։ Բանակցութիւնները աւանդաբար ընթանում են Վիեննայի «Կոբուրգ» հիւրանոցում։ 

Բանակցային գործընթացը դրական միտում է արձանագրում: Այդ մասին վկայում են ե՛ւ իրանցի դիւանագէտները, ե՛ւ բանակցութիւններին մասնակից միւս կողմերի ներկայացուցիչները:

Օրինակ, Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովն համոզւած է, որ այժմ Վիեննայի բանակցութիւններին մասնակից բոլոր կողմերը գիտեն, որ որոշակի առաջընթաց է արձանագրւել՝ համաձայնագրի վերականգման, եւ պատժամիջոցների չեղարկման ուղղութեամբ:

«Այնուամենայնիւ, կրկնակի ջանքեր են անհրաժեշտ նպատակի իրականացման ուղղութեամբ»,- իր թւիթերեան միկրոբլոգում գրել է Ուլեանովը:

Հետաքրքրական է, որ տւեալ, 8-րդ փուլի բանակցութիւնների դրական առաջընթացի վերաբերեալ, նաեւ յայտարարել են Ֆրանսիայի ԱԳ նախարարութիւնից:

Այդպէս է արձանագրել Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ժան Իւ Լէ Դորիանը՝ նշելով, որ Իրանի հետ Միջուկային բանակցութիւններին առաջընթաց է ձեռք բերւել, թէեւ, նա յաւելել է, որ ժամանակն աւելի ու աւելի քիչ է մնում:

«Ես առաջւայ պէս համոզւած եմ, որ մենք կարող ենք հասնել համաձայնութեան, բայց ժամանակն անցնում է»,- շեշտել է ֆրանսացի դիւանագէտը:

Մասնաւորապէս, բանակցային գործընթացը դրական են գնահատել իրանցիները, այդ թւում՝ գլխաւոր բանագնաց Ալի Բաղերի Քանին:

Իսկ նոյն ինքը՝ Բաղերի Քանին, Վիեննայում երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ է ունեցել քննարկումներին մասնակից եւրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատւիրակութիւնների ղեկավարների, ինչպէս նաեւ ԵՄ արտաքին քաղաքական ծառայութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Էնրիկէ Մորայի հետ:

Եւ, Մորան, սակայն, մասնակիցների հանդիպման մեկնարկին յաջորդած մամուլի ասուլիսում շեշտել է, որ բոլոր պատւիրակութիւնները հասկանում են, որ այդ բանակցութիւնները պէտք է աւարտւեն համեմատաբար ողջամիտ ժամկէտներում։

«Եթէ առաջիկայ օրերին եւ շաբաթներին քրտնաջան աշխատենք, պէտք է դրական արդիւնքի հասնենք։ Շատ դժւար կը լինի։ Բարդ քաղաքական որոշումներ պէտք է կայացւեն ինչպէս Թեհրանում, այնպէս էլ Վաշինգտոնում»,- նկատել է Մորան:

«Բոլոր պատւիրակութիւնները հասկանում են, որ այդ բանակցութիւնները պէտք է աւարտւեն համեմատաբար ողջամիտ ժամկէտներում։ Ես չէի ցանկանայ որոշակի շրջանակ սահմանել, բայց հաշւարկը գնում է շաբաթների, ոչ թէ ամիսների»,- ասել է ԵՄ դիւանագէտը:

8-րդ փուլն առանցքային է, յատկապէս այն առումով, որ մեր երկրի դիւանագէտները վկայում են, նախորդ փուլի համեմատութեամբ բանակցութիւններին մասնակցող երկրների միջեւ տարաձայնութիւնների պակսելու առնչութեամբ, իսկ հէնց նրանց խօսքով՝ քննարկումներն աւելի հարթ են ընթանում:

Յատկանշական է, նաեւ որ պաշտօնական Թեհրանը, կուռ դիրքորոշում է ընդունել Իրանի քաղաքացիների շահերի պաշտպանութեան սկզբունքի նկատմամբ՝ շարունակելով պնդել հակաիրանական պատժամիջոցների չեղարկման առնչութեամբ:

Աւելին, ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը «Ալ Ջազիրա»-ին իր տւած հարցազրոյցում կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ Թրամփի սահմանած պատժամիջոցները, յատկապէս այն պատժամիջոցները, որոնք հակասում են միջուկային համաձայնագրին:

ԱԳ նախարարը, նկատել է, որ Վիեննայի բանակցութիւնների ութերորդ փուլը քննարկումները դրել է ճիշտ ուղղու վրայ, եւ եթէ արեւմտեան կողմերը լուրջ մտադրութիւններ ունենան, ապա հնարաւոր է լաւ համաձայնութեան հասնել:

Նրա հաւաստիացմամբ, բանակցութիւնները արձանագրել են դրական եւ բնականոն ընթացք եւ, այդ մթնոլորտը պայմանաւորւած է իրանական կողմի ներկայացրած լուծումներով:

Վերջնական արդիւնքների վերաբերեալ խօսակցութեան ընթացքում նա հռետորական հարց է բարձրացրել՝ ասելով.«Արեւմտեան կողմերը պէտք է ասեն՝ արդեօք ունե՞ն բաւարար վճռակամութիւնը, եւ բարիացակամութիւնը՝ Գործարքի ձեռքբերման ուղղութեամբ, թէ՞ ոչ»:

Գործարքի դրական առաջընթացի յայտարարութիւնների ֆոնին՝ աչքի է ընկնում Իսրայէլի ակտիւութիւնը՝ բանակցային գործընթացի խափանկամը միտւած:

Վերջիվերջոյ, իրանական դիւանագիտական ներկայացուցիչները հաւաստիացնում են, որ բանակցութիւնները կարող են արդիւնքի հասնել այն դէպքում, երբ Միջուկային Գործաքի տապալման համար դադարեն մեղադրել Իրանին եւ չեղարկւեն հակաիրանական պատժամիջոցները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։