Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ կիրակի, մայիսի 29-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Առաջին Հանրապետութեան 104-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ կիրակի, մայիսի 29-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն:
Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. պատարագի ընթացքում եւԴրօշի օրհնութեան արարողութիւնից յետոյ, որը մէկտեղւեց Դպրաց դասի կողմից «Մեր Հայրենիք» օրհներգի կատարմամբ Սրբազան Հայրը քարոզեց:
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրը անդրադառնալով ազատութեան իմաստին, ընդգծեց, որ ազատութիւնը մարդկութեանը տրւած երկնատուր պարգեւ եւ մարդկային կեանքի ամենաթանկ իրականութիւնն է եւ այդ իրականութեամբ ժողովուրդը եւ մարդ արարածը գործում, ապրում ու ստեղծագործում է: Սրբազան Հայրը նշեց, որ մեր հայրերը իրենց ողջ պատմութեան ընթացքում միշտ գործել, ապրել ու պայքարել են յանուն ազատութեան եւ ազատութեան տենչով եւ մեր ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքում, միշտ պայքարի դրօշը վեր բարձրացրած ընթացել է իր ճամբով, որովհետեւ ազատութիւնը մարդու ինքնուրոյնութիւնը բնորոշող իրականութիւն է: Թեմակալ առաջնորդը իր քարոզի այլ բաժնում նշեց, որ այսօր համայն աշխարհի հայութիւնը կրօնական ու ազգային միջոցառումներով ոգեկոչում է Հայաստանի անկախութեան տօնը եւ այդպիսով ցանկանում է նոր սերնդին կտակել, որ մեր ժողովուրդը ազատութեան հիմքը դրեց իր արեամբ ու ոչ ոք իրաւունք չունի այդ ազատութիւնը խլել մեզանից, մենք պարտաւոր ենք մեր նոր սերունդներին փոխանցել Արամ Մանուկեանների, Դրօների եւ սերունդների կտակը, որպէսզի նրանք իմանալով, ճանաչելով եւ սովորելով՝ դառնան հայրենասէրներ եւ տէրը լինեն մեր պատմութեանը:
Ս. պատարագի աւարտին Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում, Սարդարապատում եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած հայ նահատակների հոգու խաղաղութեան համար: Արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտ. Վիգէն Բաղումեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Վահիկ Աղաքեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ խորհրդի անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հայրենակիցներ: Կրօնական արարողութեան աւարտին Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր ընդունելութիւն ազգայինի առաջնորդարանի դահլիճում: