Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ մայիսի 18-ին, հանդիպել է Կուբայի վարչապետ Ռիկարդօ Կապրիսասի հե:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ մայիսի 18-ին, հանդիպել է Կուբայի վարչապետ Ռիկարդօ Կապրիսասի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանրապետութեան նախագահը ռազմավարական մակարդակի է որակել Թեհրանի եւ Հաւանայի միջեւ կապերի խորացման կարեւորութիւնը, եւ յաւելել է, որ անհրաժեշտ է իրացնել տարբեր ոլորտների ներուժը առեւտրական, տնտեսական, գիւղատնտեսական, առողջապահական եւ բժշկական յարաբերութիւնների խորացման նպատակով:
Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկկողմ կառուցողական յարաբերութիւնների մթնոլորտը կարող է ընդլայնել միջազգային ասպարէզում համագործակցութիւնների ծաւալման հնարաւորութիւնները:
Հանրապետութեան նախագահը գոհունակութիւն է յայտնել Իրանի եւ Կուբայի միջեւ համատեղ տնտեսական յանձնաժողովի նիստի կայացումը եւ շեշտել է, որ մասնաւորապէս՝ առողջապահական ոլորտի համագործակցութիւնները կարող են նպաստել երկու երկրների ինքնաբաւութեան մակարդակի բարձրացմանը եւ արտադրութեան աճին:
Նախագահ Ռէյիսին նաեւ կարեւորել է լատին ամերիկեան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումը՝ ընդգծելով, որ այն ապահովում է զարգացման անհրաժեշտ նախադրեալները:
Կուբայի վարչապետն էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել նախագահ Ռէյիսիին հիւրընկալութեան համար, եւ յայտնել է իր երկրի պատրաստակամութիւնը Իրանի հետ տնտեսական, առեւտրական եւ այլ ոլորտների յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:
Նա նաեւ բարձր է գնահատել երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակը, նշելով, որ անհրաժեշտ է ընդլայնել կապերը՝ նպաստելով լատին ամերիկեան երկրների հետ յարաբերութիւնների խորացմանը: