Հա

Քաղաքական

25/01/2022 - 13:20

«Սահմանների կայունութիւնն ու անփոփոխ լինելը տարածաշրջանի կայունութեան երաշխիքն է». Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ելոյթը՝ օրակարգից դուրս

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այսօր՝ երեքշաբթի, յունւարի 25-ին, խորհրդարանի օրակարգից դուրս ելոյթով հանդէս եկաւ, որտեղ նշելով որ՝ թէեւ իրանահայ պատգամաւոր է, անուամենայնիւ ծառայում է Իրանի ողջ ժողովրդին եւ փորձելու է բարձրաձայնել ժողովրդի կենցաղին վերաբերող որոշ խնդիրները:

«ԱԼԻՔ» - Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այսօր՝ երեքշաբթի, յունւարի 25-ին, խորհրդարանի օրակարգից դուրս ելոյթով հանդէս եկաւ, որտեղ նշելով որ՝ թէեւ իրանահայ պատգամաւոր է, անուամենայնիւ ծառայում է Իրանի ողջ ժողովրդին եւ փորձելու է բարձրաձայնել ժողովրդի կենցաղին վերաբերող որոշ խնդիրները:

Արա Շահվերդեանն իր ելոյթում կարեւորելով Եւրասիական գօտու եւ հարեւան պետութիւննների հետ համագործակցութեան վերաբերեալ կառուցողական մօտեցումները այդ հարցում կարեւորեց միջազգայնօրէն ճանաչւած սահմանների անվիճարկելիութիւնը, ինչում մեծ դեր ունի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս տարածաշրջանային կարեւոր խաղացող եւ երաշխաւորող կողմ:

Պատգամաւորը նաեւ անդրադարձաւ տնտեսական բարեփոխումների իրականացւելիք ծրագրերին, որը կոչւած է ժողովրդի կենցաղային խնդիրների լուծմանն ու բարեկեցութեանը, նշելով, որ հարկային հարցերում անզգուշութիւնն ու չհաշւարկած քայլերից կարող է տուժել արդիւնաբերութիւնն ու բնականաբար, Իրանի սիրելի ժողովրդի կենցաղը, ինչի գծով իմ պարտքն եմ համարում ասել, որ նման քայլերը հնարաւոր կը լինի իրականացնել, երբ միւս խնդիրներն, այդ թւում՝ պատժամիջոցնների հարցը մասամբ հանգուցալուծւած լինեն:

Արա Շահվերդեանն անդրադարձել է նաեւ գեներալ Սոլէյմանիի թողած աւանդին, ով առանց դաւանանքի խտրականութեամբ աջակցութեան էր հասնում բռնութեանը զոհ գնացողներին, յատկապէս, երբ ծաւալապաշտական մօտեցումներով ուժերն էին տարածաշրջանի անվտանգութիւնը խաթարում: Նա խօսեց նաեւ բիւջէի հաստատման գործընթացի մասին, որտեղ կարեւորեց Ուսումնադաստիարակչութեան եւ Սպորտի ու երիտասարդութեան նախարարութիւնների առաքելութեան կարեւորութիւնը, որոնց աշխատանքները չպէտք է ընդհատւի կամ տուժի նիւթական պատճառներով:

Յատկանշական է, որ մինչեւ լուրը կազմելու պահը, խորհրդարանի Արդիւնաբերութեան յանձնաժողովի պատգամաւորների բարձրացրած հարցադրմանը պատասխանող ելոյթով խորհրդարան էր ներկայացել Իրանի Արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար դոկտ. Ֆաթեմին: Նախարարը հիմնականում պատասխանել է աւտոարդիւնաբերութեան ոլորտում աշխատող իրանական երկու խոշոր ընկերութիւնների գործունէութեան վերաբերեալ հարցերին:

Նախարարը խոստացաւ երկու ամսւայ ընթացքում տեղեկացնել երկու խոշոր՝ «Սայփա» եւ «Իրանխոդրօ» ընկերութիւնները մասնաւոր սեկտորին սեփականաշնորհելու գործընթացի մեկնարկի եւ ձեւաչափի մասին:

Քննարկւել են տեղական արտադրութեան աւտոմեքենաների որակի, գների բարձրացման եւ տեխսպասարկման բացակայութեան, կամ անորակութեան մասին հարցեր:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։