Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, այսօր փետրւարի 8-ին, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանութեան մի խումբ հրամանատարների եւ անձնակազմի անդամների հետ:
«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, այսօր փետրւարի 8-ին, հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանութեան մի խումբ հրամանատարների եւ անձնակազմի անդամների հետ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Այաթ. Սէյէդ Ալի Խամենէին իր խօսքերում կարեւորել է կորոնավիրուսի դէմ պայքարի ուղղութեամբ բժիշկների եւ բժշկական համակարգի սահմանած ընթացակարգերին հետեւելը, նշել է, որ ինքն ստացել է պատւաստման 3-րդ դեղաչափը, եւ բոլոր քաղաքացիներին յորդորել է անպայման պատւաստւել կորոնավիրուսի բոլոր դեղաչափերով:
«Մեր սիրելի ժողովրդին խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել, եւ լսել այս ոլորտի մասնագէտներին ու փորձագէտներին, կատարել այն, ինչ նրանք համարում են տեղին եւ անհրաժեշտ»,- նշել է նա:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր ելոյթի ընթացքում ի թիւս այլ հարցերի, անդրադարձել է բահմանի 19-ի պատմական միջադէպերի կարեւորութեանը՝ նշելով, որ այդ օրն երիտասարդութիւնը, եւ ժողովուրդը վերանորոգեցին եւ վերահաստատեցին իրենց ուխտն ու հաւատարմութիւնը հանգուցեալ Էմամ Խոմէյնիի արժեհամակարգի հետ: Այդ օրը, մասնաւորապէս ռազմաօդային ուժերն իրենց կամքով եւ վճռակամութեամբ ջախջախեցին թագաւորական ռեժիմի մնացորդները:
Այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի խօսքով, ԱՄՆ-ն իր գործելաոճը շարունակելով հարւածներ կը ստանայ այնտեղից, որն երբեք չի հաշւարկել, եւ այսօր ԱՄՆ-ի երկու նախագահները՝ նախկին նախագահն ու ներկայ նախագահը, ձեռք ձեռքի են տւել՝ արատաւորելու Միացեալ Նահանգների իմիջը: