Հա

Քաղաքական

22/01/2022 - 12:58

Ռէյիսի-Պուտին հանդիպումը՝ հայ-թուրքական յարաբերութիւնների համատեքստում. հարցազրոյց իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնական այցը Ռուսաստան ամբողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում է:

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի պաշտօնական այցը Ռուսաստան ամբողջ աշխարհի ուշադրութեան կենտրոնում է: Թէեւ երկօրեայ պաշտօնական այցն աւաւրւեց հինգշաբթի օրը, սակայն աշխարհը շարունակում է քննարկել այն, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպէս նաեւ՝ Արեւմուտքը ջանքեր են գործադրում նւազեցել իրանա-ռուսական փոխգործակցութեան զարգացմանը միտւած քայլերի կարեւորութիւնը միջազգային իրադարձութիւնների, մասնաւորապէս՝ մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Հետաքրքրական է, որ սա Ռէյիսիի ոչ միայն առաջին այցն է Ռուսաստան, երկրի նախագահի պաշտօնը ստանձնելուց ի վեր, այլ, նաեւ, արտասահմանեան հազւադէպ այցերից մէկը։ Համավարակի պայմաններում Վլադիմիր Պուտինի պէս մեր երկրի նախագահն էլ է խուսափում դէմ առ դէմ հանդիպումներից, եւ պատահական չէ, որ նախագահները Կրեմլում բանակցում էին հսկայական ովալաձեւ սեղանի շուրջ՝ իրարից մի քանի մետր հեռաւորութեամբ նստած։

Փորձագէտների քննարկումների կիզակէտում է նաեւ Ռէյիսիի՝ Դումայում ունեցած ելոյթը, ընդհուպ նրա Կրեմլում կատարած աղօթքը, որի «խորքում» որոշ վերլուծաբաններ փորձել են գտնել ինչ-որ գաղտնի մեսիջներ: Օրինակ ասում են, որ դա վկայում է Իրանի՝ Ռուսաստանի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի եւ անկեղծութեան հիմքի վրայ կառուցւած յարաբերութիւնների մասին՝ յիշեցնելով, որ Կրեմլում նաեւ նամազ էր կատարել Գեներալ Ղասեմ Սոլէյմանին:

Իսկ նախագահներից յետոյ, ուշադրութեան կենտրոնում են եղել նաեւ երկու երկրների արտգործնախարարները, որոնք նոյնպէս քննարկել են ռուս-իրանական համագործակցութեան զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առանցքային համատեղ նախագծերի իրականացման վրայ։

Բացի այդ, այցը ներկայացւել է միջազգային մամուլում եւ լայն արձագանգ գտել, ինչպէս Իրանում այնպէս էլ աշխարհի տարբեր երկրներում:

Այդուհանդերձ, բանակցութիւնների ձեռքբերումների մասին ուսումնասիրութիւնները եւ քննարկումներն ըստ էութեան, դեռ երկար ժամանակ կը լինեն ոչ միայն մամուլի, այլ ամբողջ աշխարհի ուղեղային կենտրոնների, ստրատեգների ու փորձագէտների ուշադրութեան կենտրոնում, իսկ մենք եւս փորձեցինք թեմայի մասին աւելին պարզել՝ արեւելագէտ, իրանագէտ Արտեօմ Տօնոյեանի հետ ունեցած զրոյցի ընթացքում՝ հասկանալու համար ռուս-իրանական յարաբերութիւնների զարգացման ազդեցութիւնը տարբեր ասպեկտների վրայ: Արտեօմ Տօնոյեանի հետ զրոյցը սկսեցինք ՀՀ-ի վրայ ազդեցութեան հարցերի վերաբերեալ քննարկումներով, փորձեցինք պարզել նաեւ նախագահ Ռէյիսիի՝  ՆԱՏՕ-ի դէմ հնչեցրած մեղադրանքները հայ-թուրքական յարաբերութիւնների համատեքստում:

Իրանագէտի համոզմամբ՝ իրանա-ռուսական յարաբերութիւնների խորացումը կարող է խոստումնալից լինել Հայաստանի համար:

 

-Պարո՛ն Տօնոյեան, ռուս-իրանական յարաբերութիւնների զարգացումը կարո՞ղ է նոր հնարաւորութիւններ ընձեռնել Հայաստանին:

 

-Եթէ հաշւի առնենք Թուրքիայի օրըստօրէ մեծացող դերակատարումը Հարաւային Կովկասում, 44-օրեայ պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ այդ պետութեան ունեցած խիստ բացասական դերն այս տարածաշրջանում շարունակական խաղաղութեան ապահովման գործում, եւ նրա յարուցած տարատեսակ անվտանգային սպառնալիքների չէզոքացման առաջնային անհրաժեշտութիւնը, ապա ՌԴ-ԻԻՀ յարաբերութիւնների զարգացումը կարող է խոստումնալից լինել Հայաստանի համար մի քանի առումներով։ Դրանցից ամենակարեւորը, թերեւս, հէնց անվտանգային ասպեկտն է, քանի որ վերջին պատերազմը եւ դրանից յետոյ տեղի ունեցած զարգացումները ցոյց տւեցին, որ ՀՀ սահմանների անվտանգութեան ապահովման ընդհանուր  համակարգը կարիք ունի լրջագոյն վերանայումների եւ փոփոխութիւնների։ Թէ՛ վերջին պատերազմը, եւ թէ՛ 2021 թւականի սեպտեմբերին ՀՀ Սիւնիքի մարզի դէմ ծրագրւած թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի կանխարգելման հարցում Իրանի ակտիւ դերակատարութիւնը եւ սեփական զօրքերի տեղակայումը Արաքսի երկայնքով ապացուցեցին, որ ՀՀ նոր անվտանգային համակարգում Իրանին պիտի յատկացւի առանձնակի դեր եւ կարեւորութիւն, իսկ ՀՀ դաշնակից ՌԴ-ն պէտք է հաշւի նստի նոր իրողութիւնների հետ եւ ոչ միայն չխանգարի, այլեւ հնարաւորինս օգնի Իրանին՝ ներգրաււելու հարաւկովկասեան տարածաշրջանում ընթացող զարգացումներում։ Թուրքմենչայի պայմանագրով հաստատւած  ստատուս-քւօն այս տարածաշրջանում այլեւս չի գործում, իսկ Ադրբեջանում Թուրքիայի հաստատած ռազմական ներկայութեամբ Հարաւային Կովկասում ՌԴ դոմինանտ դիրքը դարձել է պատմութիւն եւ կանգ առել 2020 թւականի սեպտեմբերի 26-ի վրայ։

 

Իրանագէտի համոզմամբ՝ նման իրավիճակում Հայաստանի շահերից է բխում ՌԴ-ԻԻՀ յարաբերութիւնների զարգացումը, նոր ոլորտների ներառումը եւ յատկապէս անվտանգային ոլորտում դրանց խորացումը։ Կայ նաեւ տնտեսական համագործակցութեան խորացման կարեւորութիւնը եւ այստեղ էլ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, եւ ունենալով ցամաքային սահման Իրանի հետ, բնականաբար պէտք է շահագրգռւած լինի ՌԴ-ԻԻՀ տնտեսական յարաբերութիւնների զարգացմամբ նոյնպէս։

 

-Ասացիք, որ անհրաժեշտ է հաշւի առնել Թուրքիայի օրըստօրէ մեծացող դերակատարումը Հարաւային Կովկասում, իսկ նախագահ Ռէյիսին Ռուսաստանի Դումայում ունեցած իր ելոյթում ասել է, որ ՆԱՏՕ-ն տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ է ներթափանցում տարբեր պատրւակներով, քողարկւած։ Սպառնում է անկախ պետութիւններին՝ տարածելով Արեւմտեան մոդելը։ Նախագահի համոզմամբ, ապա նման վարքագիծն ի վերջոյ կը յանգեցնի փլուզման, ինչպէ՞ս կը դիտարկէք այս յայտարարութիւնը, մասնաւորապէս հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համատեքստում:

 

-Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման փորձը բնականաբար մաս է կազմում Ձեր նշած ՆԱՏՕ-ական քաղաքականութեան, եւ այս դէպքում փորձ է արւում դա անել թուրքական փափուկ ուժի քաղաքականութեամբ։ Եթէ Արցախի դէմ պատերազմում օգտագործւեց թուրքական, ասել է թէ ՆԱՏՕ-ական կոշտ ուժը, Թուրքիայի միջոցով Ադրբեջանին տրամադրւեց ե՛ւ զէնք, ե՛ւ զինամթերք, ե՛ւ բարձր սպայական կազմ՝ գործողութիւնների ծրագրաւորումն ու կառավարումը իրականացնելու համար, եւ բացի այդ՝ ի վերջոյ Թուրքիան միակ երկիրն էր, որ բացայայտ եւ անթաքոյց էր աջակցում Ադրբեջանին՝ այդ պետութեան առաջին դէմքերի կողմից (երկրի նախագահ, խորհրդարանի նախագահ, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարներ եւ այլք) արւող յայտարարութիւնների մակարդակով, ապա Հայաստանի դէպքում օգտագործւում է փափուկ ուժի եւ տնտեսական նւաճման քաղաքականութիւնը։ Նպատակ է դրւած նախ Հայաստանի տարածքը նւաճել տնտեսապէս, թուրքական կապիտալով, որից յետոյ գուցէ անգամ կարիք չլինի զէնքի ու զօրքի։ 

 

-Կրեմլում ռուսաստանցի պաշտօնակցի հետ հանդիպմանը նախագահ Ռէյիսին յիշեցրել է` Թեհրանը «40 տարի դիմադրել է Ամերիկային»` առաջարկելով այժմ էլ համատեղ դիմակայել Միացեալ Նահանգների գործողութիւններին։

Պարո՛ն Տօնոյեան, ի՞նչ էք կարծում, Թեհրան-Մոսկւա յարաբերութիւնների ապագայ զարգացումը կարո՞ղ է հետագայում ձեւաւորել համագործակցութեան նոր մոդել Մերձաւոր Արեւելքում:

 

-Թեհրանի եւ Մոսկւայի համար նորութիւն չէ համագործակցութիւնը Մերձաւոր Արեւելքում։ Կայ սիրիական փորձը, որը ցոյց է տւել, որ երկու պետութիւնները կարողացել են չափազանց բարդ իրավիճակում յաջող համագործակցել մերձաւորարեւելեան տարածաշրջանում եւ այդ համագործակցութեան շնորհիւ է նաեւ, որ Սիրիայում մասամբ յաղթահարւել է ճգնաժամը։

 

Իրանագէտի կարծիքով՝ համագործակցութեան նոր մոդելի մասին բարդ է այս պահին այլ բան ասել, բայց  նախկին փորձը թոյլ է տալիս չբացառել նման հնարաւորութիւնը։ Ըստ նրա՝ տեղին է այստեղ նաեւ յիշել նախագահ Ռէյիսիի՝ Մոսկւայում կատարած այն յայտարարութիւնը, որ ահաբեկչութեան դէմ պայքարի սիրիական փորձը ԻԻՀ-ն եւ ՌԴ-ն կարող են կիրառել նաեւ Հարաւային Կովկասում։

 

Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։